×


Էչեբարիա. «Մենք՝ երաժիշտներս, չենք կարող լուծումներ առաջարկել, բայց երաժշտությունը կարող է համախմբել ու ապրելու ուժ տալ»

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի Երեւանյան 15-րդ միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Իսպանիայի ազգային օրվան նվիրված համերգ, որի կապակցությամբ Երեւան է ժամանել իսպանացի դիրիժոր Դիեգո Մարտին Էչեբարիան:

Դիեգո Մարտին Էչեբարիան եւ համերգի մենակատարը՝ դաշնակահար Հայկ Մելիքյանը, համերգից առաջ ուսանողների հետ զրույց-հանդիպում ունեցան «Զանգակ» գրատանը:

Դիրիժոր Դիեգո Մարտին Էչեբարիան


Հարցին, թե արդյո՞ք Հայաստան գալուց մաեստրո Էչեբարիային չէր անհանգստացնում երկրում տիրող իրավիճակը, նա պատասխանեց, որ ինքը Բասկերի երկրից է եւ մեծացել է, մեղմ ասած, ոչ այդքան անվտանգ միջավայրում. «1959 թ.-ից մեզ մոտ տասնամյակներ ձգվող զինված հակամարտություն էր ընթանում ահաբեկչական խմբավորումների եւ կառավարության միջեւ, դեռեւս հինգ տարի առաջ, եթե փողոցում դրած մի տուփ կամ փաթեթ հանդիպեիր, չէիր կարող ոտքով հրել, քանի որ այն կարող էր պայթուցիկ լինել...»:

Դիրիժորը նաեւ հավելեց, որ այդ ողջ ընթացքում իրենց մշակութային կյանքը չի կանգնել եւ միշտ այցելել են անվանի երաժիշտներ, նվագախմբեր, ինչը շատ կարեւոր է. «Մենք՝ երաժիշտներս, չենք կարող լուծումներ տալ, բայց երաժշտությունը կարող է համախմբել ու ապրելու ուժ տալ: Ուրախ եմ, որ հիմա Հայաստանում եմ ու կարող եմ մի քիչ կենարար էներգիա փոխանցել մարդկանց»:

Հոկտեմբերի 12-ին հնչելու են Իսպանիայի հետ սերտ առնչություն ունեցող եւ իսպանացի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Գաբրիել Ֆորեի «Պավանը», Մորիս Ռավելի «Իսպանական ռապսոդիան», Խոաքին Տուրինայի «Ֆանտաստիկական պարերը» եւ Մանուել դե Ֆայայի «Եռանկյունի գլխարկը» սյուիտ թիվ 2-ը:

Դաշնակահար Հայկ Մելիքյանը


Դաշնակահար Հայկ Մելիքյանը կկատարի Մանուել դե Ֆայայի «Գիշերները Իսպանիայի այգիներում» նոկտյուրնների սյուիտը՝ գրված դաշնամուրի եւ նվագախմբի համար: Դաշնակահարն ասաց, որ այս անսահման գեղեցիկ ստեղծագործությունն առաջին անգամ կատարել է երկու տարի առաջ. «Այն ժամանակ ամեն ինչ նոր էր ինձ համար, հիմա այն ավելի հասուն կերպով եմ ընկալում եւ շատ ուրախ եմ, որ առիթ ունեմ ներկայացնել իսպանացի դիրիժորի հետ. սա իր ազգային երաժշտությունն է, եւ ամբողջովին վստահելու եմ նրա առաջնորդությանը»:

Հայկ Մելիքյանն ավելացրեց, որ միշտ մեծ հուզմունքով ու պատասխանատվությամբ է ներկայացնում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն օտար երկրում եւ պատկերացնում է, թե ինչ զգացողություններ ունի իսպանացի դիրիժորը, որը Հայաստանում ներկայացնելու է իր ազգային երաժշտությունը:


Ի դեպ, ազգային կոմպոզիտորներին անդրադառնալով՝ մաեստրո Էչեբարիան նշեց, որ որպես դիրիժոր՝ իր առաջին հոնորարը ստացել է՝ ղեկավարելով Արամ Խաչատրյանի վալսը «Դիմակահանդես»-ի համար գրված սյուիտից, իսկ համավարակի ժամանակ առիթ է ընձեռվել ղեկավարել Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը, որն իրեն շատ հոգեհարազատ է եւ ուղղակի ցնցված է այդ երաժշտությունից հորդող հզոր էներգիայից:

Համերգն իրականացվում է ՀՀ-ում Իսպանիայի դեսպանության աջակցությամբ եւ Primavera Foundation of Armenia-ի հետ համագործակցությամբ:

Տեքստը՝ Աստղիկ Դալլաքյանի
Լուսանկարները՝ Դավիթ Ջոթյանի եւ Մարիա Վարդանովայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW