×


Վարուժան Մարգարյանի եւ Մաշա Մնջոյանի «Սպասված ձյունը»

Եթե ձյան եք սպասում, բայց այն ոչ մի կերպ չի գալիս, կարող եք լսել Վարուժան Մարգարյանի եւ Մաշա Մնջոյանի կատարմամբ «Սպասված ձյուն» նոր երգը:

BRAVO.am-ը զրուցել է երգի բառերի հեղինակ Մարգարյանի հետ, որը պատմել է իր առաջին ստեղծագործական փորձերի, ձյունառատ ձմեռների նկատմամբ մեծ սիրո ու դրան նվիրված կատարում գրելու մտահղացման մասին:



«2018 թվականից եմ սկսել ստեղծագործել ու շատ պատահական. քունս չէր տանում եւ որոշեցի մտքերս գրի առնել: Բնականաբար, այդ շրջանում սկսնակի պես էի գրում, զուգահեռ պոեզիա էի շատ կարդում, որ ուսումնասիրեմ տարբեր ոճեր ու ձեռագրեր: Ամեն ինչն է ոգեշնչում՝ լավ գիրքը կամ ֆիլմը, իմ ապրած կյանքն ու ունեցած տարբեր երկխոսությունները, որոնք վերածում եմ տեքստի: Որոշեցի կիսվել ու ընկերներիցս դրական արձագանքներ ստացա, ինչն էլ ինձ ավելի շատ ոգեշնչեց:

Շատ էի ուզում ձմռան ու ձյան մասին որեւէ բան գրել, ու այդ մասին պատմեցի Արմեն Սահակյանին (Սարմեն): Երբ սկսեց նվագել, առաջին բառերը ծնվեցին. «Ձյունն է իջնում սիրո քաղաքում»: Ընթացքում հասկացա, որ երգը պետք է լինի իմ երազած ձյան մասին:

Սարմենն իմ քեռին լինելուց բացի, նաեւ ընկերս է ու լավ երաժիշտ, նա կարողանում է իր նուրբ գործերով դիպչել մարդկանց սրտերին: Միշտ ցանկացել եմ, որ միասին որեւէ բան ստեղծենք, ու մարդիկ էլ ավելի շատ իմանան նրա մասին: Իրար շատ լավ ենք հասկանում, այնքան ենք խոսում, քննարկում ու պրպտում, մինչեւ որ որեւէ լավ բան է ծնվում:

Երգը զուգերգով ներկայացնելու նպատակ չեմ ունեցել. մեր զրույցներից մեկի ժամանակ Մաշային պատմեցի «Սպասված ձյան» մասին, ու խոստացավ ցանկացած հարցով օգնել: Մաշայի հետ շատ յուրահատուկ հիշողություններ են կապված, երբ The Voice-ի կույր կատարումների ժամանակ լսեցի նրա «Հալելույա»-ն, զարմացած էի, թե ինչպես է հնարավոր այդքան ազդեցիկ երգել:

Նրա հետ կատարելու միտքը պատահաբար առաջացավ, հայտնեցի, եւ Մաշան միանգամից չէ, որ համաձայնեց: Դրանից մի քանի ժամ անց նրանից ձայնային հաղորդագրություն ստացա՝ հիացած էի, թե ինչպես է երգի մի փոքրիկ հատված կատարում: Սկսեցինք միասին աշխատել, պարապում էր հետս ու վոկալին վերաբերող խորհուրդներ տալիս, որպեսզի կատարումս ավելի պրոֆեսիոնալ լինի:

Թեեւ մյուզիքլի բաժնում եմ սովորել, հետագայում դրանով շատ չեմ զբաղվել: Ուժերս «Սանսեթ բուլվար»-ում եմ փորձել, եւ չեմ ուզում ներկայանալ որպես երգիչ, դերասան եմ, որը պարզապես սիրում է ստեղծագործել:

«Սպասված ձյան» ստեղծման հարցում մեծ դեր ունի նաեւ Լիլին՝ yellowheart.-ը: Նա 2023 թվականին իմ կյանքի բացահայտումներից է ու շատ հարազատ ընկեր է դարձել: Նրանից էլ ընթացքում խորհուրդներ եմ հարցրել, քանի որ իր կարծիքը կարեւոր է: Օգնել է երգը ձայնագրել ՝ մի քանի օր մինչեւ լուսաբաց աշխատել ենք ստուդիայում: Անչափ շնորհակալ եմ, որ ինձ դիմացավ: Եթե նա ու Մաշան չլինեին, նման արդյունք չէր ստացվի, ինչի համար երկուսին էլ ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել:

Հաճելի կլինի, որ Ամանորին ձյուն գա, մարդիկ երգի շնորհիվ վերհիշեն իրենց մանկությունն ու լավ ապրումներ ունենան: Երգի բառերն իմ մանկությունը ձյան հետ են կապված, որն այն տարիներին շատ էր գալիս ու հասնում մինչեւ ծնկներս՝ ձնագնդի էինք խաղում, ձնեմարդ սարքում, այնքան էինք ուրախանում ու հաճելի զգացողություններ ունենում: Շատ եմ տխրում, որ երեխաները այդ ամենը չեն վայելում, ու ձյունը նրանց քիչ է ուրախացնում: Ձյունն իր մեջ հեքիաթային բան է պարունակում ու հատկապես երեխաներին ստիպում հրաշքների հավատալ:

Քանի որ տոներին շատ քիչ է մնացել, ուզում եմ շնորհավորել բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Առաջին հերթին խաղաղություն եմ մաղթում ու անամպ երկինք, թեեւ երբ ձյուն է գալիս, այն մի քիչ մթագնում է: Ձյունն էլ խաղաղություն ու մաքրություն է խորհրդանշում: Եթե մեր երկրում խաղաղ լինի, բոլորիս հոգիներում էլ խաղաղություն կհաստատվի, ու լավ տարի կունենանք:

Մեկ կարեւոր բան էլ՝ թող այս տարի բոլորն իրար ու նույնիսկ ցեխ դարձող ձյունը շատ սիրեն»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին