Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը երեկ մեծ ու յուրօրինակ ֆլեշմոբ իրականացրեց «Դալմա Գարդեն Մոլ»-ում։ Անսպասելի դուրս գալով մոլի տարբեր խանութներից՝ մոտ 80 երաժիշտ հավաքվեց առաջին հարկի սրահում եւ դիրիժոր, նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ սկսեց նվագել Մորիս Ռավելի «Բոլեռո»-ն։
Իսպանական ռիթմերը տարածվեցին ողջ սրահում եւ մարդկանց ստիպեցին արագորեն հավաքվել իրադարձության կենտրոնում՝ ներքեւի ու վերեւի հարկերից ունկնդրելով հայտնի ստեղծագործությունը նվագախմբի կատարմամբ։
Դիրիժոր Էդուարդ Թոփչյանը
Իհարկե, սա ոչ միայն նախատոնական անակնկալ էր երեւանցիների ու քաղաքի հյուրերի համար, այլեւ դասական երաժշտության տարածման գեղեցիկ ակցիա։ Էդուարդ Թոփչյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ օրն էլ պատահական չէին ընտրել․ «սեւ ուրբաթի» շրջանակում սովորականից ավելի շատ մարդ էր լինելու առեւտրի կենտրոնում:
«Ճիշտն ասած՝ այս միտքը վաղուց ունեի, մտածում էի՝ երբ, ինչպես կարելի է իրականացնել։ Բայց երբ «Դալմա»-ից ստացանք առաջարկը, իսկ մենք վերջերս հիանալի համագործակցում ենք, սիրով ընդառաջ գնացինք ու որոշեցինք այսօր «Բոլեռո»-ն նվագել։ Գլխավոր նպատակն, իհարկե, մարդկանց լավ տրամադրություն պարգեւելն էր, եւ կարծում եմ՝ ստացվեց մեր անակնկալը։ Քանի որ ֆլեշմոբն իր կանոններն ունի ու պետք է կարճ տեւի, դրա համար մենք 16 րոպեանոց գործը դարձրել էինք 9 րոպե, որպեսզի մարդիկ մի պահ հավաքվեին, միանային ակցիային ու հետո էլի շարունակեին իրենց գործերը»,- պատմեց երաժիշտը։
Թոփչյանից հետաքրքրվեցինք, թե փորձերն ինչպես են իրականացրել։ Ասաց՝ մոլում միայն մեկ փորձ են ունեցել՝ նախորդ օրը երեկոյան, երբ տարածքում արդեն մարդիկ չկային․ «Ունենք հիանալի ռեժիսոր՝ Արամ Սուքիասյանը, որը շատ լավ ռեժիսոր լինելուց բացի, նաեւ շատ կապված է դասական երաժշտության հետ եւ միշտ ոչ օրդինար ու վառ մտքեր է ունենում։ Երբ այս գաղափարը եղավ, անմիջապես դիմեցինք նրան, եւ նա էլ կազմակերպեց, թե ով որտեղից պիտի գա եւ այլն»։
Ինչ վերաբերում է ընտրված ստեղծագործությանը, Ռավելի «Բոլեռո»-ն նվագախմբային երկացանկի ամենասիրված ու տարածում գտած գործերից մեկն է: Գրվել է 1928թ.-ին, հնչում է ֆիլմերում, թատերական ներկայացումներում, բալետային բեմադրություններում։ 1979թ.-ին հնչելով ամերիկյան ռոմանտիկ-կատակերգական «10» ֆիլմում՝ աննախադեպ տարածում գտավ։ Զանգվածային վաճառքը 1 միլիոն դոլարի հոնորար բերեց եւ կայծակնային կերպով Ռավելին դարձրեց ամենավաճառվող դասական կոմպոզիտորը։ Էդուարդ Թոփչյանի խոսքով՝ այս գործը շատ հարմար է նաեւ ֆլեշմոբին կատարելու համար, քանի որ սկսվում է մեկ մարդուց, ապա միանում են մյուս երաժիշտները։ Հենց դրա համար էլ երկար չեն տատանվել ընտրության հարցում, երբ որոշել են՝ ինչ նվագել։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
View this post on Instagram
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: