×


«Միսս Տիեզերք» մրցույթում առաջին անգամ մայր է հաղթել

Պուերտոռիկացի մոդել Ջենիֆեր Բարետոն հաղթել է իր հայրենիքում անցկացված «Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային 75-րդ մրցույթում։ 27-ամյա Բարետոն դարձել է Պուերտո Ռիկոյի վեցերորդ ներկայացուցիչը, որը նվաճել է այս տիտղոսը 20 տարվա ընդմիջումից հետո: 

Ջենիֆերը մրցույթի պատմության մեջ առաջին մայրն է, որը նվաճել է «Միսս Տիեզերք» տիտղոսը, հայտնում է People.com-ը: Նա նաեւ առաջին ամուսնացած կինն է, որը հաղթել է մրցույթում։ 2023 թվականից կազմակերպիչները փոխել են կանոնները՝ թույլատրելով ամուսնացած եւ երեխաներ ունեցող կանանց մասնակցությունը։



Հաղթանակի մասին հայտարարելու պահին Ջենիֆերը չի կարողացել զսպել արցունքները։ Անցյալ տարվա հաղթողը՝ Մեքսիկայի ներկայացուցիչ Ֆատիմա Բոշը, նրան է փոխանցել 3150 ադամանդով զարդարված թագը, որը պատրաստվել էր հատուկ մրցույթի 75-ամյակի առթիվ։

«Ջենիֆեր Բարետոն ապացուցեց՝ մայրությունը խոչընդոտ չէ մեր երազանքներին հասնելու ճանապարհին։ Սա ոգեշնչում է կանանց նոր սերունդներին»,- Ջենիֆերին շնորհավորել են մրցույթի կազմակերպիչները։


Ջենիֆերը հոգեբան է եւ սոցիալական աշխատող: Նա ամուսնացած է ԱՄՆ բանակի սերժանտ Յան Կառլոս Բարետոյի հետ։ Զույգը յոթամյա դուստր ունի՝ Պենելոպան։

«Միսս Տիեզերք 2026»-ում երկրորդ տեղը զբաղեցրել է Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչը, երրորդը՝ Վենեսուելայի մասնակիցը։ Մրցույթին մասնակցել է 116 ներկայացուցիչ՝ աշխարհի տարբեր երկրներից: Հայաստանը ներկայացնում էր Արենա Զեյնալյանը:

Կարդալ ավելին

Quality Sign BW