Աննա Հարությունյանը ֆիլմ է նկարահանում Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետաքրքիր սպորտային կարիերայի մասին:
«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Ավդալյանին կմարմնավորի հենց Հարությունյանը, որը BRAVO.am-ին պատմել է ստեղծագործական ընթացքի, ծանր մարզումների եւ սպորտում հաջողության հասնելու ճանապարհին չհանձնվելու կարեւորության մասին:
Նա խոստովանել է, որ մեկ տարի առաջ է անսպասելի մտահղացել ներկայացնել Ավդալյանի անցած ուղին:
«Ավդալյանի կանացի կերպարն ինձ համար միշտ է ոգեշնչման աղբյուր եղել, իսկ նրա մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը շատ հանկարծակի եղավ: Մարզասրահում սովորականի պես պարապում էի, երբ մեջքս ցավեցրի, եւ առաջին միտքը տուն գնալն էր: Միանգամից մտածեցի, թե ինչ գնով են մեր մարզիկները հասնում հաջողությունների, եւ գլխումս պայթեց Ավդալյանի անունը: Հասկացա՝ նրա անցած ուղին ֆիլմի տեսքով պիտի ամրագրվի պատմության մեջ»,- պատմել է Հարությունյանը:
Նազիկ Ավդալյանը եւ Աննա Հարությունյանը
Նրա խոսքով՝ Ավդալյանն իրեն միշտ տպավորել է ուժի եւ կանացիության համադրության շնորհիվ ու կարողացել է ծանրամարտի մասին շատ կարծրատիպեր կոտրել: Խոստովանել է, որ Ավդալյանի հետ ծանոթության առաջին իսկ պահից համաձայնել են միասին պատվով անցնել սպասվող ճանապարհը:
«Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա եւ, իհարկե, պատմությունը հանդիսատեսին փոխանցվելու է արվեստի լեզվով: Ներկայացվելու է 2009-2016 թթ. ընկած ժամանակահատվածը, որը ներառում է Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո չարաբաստիկ վթարը, սպորտը ստիպված թողնելը եւ անհավանական վերադարձը, երբ հաջողվեց Եվրոպայի առաջնությունում կրկնակի չեմպիոն հռչակվել»,- նշել է դերասանուհին:
Նա անկեղծացել է, որ ծանրամարտի տեխնիկային տիրապետելուց հետո կյանքում ոչինչ բարդ չի թվում, դրա համար էլ այդքան դժվար չէ լինել ֆիլմի ռեժիսորն ու խաղալ գլխավոր դերում. «Սպորտն իմ կյանքում միշտ եղել է, սակայն Նազիկի գլխավորությամբ սկսել եմ մարզվել նախորդ տարվա դեկտեմբերի 17-ից ու շարունակում եմ մինչ հիմա: Սկզբից էլ գիտակցում էի, որ ծանրամարտը խաղ ու պար չէ եւ արդյունքի հասնելու համար պիտի ամեն օր մարզվեմ: Սկզբում ամենօրյա մարզումներն իսկապես դաժան էին, ցավերը ոչ միայն չէին դադարում, այլ օրեցօր ավելանում էին, սակայն ինչպես Նազիկի հերոսուհին է ֆիլմում ասում. «Օր ցավին նայենք, հեչ բան բդի չէնենք»: Եթե ուզում ես ունենալ մի բան, ինչ չես ունեցել, պիտի անես այն, ինչ երբեւէ չես արել: Նպատակին հասնելու համար անձնուրաց նվիրում է պետք, երկաթե կարգապահություն, անկոտրում կամք եւ հավատ սեփական ուժերին»:
Նազիկ Ավդալյանը եւ Աննա Հարությունյանը
Հարությունյանը կարծում է, որ կյանքում ամենասարսափելին ափսոսանքի զգացումն է, ուստի ինչ էլ լինի, պետք է կանգ չառնել, եւ անհավանականը հավանական կդառնա: Պարզապես պետք է իմանալ, որ հաջողությունը վախի մյուս կողմում է:
«Մեդալի հակառակ կողմ»-ի նկարահանումները սկսվել են հոկտեմբերի 29-ին եւ շարունակվելու են մինչեւ գարուն: «Ֆիլմի ժանրը սպորտային դրամա-կենսագրություն է եւ իր մեջ ներառում է տարվա բոլոր եղանակները: Մանրակրկիտ աշխատում ենք յուրաքանչյուր տեսարանի վրա, հուսանք`ամեն բան պլանավորածի պես կլինի»,- ավելացրել է նա:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Աննա Հարությունյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: