×


Մուրադ Մերզուկի. ««Նռան գույնը» ներկայացումը Փարաջանովի աշխարհի ու հայկական մշակույթի մասին է»

Ֆրանսիական Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում «Նռան գույնը» պարային ներկայացման պրեմիերայով Ֆրանսիայում մեկնարկել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:  

«Սաթէ-Աթղը» թատերական միությունը նախագծի վրա սկսել է աշխատել 2021 թվականից, գաղափարի հեղինակը Սաթէ Խաչատրյանն է: Ներկայացումը ստեղծելու ընթացքում նա համագործակցել է ֆրանսիացի ճանաչված պարուսույց Մուրադ Մերզուկիի հետ, որն էլ պատասխանել է BRAVO.am-ի հարցերին:

- Նախ կպատմե՞ք Սերգեյ Փարաջանովի գործերի հետ Ձեր ծանոթության ու ստացած տպավորությունների մասին:

- «Նռան գույնը» ֆիլմը պետք է մի քանի անգամ դիտել՝ հեղինակի մտահղացումն ընկալելու եւ ըստ արժանվույն գնահատելու համար: Սկզբում այն բավական զարմանալի է, անսպասելի: Բարդ է, բայց երբ երկրորդ անգամ դիտեցի, ավելի լավ հասկացա Փարաջանովի մոտեցումը: Հենց այդ ժամանակ էլ կարողացա սկսել աշխատել ներկայացման շուրջ:


- Պարային ներկայացման, ինչպես եւ ֆիլմի անունը «Նռան գույն» է, ինչպե՞ս եք ներշնչվել ֆիլմից ու դա ի՞նչ կերպ է արտահայտվել ներկայացման մեջ:

- Ինձ հիմնականում կոլաժներն են ոգեշնչել ու շարժման տարրերը: Նա շատ է աշխատել էսքիզներով, որոնք պարտադիր չէ միմյանց հետ կապ ունենային: Ստեղծագործելու ընթացքում ես էլ եմ պահել այդ սկզբունքը: Նաեւ ոգեշնչվել եմ ֆիլմի հագուստից ու երաժշտական տիեզերքից:

Մուրադ Մերզուկին եւ Սաթէ Խաչատրյանը


- Երբ Ձեզ առաջարկեցին բեմադրել ներկայացումը, ի՞նչ մտքեր ու գաղափարներ ունեիք ու ընթացքում դրանք ինչպե՞ս փոխվեցին:

- Երբ նոր էինք սկսել ստեղծել պարային ներկայացումը, մեր մեկնարկային կետը ֆիլմից կերպարներ ընտրելն էր, որպեսզի կառուցենք շարժումները: Ստեղծման ընթացքում երաժշտությունն անխուսափելիորեն սկսեց պարողներին ռիթմ ու էներգիա հաղորդել: Այդ ամենը սնուցում էր խորեոգրաֆիան ու ազդում նրա վրա, բայց նախնական տարբերակն անփոփոխ է մնացել մինչեւ վերջ:


- Ձեզ համար «Նռան գույնն» առաջին հերթին ինչո՞վ է առանձնանում ու Ձեր գործերի թվում ինչպիսի՞ տեղ է գրավելու:

- Այն իմ աշխատանքի նոր փուլն է, որի շնորհիվ հնարավորություն ունեցա ծանոթանալ ինձ անհայտ մշակույթի հետ, ինչպես նաեւ ավելի ավանդական մոտեցում ցուցաբերել մարմիններին ու կոստյումներին: Հասկացա, որ պարի շնորհիվ հավաքվում ենք ու կապեր ստեղծում: Պարը մշակույթներ է միավորում, ու դա հենց այն է, ինչն աշխատանքում ինձ հետաքրքրում է:


- Քանի որ մեր ընթերցողները ծանոթ չեն ներկայացմանը, կխնդրեի պատմել՝ ինչպիսին է:

- Այն ոգեշնչված է Փարաջանովի տիեզերքից՝ միախառնելով հիփ-հոփն ու ժամանակակից պարը, շեշտադրված են պատկերներն ու սցենոգրաֆիան: Ներկայացումը գրավում է հանդիսականներին ու հնարավորություն տալիս բացահայտել հայկական մշակույթն ու, մասնավորապես, Փարաջանովի աշխարհը:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝  Ժուլի Շերկիի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW