×


«80 տարի սիրեցի Հայաստանը եւ չհագեցա իմ երկրից». մոլեգին ոգեշնչումով իր գործին նվիրված Սոս Սարգսյանը

«Ամենակարեւորն այն է, որ պայմանները մարդուն չփոխեն, ու կարողանա ամեն պարագայում մնալ այն, ինչ ինքը կա»՝ այսպես է կարծել ու ողջ կյանքի ընթացքում այդ սկզբունքին հավատարիմ մնացել Հայաստանի ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Վարպետի տարեդարձի առթիվ BRAVO.am-ը հավաքել է նրա ուշագրավ կյանքից մի քանի դրվագ ու կարեւոր մտքերը:

Մանկությունն ու ոտնամանները

Սոսիկը, ինչպես նրան անվանում էին մտերիմները, ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Ստեփանավանում: Հողագործ Արտաշեսի 7 երեխաներից ավագն էր, որը բազմակողմանի ունակություններ եւ տաղանդ ուներ՝ սահնակ էր սարքում, աղավնիներ պահում, երգեր կատարում ու լավ արտասանում:

«1942 թվականին հորս տարան ռազմաճակատ։ Յոթ երեխայի տեր մարդուն... Մեծը ես եմ՝ 12,5 տարեկան, ոսկրոտ-մոսկրոտ, բարակ վզով, վեր ձգած լակոտ եմ, ի վերջո։ Մնացածները՝ քույր, եղբայր, մանրապճեղ բաներ են, հազիվ են հասնում երկարաբոյ հորս ծնկներին։ Հայրս քարացել էր տեղում, սեւեռված նայում էր իմ ոտքերին։ Հնամաշ ոտնամանիս քթից բութ մատիս ծայրը դուրս էր ցցվել, շատ չէ, էնքան, որ եղունգս էր անձրեւից փայլում ուրախ-ուրախ»,- իր «Ոտնամաններս» գրքում գրել է Սարգսյանը։


Այդ տխուր, բայց նաեւ իրեն հատուկ հումորով լի փոքրիկ ստեղծագործությունում նկարագրել է, թե որքան դժվար է եղել իր համար Լոռվա՝ համարյա միշտ անձրեւոտ օրերին դիմանալ առանց նորմալ կոշիկների։ Դրա համար էլ նրան երբեք չեն թողել թաց ոտքերով անցկացրած մանկության հուշերը.

«Պատերազմ է, բնական է, որ ամեն ինչի պակասություն կա՝ ուտելիքի, հագնելիքի, տաքության... Ու ես ոտնաման չունեմ։ Իրականում, մի ամբողջ պատերազմ ու հետո էլ իմ ոտքերը թաց էին։ Էս մեր ժամանակներում ինձ ո՞վ կհասկանա, հիմա ո՞վ է բոբիկ որ... Մայրիկիս գործած գուլպաները` տաք ու փափուկ, հագնում էի, վրայից թերթ-մերթ  փաթաթում։ Միամիտ տղա, մինչեւ դուրս գալն էր երանություն։ Դպրոց չհասած` ոտներս արդեն ջրի մեջ ճպճպում էին»։

Դերասան դառնալու ուղին

Դեռ 10 տարեկանում, երբեք չլինելով թատրոնում, Սարգսյանը պիես է գրել ու այն բեմադրել տան նկուղում: Զրույցներից մեկում խոստովանել է, որ դերասան է դարձել, քանի որ չափից շատ ամաչկոտ էր։


Նրա բարձր հասակը, սլացիկ կազմվածքը, խոսուն աչքերը, հաճելի ձայնն ու արտահայտիչ շարժուձեւը հենց այն էին, ինչ պետք էր դերասանին, բայց Սարգսյանն ուներ նաեւ ամենակարեւորը՝ ներքին կրակ ու բնատուր տաղանդ: Բավական է տեսնել նրա մարմնավորած կերպարներն ու միանգամից համոզվում ենք՝ իսկական արտիստ էր, կերպարանափոխման ու հուզելու մեծագույն վարպետ։

Բայց մինչ մեծ բեմում ու հեռուստաէկրաններին հայտնվելը, նախ առաջին քայլերը կատարեց Ստեփանավանի թատրոնում, որտեղ կարճ ժամանակում հասցրեց իր մասին խոսելու բազմաթիվ առիթներ տալ։

17 տարեկանում Սարգսյանը տեղափոխվեց Երեւան՝ Տիգրան Շամիրխանյանն ու Հրաչյա Ղափլանյանը նրան հրավիրեցին Պատանի հանդիսատեսի թատրոն: Դրանից 2 տարի անց ընդունվեց Գեղարվեստաթատերական ինստիտուտ եւ սովորեց Վարդան Աճեմյանի արվեստանոցում: Մի առիթով Սարգսյանը պատմել է, որ հենց Աճեմյանի շնորհիվ է այդքան սիրել ու սովորել գեղեցիկ հայերենը:

2 տարվա ընթացքում ավարտեց ուսումն ու կարողացավ բավական շատ հիշվող դերեր մարմնավորել. Սունդուկյանի բեմում «Բաղնըսի բոխչա¬»-ի Ա¬ղա¬լոյի կերպարը հավանեց ու գովեց անձամբ Ավետիք Իսահակյանը, որը Աճեմյանի բեմադրած ներկայացումների մեծ սիրահար էր։


Թատրոնը

37 տարի (1954-1991) Սոս Սարգսյանն աշխատեց Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Սակայն մինչեւ 1964 թվականը հիմնականում աննշան դերերով էր բավարարվում, մինչեւ որ Աճեմյանի բեմադրած «Ռոմեո եւ Ջուլիետ»-ում փայլուն կերպով խաղաց Տիբալտին։

Սունդուկյանում հայտնի կերպարներից էին Ջավադը՝ «Նամուս»-ում, Զիմզիմովը՝ «Պեպո»-ում, Դոն Քիշոտը եւ Ձոն արքան՝ համանուն ստեղծագործություններում, Յագոն՝ «Օթելլո»-ում, Մացակ Ավագյանը՝ «Հացավան»-ում, թեեւ մեծ դերասանի մասնակցությամբ ամեն ներկայացում էլ մեծ հետք է թողել հանդիսատեսի հիշողություններում:

«Ինձ համար դերասանը սկսվում է թատրոնում։ Եթե թատրոնում նա արժեք ունի ու արդեն հաստատվել է, ուրեմն՝ կինոյի դերա¬սան էլ է։ Եվ աշխարհում կինոյի մեծ դերասաննե¬րը թատրոնի ծնունդ են»,- անկեղծացել է նա։

1991 թվականին, երբ երկիրը ծանր օրեր էր ապրում, Սարգսյանին հաջողվեց իր համախոհների հետ ստեղծել Համազգային թատրոնը։ Այն իր առաջին փորձերն ու աշխատանքներն իրականացրեց Գրողների միության շենքում։ Ո՛չ ցուրտը (ընդամենը մեկ վառարանով էին տաքանում), ո՛չ նյութական դժվարությունները չկոտրեցին թատրոնի այդ նվիրյալներին, որոնց ջանքերի ու նվիրված աշխատանքի շնորհիվ ծնվեց եւ մեր օրեր հասավ համազգային թատրոնը։ Այն մեծ ասելիքով եւ առանձնացող ներկայացումներով է աչքի ընկնում ու հպարտությամբ կրում Սոս Սարգսյանի անունը։


Կինոն

Սոս Սարգսյանն այն քիչ դերասաններից է, որն անմոռանալի ու հիշվող դերակատարումներ է ունեցել ինչպես թատրոնում, այնպես էլ՝ կինոյում։ Նկարահանվել է 40-ից ավելի գեղարվեստական ֆիլմում։

«Եթե կինոն ազգային չի, հայոց հողից չի բուսնում, արմատներն ազգային չեն, ինձ համար հետաքրքիր չէ, ինչ դեր էլ ուզում է լինի: Արվեստը նախ եւ առաջ ժողովրդի համար է»,- համարել է դերասանը։

«Ծառը, որ ծառ ա, անձրեւ ա ուզում, արեւ ա ուզում, զով քամի ա ուզում, ծաղկիլ ա ուզում, ազատություն ա ուզում» («Խնձորի այգին»), «Թողիր քո էրգիր, Միրո, ո՞ւմ թողիր, խենթացած Գլակի՞ն թողիր, անտեր շներին թողիր, ո՞ւմ թողիր քո էրգիր, Միրո, շներին թողիր» («Ձորի Միրոն»), «Աշխարհն էլ որ քանդվի, հայերը Մուշ, Կարս, Վան բառերը չեն մոռանա» («Նահապետ»), «Որ քեզ կանչում են, ինչո՞ւ չես բարեհաճում ժամանել, ընկեր մինիստր, թե՞ սպասում էիր ետեւիցդ ինքնաթիռ ուղարկեն» («Մենք ենք, մեր սարերը»), «Մե խոսքով՝ նստում էինք, թե վեր էինք կենում, պառկում ինք, թե ման ինք գալի, ծիծաղում ինք, թե լալիս ինք, դիփ խաբում ինք, խաբում ինք ու խաբում: Մենք էլ դիփ խաբված ինք ու խաբած ինք» («Խաթաբալա»), «Մակիչն ու Զանին հրեն կտերը կանգնած, քու ճամփեն են պահըմ, Գիքոր, խոսա է, խոսա, Գիքոր ջան» («Գիքոր»), «Ես Շեքսպիրի «Օթելլոն» եմ տեսել Վան քաղաքում՝ Վահրամ Փափազյանի կատարմամբ: Օ, պատվարժան Հովհաննես, այդպիսի բան այլեւս կյանքումս չտեսա: Ինչպիսի հրաշք» («Եռանկյունի»)՝ սրանք Սարգսյանի հայտնի կինոհերոսների մտքերից մի քանիսն են միայն, որոնք անչափ մնայուն ու արժեքավոր են նաեւ հիմա:


Դերասանի մարդկային ու մասնագիտական որակների մասին առավել դիպուկ ու ճիշտ բնութագրել է ռեժիսոր Հենրիկ Մալյանը, նրանք միասին աշխատել են  «Եռանկյունի», «Նահապետը», «Մենք ենք, մեր սարերը», «Նվագախմբի տղաները» ֆիլմերում։

«Երկխոսություն երրորդի համար» գրքում Մալյանը պատմել է, որ Սարգսյանի հետ «Նահապետը» ֆիլմի ստեղծման ընթացքում սովորականից ավելի հաճախ էին հանդիպում՝ սիրում էին միասին երկար զրուցել ու լռել։

«Մեր բոլոր ուրախություններն ու տխրությունները նույն ակունքներն ունեին, երբ մեզ զայրացնում էր միեւնույն երեւույթը, երբ մենք նույն ախն էինք քաշում Արարատին նայելիս, նույն հրճվանքն էինք ապրում «Արարատ» ֆուտբոլային թիմի հաղթանակից… Անհրաժեշտ էր ուղղակի Սարգսյան-Նահապետին շրջապատել ճշմարիտ աշխարհով` ճշմարիտ լինեին Նուբարը, Անթառամը, ճշմարիտ լինեին գործողության վայրը, զգեստները, ռեկվիզիտը, հողը, կրակը, ծառը, շիվը: Սոս Սարգսյան դերասանն անհանդուրժող է ցանկացած մեծության ստի առաջ: Նա չգիտի՝ ինչպես է այդ ստեղծվում»,- գրել է Մալյանը:


Այդպես էլ պարբերաբար հանդիպելով՝ գրեթե միեւնույն պահին հայտնաբերել են, որ Նահապետը՝ «չնայած անմարդկային ողբերգական իր վիճակին, քայլելու է ձիգ մի կեցվածքով, արագ տեմպով եւ դեմքի խաղաղ արտահայտությամբ». «Անշտապ տեմպը, խաղաղ ռիթմը լոկ թվացող, ներքին վիճակը քողարկող միջոցներ են, որոնց Սոս Սարգսյանն անգերազանցելիորեն տիրապետում է: «Նահապետը» ֆիլմում Սոս Սարգսյանն աշխատեց մոլեգին մի ոգեշնչումով, նվիրաբերվեց` ինչպես մարտիկը հայրենիքի համար`վճռական պահին»:

Վերջին զրույցը

Սոս Սարգսյանը մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին՝ 83 տարեկանում: Դրանից մի քանի օր առաջ լրագրող Նաիրա Փայտյանը զրուցել է դերասանի հետ, ինչի հիման վրա էլ «Օրդֆիլմ» ընկերությունը պատրաստել է «Սոս Սարգսյան. ինքն իր հետ…» ֆիլմը, որում նա խոսել է հայ ժողովրդի, երկրի անկախության, Թումանյանի հետ ունեցած ընդհանրության ու ինքն իր մասին։


Դերասանն առանձնացրել է հայերի լավ կողմերն ու զարմացել, թե ինչու են առաջին պլանում հայտնվել աննշան մարդիկ.

«Չեմ կարող ասել, թե մեր ժողովուրդը վատն է, գոհարներ ունենք՝ բժիշկների, դասատուների, դերասանների, գիտնականների մեջ նայեք, ընտիր մարդիկ կան, բայց ինչո՞ւ չեն դրանք ազդում մթնոլորտի վրա։ Ինչպե՞ս եղավ, որ կիսագրագետ, կիսադաստիարակ ու ոչ ազնիվ մարդիկ ջրի երես թռան, կարգադրում են եւ ստեղծում մթնոլորտը»։

Նրա կարծիքով՝ դա շտկելու համար պետք է ոտքի կանգնեն մտավորականները, սակայն մյուս կողմից էլ խոստովանել է, որ «մտավորականություն էլ չունենք». «Մեծ մասը գնաց, մյուս մասը մահացավ, համարյա իսկական մտավորականություն՝ դասական, ինտելիգենցիա, չունենք»։

Սարգսյանը հասկանում էր, որ առաջին հերթին հայ ժողովուրդը պետք է առողջանա հոգով, մտքով ու ֆիզիկապես։


Ապա որպես լոռեցի, խոսել է իր վրա Հովհաննես Թումանյանի ազդեցության մասին. «Ես Թումանյանի ճուտն եմ: Թումանյանը կարող էր ինչքան որ գրել է, տասն անգամ ավելի գրեր, բայց այդ մարդը չէր կարող անտարբեր մնալ` զբաղված էր փախստականով, հիվանդով, ծերով, կարիքավորով։ Ես էլ նրա ձագն եմ, այդ տեսակ եմ, ես ի՞նչ անեմ։ Եթե նրա իմաստնության մի տոկոսն ունենամ, գոհ սրտով կգնամ էս աշխարհից։ Հայ մտավորականը չի կարող ազատ ստեղծագործել, ինչպես Փարիզի ստեղծագործողը, Բելգիայի, Ռուսաստանի։ Հայ մտավորականի ուսերին միշտ մի բեռ կա»։

Սարգսյանն անկեղծացել է, որ երբեմն ձեռքը տանում է հեռախոսին, որպեսզի Ֆրունզիկ Մկրտչյանին զանգահարի. «Ցնցվում եմ, Ֆրունզիկը չկա, Խորիկը չկա, Մետաքսյան, իմ սիրելի ընկերները չկան, եթե գոնե մեկնումեկը լիներ։ Խոսելու, ասելու, լսելու բան կար, հիմա էդ զրուցակիցները չկան։ Բոլորն ամեն բան գիտեն, ինչ ասում ես՝ պատասխանում են՝ գիտեմ։ Սոսկալի բան է ինձ համար, չեմ կարող չշփվել մարդկանց հետ։ Բոլորը գնացին»։


Խոհերը

Իմ ժողովուրդը սիրում է ինձ, մի քիչ շատ, բայց սիրում է:

Գիտեմ, որ պետք եմ իմ ազգին, այս ազգի մեծերից մեկն էլ ես եմ։ Փոքր ազգը պետք է մեծ մարդիկ ունենա:

Մենք մի երգ չունենք, որի բառերը բոլորս իմանանք, մի էրկու բառ գիտենք սկզբից, մի էրկու բառ էլ՝ վերջից: Այ, եթե գա էն օրը, որ մենք՝ հայերս, ձեռք ձեռքի բռնած երգենք, մեզ էլ ոչ ոք չի հաղթի:

Ես անընդհատ կարոտում եմ Հայաստանը, չեմ կշտանում։ 80 տարի սիրեցի Հայաստանը եւ չհագեցա, չկշտացա իմ երկրից։

Արցախը ձեզ համար տարածք է, մեզ համար՝ սուրբ հայրենիք։

Անկախացումից հետո պետք է կարողանայի մի ինչ-որ տեղ հող գնել եւ զբաղվել անասնապահությամբ: Գյուղացու տղա եմ, ամեն ինչ գիտեմ գյուղի եւ անասունի հետ կապված: Ափսոս, որ չարեցի:

Կյանքում ոչինչ անհետ ու անհետեւանք չի անցնում։ Եթե մի օր ծառ ես տնկել, տարիներ հետո ինչ-որ մեկը պիտի նստի նրա շվաքին։ Իսկ թե մի օր մի տեղ մի ճյուղ ես կոտրել, աշխարհի երեսից մի բուռ շվաք, մի քիչ սոսափ կպակասի ու կխաթարվի տիեզերքի հավասարակշռությունը։


Մշակույթն ու գրականությունն են ազգի հասցեն։

Ինչ-որ մի ժամանակ մարդն ուզեց ինքն իրեն ճանաչել ու հորինեց թատրոնը: Թատրոնը հեքիաթ է, բայց հեքիաթում պատմողին լսող է պետք։

Այնուամենայնիվ, թատրոնը կիրթ մարդկանց գործ է։

Թատրոնը հավիտենական երեւույթ է, ինձ թվում է՝ մարդկությունը թատրոնից ավելի լավ բան չի ստեղծել։

Դերասանի արվեստը շախմատ է, անսահման տարբերակներ կան, անվերջանալի։

Դերասանությունը մի զարմանահրաշ, աստվածային մասնագիտություն է։ Դերասանը միակ անձն է հասարակության մեջ, որ մի օր զորավար է, մի օր թագավոր է, մյուս օրը ստրուկ է, դավաճան է, հերոս է, սիրահար է։ Մարդն ի վերջո ինչո՞ւ է գալիս թատրոն, որ ինչ-որ չափով ինքն էլ հաղորդակից լինի եւ այդ հերոսությանը, եւ անսահման սիրուն, եւ մարդկային բարությանը։ Եվ մարդու հոգին լցվում է, հոգին էլ, ըստ երեւույթին, ունի իր առանձին խցերը, դատարկ խուց մարդու հոգում չպիտի մնա։ Սա է թատրոնի իմաստը։


Ես դերասան եմ՝ հավեսի համար եմ խաղում, հավեսի համար բեմադրություններ անում, հավեսի համար շախմատ խաղում։ Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս՝ ինչ որ անում եք, հավեսով արեք, մեծ հավեսով, ու մի բան դուրս կգա։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW