×


Calvin Klein-ի գովազդային պաստառը բողոքների պատճառով արգելել են Մեծ Բրիտանիայում

Ամերիկյան Calvin Klein ապրանքանիշի՝ «Calvins կամ ոչինչ» կարգախոսով գովազդային պաստառը, որում երգչուհի FKA Twigs-ը մերկ մարմնին կրում է ջինսե վերնաշապիկ, բողոքների պատճառով արգելվել է Մեծ Բրիտանիայում:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, Գովազդային չափանիշների մարմինը (ASA) երկու անգամ բողոք է ստացել, որ նկարը «կնոջը ներկայացնում է որպես կարծրատիպային սեքսուալ օբյեկտ»:

«Համարել ենք, որ նկարն ուշադրությունը սեւեռում է կնոջ մարմնի, ոչ թե հագուստի վրա: Դրա համար էլ գովազդն անպատասխանատու է ու կարող էր լուրջ վիրավորանք հասցնել»,- այսպես են մեկնաբանել որոշումը:

Calvin Klein-ից հայտնել են, որ գովազդը նման է նրանց, որոնք Մեծ Բրիտանիայում թողարկել են երկար տարիներ: Բացի այդ, լուսանկարը հրապարակելուց առաջ ստացել են FKA Twigs-ի հավանությունը: Օրինակ, նմանատիպ գովազդներում նկարվել է նաեւ Քենդալ Ջենները:


FKA Twigs-ն Ինստագրամի իր 2.4 միլիոն հետեւորդների հետ կիսվել է երկակի ստանդարտների մասին իր մտահոգություններով:    


«Ես այդ կադրում տեսնում եմ գեղեցիկ, ուժեղ կնոջ, որի մարմինը հաղթահարել է շատ ավելի մեծ ցավ, քան կարող եք պատկերացնել: Որպեսզի հստակություն մտցնեմ, կասեմ, որ հպարտանում եմ իմ ֆիզիկական վիճակով ու փորձում եմ այն կանանց պես լինել, որոնք կարծրատիպեր են կոտրել»,- նշել է երգչուհին:

Կարդալ ավելին

Quality Sign BW