×


«Կայսրուհին», հայտնի ծաղրածուն եւ մյուսները. «Վարդանյան եղբայրները» կրկեսային նոր ձեւաչափ կներկայացնեն

Փետրվարի 17-ից հայտնի ուժային ակրոբատներ, Երեւանի «Վարդանյան եղբայրներ» կրկես-շապիտոյի հիմնադիրներ Անդրանիկ եւ Գեւորգ Վարդանյանները կներկայացնեն միանգամայն նոր կրկեսային ծրագիր՝ շոու-բալետային ձեւաչափով:

Հեղինակները նշում են, որ ծրագիրը չափազանց տպավորիչ է, իսկ համարները բազմաժանր են.«Մարմնամարզուհին ապշեցնում է հանդիսատեսին իր մազերի ուժով, որոնցով նա ասես ճախրում է մանեժի վրայով իրեն բնորոշ նրբագեղությամբ ու թեթեւությամբ: «Կայմ» կոչվող համարը հիացնում է իր ինքնատիպ կոնցեպտով եւ ակրոբատիկ հնարքներ կատարող արտիստի վարպետությամբ։


Լյուբով Կարսանովայի ղեկավարությամբ ընթացող «Կայսրուհի» բացառիկ համարում միախառնված են ժանրերը. արտիստներն աշխատում են մեծ բարձրության վրա՝ միմյանց նետելով գուրզերը։ Ոչ մեկին անտարբեր չի թողնի ձեռնածուների խումբը։

Առանց աչք թարթելու դիտվող եւս մեկ համար է լարախաղացի ելույթը, որը զարմացնում է կրկեսի մեծ գմբեթի տակ սառնասրտորեն հավասարակշռություն պահպանելու իր ունակությամբ։


Երաժշտական վիրտուոզ ծաղրածուների «Սպարտակ եւ Նիկո» դուետը ողջ շոուի ընթացքում դրական լիցքեր է հաղորդում, խինդ ու ծիծաղ է պարգեւում հանդիսատեսին»։

Ելույթ են ունենալու նաեւ Վարդանյան եղբայրներն՝ իրենց յուրահատուկ հնարքներով, որոնք կատարում են միմիայն իրենք եւ ուրիշ ոչ ոք. «Դաշույններով համարը հանդիսատեսը դիտում է շունչը պահած»։


«Նոր շոուի համար մեր ծրագրում ընդգրկել ենք պրոֆեսիոնալ արտիստների եւ բալետի պարողների, հրավիրել ենք միջազգային մրցույթների հաղթող, հիանալի ծաղրածու Արտակին։ Նաեւ ձեռք ենք բերել ժամանակակից լուսային սարքավորումներ, ապահովել ենք բարձրակարգ ձայն եւ լրացուցիչ հատուկ էֆեկտներ»,- ասում է Անդրանիկ Վարդանյանը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW