×


Սեւով՝ Կիրակոսյանի «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային. անսպասելի պահանջներ՝ ռեժիսորից եւ հաղթահարված փորձություններ

Մեծ էկրան է բարձրացել ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Սեւազգեստ կանայք» ֆիլմը։ Սեւ հագած հյուրերը կարմիր գորգով անցան եւ առաջին ցուցադրությանը մասնակցեցին սեպտեմբերի 15-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում։ BRAVO.am-ը եւս ներկա է եղել պրեմիերային եւ առանձնացրել է հետաքրքիր դրվագները:

«Սեւազգեստ կանայք» ֆիլմի իրադարձությունները ծավալվում են հոգեհանգստի ժամանակ, որին, բացի ընտանիքի անդամներից ու հարազատներից, ներկայանում են նաեւ հանգուցյալի սիրուհիները։ Սեւ հումորի հիմքով ֆիլմի տրամադրությունը փոխանցելու համար կինոթատրոնի միջանցքում տեղադրվել էր մեծահարուստ հանգուցյալի նկարը, ցուցադրվում էին նաեւ հերոսուհիների կերպարային հագուստները։

Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը


Ֆիլմում նկարահանվել են Լուիզա Ներսիսյանը, Իվետա Մուկուչյանը, Դիանա Մալենկոն, Գրիգոր Դանիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ռոզի Ավետիսովան, Արտյոմ Մարկոսյանը, Ելենա Վարդանյանը, Ռոմելա Սարգսյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ այլք։

«Մեծ պատմություն փոքր քաղաքում» կատակերգությունը դիտողները կփաստեն՝ ռեժիսորի համար «բնավորություն» է դարձել նկարահանման հրապարակում թաղման արարողություն բեմադրելը: Խոսելով նոր ֆիլմի մտահղացման մասին՝ Գոռ Կիրակոսյանը նշեց, որ գաղափարը 5-6 տարի առաջ իրեն առաջարկել է Դավիթ Բաբախանյանը:


«Նա ներկայացրեց ֆիլմի ողնաշարը՝ գլխավոր միտքը, իսկ Աշոտ Աբրահամյանի հետ գրեցինք սցենարն 2018 թվականին, երբ «Ազնիվ գողեր»-ն էր նկարահանվում։ Ֆիլմը ոչ թե մահվան մասին է, այլ՝ ապրելու: Ինչ վերաբերում է դավաճանությունների թեմային, սա կատակերգություն է եւ այս ժանրում նման զարգացումները նորմալ են»,- ասաց նա։

Հանգուցյալի դերում հանդես եկող Արտյոմ Մարկոսյանը խոստովանեց, որ սցենարը կարդալիս առաջին հարցը հետեւյալն է եղել․ «Արդյոք չե՞նք արդարացնում դավաճանությունը, բայց ֆիլմի վերջում հերոսի խոսքն ուղղված դստերը փակում է այս թեման։ Նա ասում է՝ գտիր կյանքում քո միակ սիրուն։ Բացի այդ, սա կատակերգություն է։ Այս ֆիլմում ես առաջին անգամ էի մեռնում. կերպարը սազել էր։ Սկզբում մի քիչ դժվար էր մահացած լինել, զարզանդելու պահ կար, բայց շատ կարճ տեւեց»։


Ռեժիսորը դերասաններից շատերին դեռ սցենարը գրելիս է մտքում ունեցել, իսկ ոմանց հասցրել է «տանջել» քասթինգների ժամանակ։ Իվետա Մուկուչյանի հետ Կիրակոսյանը ծանոթացել է 2020-ին՝ համերգային շրջագայության ընթացքում, երբ քովիդի պատճառով բոլորը ստիպված երկու օր մնացել են նավի վրա։ Հենց այնտեղ նրան առաջարկել է դեր, իսկ հետո՝ քասթինգի ժամանակ, առաջին իսկ բառից հասկացել՝ կերպարն Իվետայինն է։


Ռուսական կրթություն ունեցող Ելենա Վարդանյանը ոչ միայն մասնագիտական հմտությունների քասթինգ է ստիպված եղել անցնել, այլեւ՝ հայոց լեզվի։ Նա երկրորդ քասթինգին արդեն ներկայացել է տեքստերն անգիր արած. «Հենց սկզբից հասկացա, որ ուզում եմ այդ դերը: Քասթինգին Գոռն իմ հայերենից սրտի կաթված էր արդեն ստանում, բայց պնդեցի, ասացի՝ սա իմ դերն է, ես եմ խաղալու։ Ռուսերեն տառերով հայերեն գրել ու պատրաստվել էի»։


Ամենաանսովոր ձեւով ընտրվել է Դիանա Մալենկոն․ ռեժիսորն առաջնորդվել է արտաքինի համապատասխանությամբ. «Երբ առավոտյան ծրագիր էի վարում, Գոռը հյուր էր եկել ու ամբողջ ընթացքում շատ տարօրինակ էր նայում ինձ։ Այնքան ակնհայտ ուսումնասիրում էր, որ ենթադրում էի՝ կերպարի համար է, քանի որ ամեն դեպում նորմալ չէր պահվածքը։ Հետո երբ զանգեց, առաջարկեց դերը, ամեն ինչ իր տեղն ընկավ»։


Ռոմելան կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ իրեն խաբել են. «Քասթինգից առաջ չէին ասել, որ կերպարս այդքան համարձակ է լինելու։ Ասել էին՝ պարելու եմ, բայց չէին հստակեցրել, որ փոլ-դենս։ Ռեժիսորի հետ զրուցելուց հետո միայն համաձայնեցի: Երկու ամիս պարի եմ գնացել, որ կարողանամ ներկայանալ այդ կերպարում»։


Պատասխանելով BRAVO.am-ի հարցին՝ եթե ֆիլմը նորից նկարահանվեր, արդյոք ռեժիսորը նորից այս կազմը կհավաքեր ու նույնությամբ կնկարահաներ, Գոռ Կիրակոսյանը պատասխանեց. «Ստեղծագործողները կփաստեն՝ հաճախ է լինում, երբ սցենար ես գրում, հետո գաիս ես տաղավար ու սկսում այն փոփոխել՝ դարձնելով, քո կարծիքով, ավելի լավը։ Հետո սկսում ես մոնտաժել ու հասկանում, որ կարող էիր այլ ձեւ նկարել կամ ավելի երկար պահել կադրը։ Ընդհանուր առմամբ՝ գոհ եմ, նաեւ՝ դերասանների իմ ընտրությունից. նրանք բոլորը կատարել են իմ ուզածը»։


Գլխավոր պրոդյուսերը Կարո Կիրակոսյանն է։ Ֆիլմը նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին կցուցադրվի նաեւ եվրոպական երկրներում եւ Միացյալ Նահանգներում։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW