×


«Միսս Ֆրանսիա» մրցույթի հաղթողը քննադատության է արժանացել սանրվածքի պատճառով

«Միսս Ֆրանսիա» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել 20-ամյա Եվա Ժիլը: Թագը ստանալուց հետո նրա ուրախությունը երկար չի տեւել, քանի որ քննադատությունների մեծ ալիք է բարձրացել, իսկ պատճառը գեղեցկուհու պիքսի սանրվածքն է:

Ժիլը տասնամյակների պատմություն ունեցող մրցույթի միակ հաղթողն է, որը երկար մազեր չունի:


«Մենք սովոր ենք գեղեցիկ համարել միայն երկար մազերով կանանց, բայց ես ընտրել եմ այս սանրվածքը: Բազմազանության կողմնակից եմ, ոչ ոք չպետք է թելադրի, թե ինչպիսին լինես: Յուրաքանչյուր կին բացառիկ է»,- հայտնել է նա:

Ֆրանսիայում գեղեցկության մրցույթի հաղթողը որոշվում է հանրային քվեարկության եւ ժյուրիի ընտրության արդյունքում: Հեռուստադիտողների քվեարկությունից հետո նա 3-րդն է եղել, որոշիչ է եղել ժյուրիի խոսքը:


Հաղթանակից հետո Ժիլի հասցեին տարատեսակ քննադատություններ են հնչել. ««Միսս Ֆրանսիա»-ն էլ գեղեցկության մրցույթ չէ», «Նա նման չէ «Միսս Ֆրանսիա»-ի», «Այս սանրվածքը մրցույթում տարօրինակ է դիտվում»:

Իրավիճակն այնքան է թեժացել, որ քաղաքական ու հասարակական գործիչներ են ստիպված եղել միջամտել: «2023 թվականին Ֆրանսիայում կանանց նկատմամբ հարգանքի չափը որոշում ենք մազերի երկարությա՞մբ»,- զայրացել է պատգամավորներից մեկը:


Ժիլը մաթեմատիկա եւ ինֆորմատիկա է սովորում Լիլի համալսարանում: Նա խոստովանել է, որ գեղեցկության մրցույթին մասնակցել նրան ոգեշնչել է պապիկը:

«Կուզեի ցույց տալ, որ մրցույթը, ինչպես եւ հասարակությունը, զարգանում է: Իմ կարծիքով՝ գեղեցկությունը չի սահմանափակվում սանրվածքով կամ մարմնի չափերով: Ուզում եմ կարծրատիպեր կոտրել»,- շեշտել է հաղթողը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW