Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր գործունեությունը կշարունակի Երեւանում: Այս մասին հայտնել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նա BRAVO.am-ն ասել է, որ այսօր հանդիպել է թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանի հետ, որոշել են մեկ շաբաթվա ընթացքում ճշտել, թե դերասաններից ովքեր են հաստատվել Երեւանում:
«Ցուցակները ճշտելուց հետո կլծվենք աշխատանքի: Պատրաստ ենք Թատերական միության դահլիճը տրամադրել նրանց: Նույնիսկ ասացին, որ 2 ներկայացում՝ «Հրեշը լուսնի վրա» եւ «Գիշատիչների խնջույքը», կարող են խաղալ այնտեղ»,- նշել է Ղազանչյանը:
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը
Հոկտեմբերի 17-ին Ստեփանակերտի թատրոնը հյուրախաղերով մեկնելու է Միացյալ Նահանգներ: Քանի որ ռեկվիզիտի ու հագուստների հետ կապված խնդիրներ ունի, այդ հարցում կօգնի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը:
«Ամեն ինչ կանենք, որ թատրոնը նույն անունով շարունակի գործել, կմիջնորդենք նրան պետական կարգավիճակ կամ էլ Թատերական գործիչների միության հովանու ներքո իր աշխատանքներն իրականացնելու հնարավորություն տալ»,- հավելել է Ղազանչյանը:
«Գիշատիչների խնջույքը» ներկայացումը
Նա հույս ունի՝ թատրոն ունեցող մյուս քաղաքներում հաստատվելու դեպքում եւս արցախցի դերասաններն աշխատելու հնարավորություն կստանան:
Թատերական գործիչների միության նախագահի հետ անդրադարձել ենք նաեւ Արցախի բռնի տեղահանմամբ պայմանավորված մի շարք թատրոններում ներկայացումների հետաձգման փաստին:
«Ներկայացումները չկայացան, քանի որ դերասանները խաղալու սիրտ չունեին. թատրոնը կենդանի արվեստ է, ու մեր շուրջը կատարվող ամեն ինչ անմիջական ազդեցություն է ունենում: Զոհերի առկայությունը եւ ճնշված հոգեկան վիճակը հաշվի առնելով է նաեւ, որ որոշվեց ներկայացումները հետաձգել, բայց ժամանակն է նորից բեմ բարձրանալ»,- ավելացրել է Ղազանչյանը:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Փափազյանի անվան թատրոնի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: