×


Անի Քրիստին՝ ամուսնու, նորածին դստեր եւ 30 տարվա բաժանումից հետո ծնողների հանդիպման մասին

Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին հյուրընկալվել է Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդաշարին եւ անկեղծ խոսել մայրանալու, ամուսնու հետ հարաբերությունների, երկար տարիներ անց ծնողների հանդիպման եւ այլ թեմաների շուրջ։

Մայրանալու ցանկության մասին

Միշտ սիրել եմ ընտանիքը, բայց շատ լուրջ եմ վերաբերվել այդ հարցին։ Մայրանալու մասին սկսել եմ երազել վերջին երկու տարում, որովհետեւ համարել եմ՝ իմ ամուսինն այն մարդն է, որից կցանկանամ բալիկ ունենալ։ Դրանից առաջ ոչ թե չեմ ուզել մայրանալ, այլ ուղղակի ճիշտ մարդ չեմ գտել իմ կյանքում, որ կուզեի՝ իմ բալիկի պապան լիներ։

«Եվս մի հղիություն եղավ, որն ուղղակի ընդհատվեց»

Հետաքրքիր մի բան ասեմ, որովհետեւ կարող է լինեն մարդիկ՝ իմ խոսքը մի փոքր օգնի իրենց։ Իմ բալիկից առաջ ունեցա եւս մեկ հղիություն, որն ուղղակի ընդհատվեց, իսկ պատճառը չհասկացանք։ Երեխայի սիրտը կանգնել էր։ Իհարկե, փոքր էր հղիությունս, բայց այդպես եղավ։ Հետո ինձ ախտորոշեցին արյան խտացում, որի մասին մարդը կարող է չիմանալ նախքան հղիությունը։ Փառք Տիրոջը, վերջապես գտա խնդրի լուծումը, եւ բալիկս լույս աշխարհ է եկել։

«Ամուսինս համեստ մարդ է»

Անկեղծ ասած՝ երկար տեւեց։ Մենք հինգ տարի հանդիպել ենք, ապրել միասին եւ միայն վերջին երկու տարում է, որ մտածել եմ երեխա ունենալու մասին։ Որովհետեւ մենք շատ բարդ փուլեր ենք ունեցել, երկուսս էլ անհատականություն ենք, մեր «բզիկներն» ունենք, իսկ իմ համոզմամբ՝ երեխան պիտի խաղաղ ընտանիքում ծնվի։ Եվ իմ բալիկը ծնվեց այն ժամանակ, երբ այդ խաղաղությունը եկավ մեր տուն։ Ամուսինս շատ համեստ մարդ է այդ առումով. մեր տանը խոսակցություն չի եղել, թե բա ե՞րբ ես ուզում երեխա ունենանք։ Ասել է, որ շատ է ուզում պապա դառնալ, բայց շատ զուսպ է եղել այդ հարցում։

«Հայրս ու մայրս չէին հանդիպել 30 տարի»

Պապայիս շատ երկար տարիներ չէի տեսել, մամայիս էլ երկար ժամանակ չէի տեսել։ Կարծեմ 15 տարեկան էի, որ վերջին անգամ տեսա մամայիս, նա մեկնեց, որովհետեւ մորաքույրս առողջական խնդիրներ ուներ, եւ մամաս անպայման պիտի օգներ բալիկին խնամելու հարցում։ Դրա մասին մենք հետո իմացանք։ Բայց չէ՞ որ դա կյանքիդ որակի վրա ազդում է, հատկապես եթե էմոցիոնալ մարդ ես։ Մորս ու եղբորս մեկնելուց երկու ամիս անց պիտի նրանց միանայի, բայց իմ կյանքում շրջադարձային փոփոխություն եղավ. մասնակցեցի «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխությանը, դարձա «Տարվա լավագույն կատարող», մի խոսքով՝ սկսվեց իմ կյանքի այդ էտապը։ Հիշում եմ, որ ուղղակի չուզեցի մեկնել, մտածեցի՝ դե, լավ, մենք հետո կմիանանք։ Ո՛չ հորս, ո՛չ մորս չեմ մեղադրում, հիմա այդպես է ստացվել, ի՞նչ կարող եմ անել։ Մեր ընտանիքում միշտ ամեն ինչ շատ խորհրդանշական է եղել։ Հայրս ու մայրս չէին հանդիպել 30 տարի ու հանդիպեցին, երբ Էվաս ծնվեց։ Հրաշք է, շատ լավ է։

«Երջանիկ եմ, ավելի խաղաղ»

Շատ լավ եմ ինձ զգում, չունեմ այդ մտահոգությունը, որ օ՜, չեմ երգում, կամ էլ նախանձեմ գործընկերներիս։ Չէ, պարզապես մի ներքին հանգստություն կա, որ կգա մի օր՝ ես դա կանեմ։ Այսօր երջանիկ եմ, ավելի խաղաղ։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW