×


Արենա Զեյնալյանը՝ «Միսս Տիեզերք 2026»-ում Հայաստանը ներկայացնելու, վնասվածքի եւ ազգային տարազի մասին

«Միսս Տիեզերք» 75-րդ գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնում է լոսանջելեսաբնակ մոդել Արենա Զեյնալյանը, որը հանրությանն առավել հայտնի է «Women’s Club» նախագծից։ Արենան 2018 թվականին հաղթել է «Միսս Հայուհի» մրցույթում եւ նույն թվականին Հայաստանը ներկայացրել է «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթում։

«Միսս Տիեզերք 2026»-ի վճռորոշ փուլերին ընդառաջ Արենա Զեյնալյանը Bravo.am-ի հետ զրույցում պատմել է նախապատրաստական բարդ շրջանի, Պուերտո Ռիկոյում ստացած վնասվածքի, կուլիսային մթնոլորտի, ազգային տարազի անսովոր գաղափարի եւ հայրենակիցների աջակցության կարեւորության մասին։

- Արենա, ի՞նչ զգացողություններ ունես հիմա, եւ ինչպիսի՞ն էր նախապատրաստական շրջանը։

- «Միսս Տիեզերք»-ին տանող ճանապարհը ինտենսիվ, բարդ եւ ինձ համար բացահայտումներով լի էր։ Եթե անկեղծ լինեմ, հայ համայնքից մեծ աջակցություն չեմ ստացել։ Սա չեմ ասում որպես բողոք, պարզապես կարծում եմ՝ կարեւոր է, որ մարդիկ հասկանան այս ճանապարհի կարեւորությունը։ Գրեթե ամեն ինչ ինքս եմ կազմակերպել ու համակարգել՝ մտերիմների նեղ շրջանակի եւ դիզայներների աջակցությամբ, որոնց շնորհակալ եմ։


«Միսս Արմենիա» կազմակերպությանն է պատկանում ազգային արտոնագիրը, սակայն այս միջազգային մրցույթին պատրաստվելու պատասխանատվությունն իմ ուսերին էր։ Դիզայներների հետ աշխատանքից, զգեստապահարանի եւ ուղեբեռի կազմակերպումից մինչեւ ֆիզիկական պատրաստվածություն, խիստ սննդակարգ եւ շաբաթական հինգ անգամ 2-3 ժամ տեւողությամբ մարզումներ մարզասրահում. այս ամենը պահանջում էր հսկայական կարգապահություն, ժամանակ եւ էներգիա։ Հեշտ չէր, բայց այն, ինչ չի կոտրում քեզ, ավելի ուժեղ է դարձնում։ Այս փորձառությունն ինձ շատ բան սովորեցրեց տոկունության, անկախության եւ սեփական ուժերի մասին։ Ամենից առավել շնորհակալ եմ մեր գեղեցիկ Հայաստանը «Միսս Տիեզերք»-ի բեմում ներկայացնելու հնարավորության համար։

Ինչ վերաբերում է զգացողություններիս, ոգեւորության, սպասման եւ հուզմունքի խառնուրդ է։ Վերջապես տեսանք բեմը, եւ այն հիասքանչ է։ «Միսս Տիեզերք»-ի 75-ամյակը պատմական իրադարձություն է, եւ այս հոբելյանական թողարկման մասը լինելը մեծ պատիվ է։ Այժմ փորձերի փուլում ենք։

- Թագի ներկայացման արարողության ժամանակ ոտքիդ վնասվածքն աննկատ չմնաց։ Իրականում ի՞նչ էր տեղի ունեցել, եւ ինչպե՞ս ես քեզ զգում հիմա։

- Դժբախտ պատահար էր։ Երբ իջնում էի ավտոբուսից, լսեցի, որ ինչ-որ մեկը բացականչեց՝ «Հայաստա՛ն, շտապի՛ր»։ Շտապողականության մեջ սայթաքեցի աստիճանից եւ ընկա՝ ոլորեցի կոճս եւ ուժեղ վնասեցի ձախ ձեռքս։ Բարեբախտաբար, հիմա լավ եմ եւ աստիճանաբար ապաքինվում եմ։


Ստիպված էի մի քանի օր մնալ հյուրանոցում եւ հանգստանալ, ինչի պատճառով բաց թողեցի մի շարք միջոցառումներ։ Դա հատկապես տխրեցնող էր, քանի որ անհամբերությամբ էի սպասում Պուերտո Ռիկոյի գեղեցիկ վայրերը բացահայտելուն եւ Հայաստանի ժապավենով միջոցառումներին մասնակցելուն։ Բայց երբեմն ամեն ինչ չէ, որ ընթանում է ըստ պլանի, եւ վստահ եմ՝ հայ ժողովուրդը կհասկանա։


Գեղեցկության մրցույթի կեսին վնասվածք ստանալն ամենացանկալի բանը չէ, երբ ուզում ես ներկա լինել ամենուր եւ ինքնավստահ քայլել բարձրակրունկներով։ Մի քանի օր ստիպված էի ցածրակրունկ կոշիկներով ներկայանալ, ինչը շատ օգնեց։ Անկեղծ ասած՝ դա ինձ չէր էլ անհանգստացնում, քանի որ հասակս 179 սմ է, այնպես որ ամեն ինչ կարգին էր (ժպտում է)։

- Ինչպիսի՞ն է մթնոլորտը կուլիսներում։

- Ոգեւորիչ է, աշխույժ ու հետաքրքիր, բայց շատ լարված։ Մեր գրաֆիկը չափազանց խիտ է՝ արթնանում ենք առավոտյան ժամը 4-ին՝ պատրաստվելու համար, նախաճաշում ենք ժամը 6-ին, հյուրանոցից դուրս ենք գալիս 7-ի սահմաններում եւ երբեմն վերադառնում ենք միայն գիշերվա 11-ին կամ կեսգիշերին։ Ամեն օրն այսպես հագեցած է։ Ամենուր տեսախցիկներ ու պապարացիներ են, ինչը նշանակում է, որ գրեթե միշտ պետք է պատրաստ լինենք նկարահանվելու։ Ես սիրում եմ լինել բնական եւ հավատարիմ ինքս ինձ՝ չեմ զգում ամեն առավոտ չափազանց շքեղ հագնվելու կարիք, մանավանդ որ հիմա փորձում եմ խուսափել բարձրակրունկներից։ Բայց սիրում եմ հետեւել մյուս մասնակիցների գունեղ ու գեղեցիկ կերպարներին։

Այս փորձառության ամենաթանկ ձեռքբերումներից մեկը նոր ընկերներն են։ Հանդիպել եմ բազմաթիվ հրաշալի կանանց։ Նույն սենյակում եմ «Միսս Հունգարիա»-ի հետ: Նա հիասքանչ հոգի ունի։ Ընկերացել եմ նաեւ Ավստրալիայի, Մոնղոլիայի, Պուերտո Ռիկոյի, Իսպանիայի, Արուբայի, Կոնգոյի, Շվեյցարիայի եւ շատ այլ երկրների ներկայացուցիչների հետ։ Չնայած տարբեր մշակույթներին ու լեզուներին՝ մենք շատ ընդհանրություններ ունենք։


- Կպատմե՞ս ազգային տարազիդ եւ մրցութային մյուս զգեստներիդ մասին։ Ի՞նչ գաղափարներ են դրանց հիմքում, եւ ի՞նչն է եղել ոգեշնչման աղբյուրը։

- Ազգային տարազս ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի: Անկեղծ ասած՝ այդ ցուցադրությունն ամբողջ մրցույթի ամենակարեւոր հատվածն է։ Այն նման չէ ավանդական հայկական տարազի, եւ դա միտումնավոր է արվել։ Տարիներ շարունակ ուսումնասիրելով ազգային տարազների ցուցադրությունները՝ հասկացա, որ ազգային հագուստը պարտադիր չէ, որ լինի մեր նախնիների հագած ավանդական հագուստի ուղղակի կրկնությունը։ Այն կարող է ավելին անել՝ փոխանցել գաղափար, պատմել պատմություն եւ, ամենակարեւորը, առաջացնել զգացմունք։ Ուզում եմ, որ Հայաստանի մասին քիչ բան իմացող մարդիկ հետաքրքրվեն մեր երկրով, ցանկանան բացահայտել մեր պատմությունն ու մշակույթը։

Այս տեսլականն իրականացնելու համար ինձ պետք էր դիզայներ, որը կհասկանար գաղափարս։ Ես նրան գտա՝ ի դեմս Feya Fashion-ի հիմնադիր Ֆենյա Անտոնյանի։ Առայժմ կարող եմ ասել միայն, որ այն շքեղ է, կենսուրախ, հզոր եւ լի էներգիայով։ Սիրում եւ հարգում եմ մեր հայկական ավանդական տարազը, բայց ուզում եմ՝ մեր ժողովուրդը նախապես իմանա, որ այս տարի մենք գիտակցաբար ենք ընտրել այլ գեղարվեստական ուղղություն՝ «Միսս Տիեզերք»-ի բեմում Հայաստանը յուրովի ներկայացնելու համար։

Ինչ վերաբերում է մյուս կերպարներիս, ապա թե՛ նախնական, թե՛ եզրափակիչ փուլի երեկոյան զգեստների հեղինակը հոլիվուդյան հայտնի դիզայներ Ջեյքոբ Մեյերն է (For The Stars Fashion House): Նա բազմիցս եղել է Հայաստանում, անկեղծ սեր ունի հայ ժողովրդի հանդեպ եւ աջակցել է ինձ այս ամբողջ ընթացքում։


- Երբ կանգնես «Միսս Տիեզերք»-ի բեմում, ի՞նչ կցանկանաս, որ աշխարհն իմանա Հայաստանի մասին։

- Ուզում եմ՝ աշխարհը հասկանա, որ հայերը տոկուն ժողովուրդ են, բայց մեր ինքնությունը միայն մեր դժվարություններով ու պատմությամբ չի սահմանափակվում։ Մենք նաեւ կենսուրախ ժողովուրդ ենք, գիտենք հոգ տանել ու սիրել, հարուստ ենք մշակույթով, ջերմությամբ ու մարդասիրությամբ։ Որտեղ էլ հայերը հայտնվեն, ստեղծում են, կառուցում ու արժեքավոր հետք թողնում։ Այս միտքը հնչեցրել եմ նաեւ «Միսս Տիեզերք»-ի հարցազրույցներից մեկի ժամանակ։ Մենք ադամանդներ ենք՝ ամուր, հազվագյուտ ու հզոր, եւ ուր էլ կյանքը մեզ տանի, մեր փայլը մեզ հետ ենք տանում։

Եվս մեկ կարեւոր բան՝ ուզում եմ անձամբ դիմել սա կարդացող յուրաքանչյուր հայի՝ աշխարհի որ ծայրում էլ լինի։ Խնդրում եմ՝ քվեարկեք Հայաստանի օգտին։ Քվեարկելու հնարավորություն կա ինչպես անվճար, այնպես էլ վճարովի տարբերակով։ Եթե ցանկանում եք, կարող եք ներդնել առնվազն 5 դոլար եւ օգտվել վճարովի քվեարկությունից։ Եթե հաղթեմ քվեարկությունում, կապահովեմ իմ տեղը Թոփ 30-ում: Ես Հայաստանն ինձ հետ եմ տարել այս ամբողջ ճանապարհին, իսկ հիմա հույս ունեմ, որ Հայաստանն էլ կանգնած կլինի իմ կողքին։ Եկեք միասին պատմություն կերտենք։

Զրուցեց Լիանա Թեհմուրյանը
Լուսանկարները՝ Արենա Զեյնալյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW