Հյուրընկալվելով Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարին՝ Հրաչ Քեշիշյանը խոսել է իր ստեղծագործական մոտեցումների, կոնֆլիկտների, ընկերների, ընտանեկան ներդաշնակության իրենց բանաձեւի մասին։ Հաղորդավարի հարցին, թե ինչպես է, ռեժիսորը պատասխանել է. «Կա շատ ծանր զգացողություն, որ ամեն ինչ կիսատ է, ամեն ինչ կորցնում ենք, ամեն ինչ պղտոր է, մշուշոտ եւ անհասկանալի»:
Դիտարկմանը, թե իրեն քննադատում են տարբեր նախագծերում նույն դերասաններին ներգրավելու համար, Քեշիշյանն այսպես է արձագանքել.«Այդ հարցն ունի հստակ եւ կարճ պատասխան՝ լավ եմ անում։ Իմ ֆիլմը չէ՞, ես եմ որոշում՝ ոնց եմ անում։ Այդ ո՞ր դերասանն է, որ կար, ու ես իրեն չեմ նկատել»:
Գործընկերների հետ երկարատեւ աշխատանքի մասին խոսելիս, իհարկե, ռեժիսորն անդրադարձել է իր եւ Հայկոյի համագործակցությանը, որ տարիների հետ փոխակերպվել է մտերմության։ Քեշիշյանն ասում է՝ մի ընտանիքի պես էին, շփումն ամենօրյա էր, ամենժամյա.«Եթե ժամանակի մեքենա լիներ, ու ես հնարավորություն ունենայի տեսնելու, թե ինչ է լինելու 2020, 2021 թվականներին, միգուցե կարողանայի ինչ-որ բան ավելի անել, գուցե կարողանայի այդ պահին նրան ստիպել, որ ավելի շուտ գնար հիվանդանոց։ Ցավոք, երբեք չենք ենթադրում, որ եթե այսօր չխոսեցինք մեր ընկերոջ հետ՝ մտածելով, որ վաղը կխոսենք կամ երկու օր հետո, գուցե հենց այդ օրն ինչ-որ դժբախտություն պատահի։ Այնքան գործ ունեինք իրար հետ անելու։ Իմ ամենամարդկանցից մեկն է, որովհետեւ ես չեմ կարողանում ասել, որ Հայկոն իմ կյանքում պակասել է»։
Խոսելով իր եւ կնոջ՝ Լուսինե Սահակովայի ամուսնության ու իրենց կառուցած երջանիկ հարաբերությունների մասին՝ ռեժիսորն ասում է՝ գաղտնիքը միմյանց լրացնելն ու հասկանալն է. «Եթե Լյուսյան չլինի այնպիսին, ինչպիսին կա, գուցե այդ ներդաշնակությունը չստացվի։ Մենք իրար հետ կենցաղ ենք կիսում արդեն 26 տարի, իսկ դա քիչ չէ։ Ֆանտաստիկ բան է, երբ մարդիկ կարողանում են այդքան երկար ու սիրուն իրար հետ ապրել»,- անկեղծորեն նկատել է նա։
Դիտարկմանը, թե երկարամյա աշխատանքի ընթացքում հնարավոր չի եղել խուսափել նաեւ կոնֆլիկտներից, եւ այդ առումով ամենաաղմկահարույցը Ֆելիքս Խաչատրյանի հետ վեճն էր, Հրաչ Քեշիշյանը ժպիտով է հիշում այդ միջադեպը․ «Սովորական աշխատանքային իրավիճակ էր, ուղղակի այդ պահին շոու-բիզնեսում ոչինչ չէր կատարվում, դա դարձավ այդպիսի սկանդալ։ Ավելի աղմկահարույց բաներ էլ են եղել, որոնց մասին ոչ ոք չի իմացել։ Որեւէ խնդիր չի եղել դրանից հետո, մենք էլի իրար հետ խոսել ենք, աշխատել»։
Անդրադառնալով խոսակցություններին, որ կոնֆլիկտը նույնիսկ բռունցքների է հասել, ռեժիսորն ասել է. «Նման մի բան եղել էր, հա, բայց ոչ այդպես բռունցքներով (ժպտում է,- հեղ․): Բայց դա չի նշանակում, որ դրանով կյանքն ավարտվում է, կամ հարաբերությունները վերջանում են։ Չէ, կյանքում տեղի են ունենում ավելի բարդ ու դաժան բաներ։ Ֆելոյի պատմությունն ի վերջո ինձ համար լիքը բաներ բացահայտեց ուրիշ մարդկանց առումով, դա շատ սիրուն դաս էր ե՛ւ ինձ համար, ե՛ւ Ֆելոյի։ Իսկ Շատ հին պատմություն է, աշխատանքադիմահարդարասենյակային կռիվ էր, անցավ, գնաց»։
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: