×


«Գիտեի՝ ինչ է սպասվում, բայց համարձակվեցի իրագործել»․ Իննա Խոջամիրյան

Արդեն մեկ շաբաթ է՝ հեռուստադիտողը հետեւում է «Hotel Grand 3» սերիալի զարգացումներին: Պրոդյուսեր, դերասանուհի Իննա Խոջամիրյանը BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ այս եթերաշրջանով կեզրափակեն նախագիծը:

Նախորդ եթերաշրջանը պատմում էր հյուրանոցի անձնակազմի ներքին կյանքի մասին, իսկ այս եթերաշրջանն ավելի ծավալուն է այն իմաստով, որ հյուրանոցի եզրագծերից դուրս են եկել:


Սեփականատերը, ով ուզում է մեծացնել հյուրանոցը, աչք է դրել մոտակայքի ամենահարմար տարածքի վրա, որը պատկանում է Առնոյին՝ սերիալի հերոսներից մեկին. վերջինս ոչ մի կերպ չի ուզում վաճառել իր հողը, որտեղ սեր կա, պատմություն, արժանապատվություն ու պայքար։

Որպես պրոդյուսեր՝ սա իմ առաջին նախագիծն է: Եթե չիմանաս, թե ինչ գործ է ու սկսես՝ անգրագիտություն է: Բայց երբ պատկերացում ունես ու, այնուամենայնիվ, համարձակվում ես, մեծ, անգնահատելի փորձ է: Աներեւակայելի բարդ գործ է, առավել եւս, երբ նախագիծը սկսելիս դու ես, մտքերդ եւ բառացիորեն 0 բյուջե։ Նախ պիտի կարողանաս այնպիսի բյուջե ձեւավորել, որ ի վիճակի լինես որակյալ նախագիծ ստեղծել, հետո որակով թիմ հավաքել, ղեկավարել, ամեն մանրուքի համար պատասխանատու լինել, աշխատել գիշեր-ցերեկ, անդադար: Շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին, որոնք անվերապահորեն վստահեցին ինձ շուրջ 3 եթերաշրջան:


Որպես դերասան՝ այնքան բացահայտումներ եմ արել, նաեւ՝ դերասանների մասին: Դա մի առանձին երկար պատմություն է, մի ուրիշ հարմար առիթով կպատմեմ։

Նկարահանումները 18 օր տեւեցին․ Միակ մեծ բարդությունը եղանակն էր, քանի որ նկարահանումների ճնշող մեծամասնությունը դրսում էին. մասնավորապես, Ամբերդում եղանակը ստուգել, կանխատեսել չի կարելի. մեկ արեւը վառում է այնքան, որ չենք կարող նկարել, 10 րոպե հետո ուժեղ անձրեւ է գալիս: Մնացած առումներով շատ հանդարտ ու կազմակերպված էինք։


Դերասանական կազմում փոփոխությունների համար ընտրեցինք էքսպերիմենտի ճանապարհը․ Նազելի Հովհաննիսյանն ու Խորեն Լեւոնյանը վաղուց միասին եթերում չէին եղել, այս ժանրում էլ նրանց չենք տեսել։ Կարծում եմ՝ լավ մտահղացում է։ Շատ եմ սիրել ու հավանել, հուսամ՝ հեռուստադիտողը եւս։

Մարդկանց անկեղծ ու օբյեկտիվ կարծիքը ոգեւորում է: Շատուշատ զանգեր եմ ստացել նաեւ ոլորտի մասնագետներից՝ ճիշտ նկատառումներ, խորհուրդներ, գովասանքի սիրուն խոսքեր: Այս ամենը մոտիվացնում է մարտական տրամադրությամբ շարունակել բռնած գործը։

Տեքստը՝ Մերի Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Իննա Խոջամիրյանը


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW