«Ամեն մի մեղեդի ծնվել է իմ կյանքի ինչ-որ ապրումից։ Երեւի այդպես պետք չէ, բայց իմ երգարվեստում ես բաց գրքի նման եմ»,- անկեղծանում է Հասմիկ Կարապետյանը BRAVO.am-ի հետ նոր զրույցում։ Փետրվարի 17-ին նա մենահամերգով է հանդես եկել, որի շրջանակում լուսահոգի սիրված արտիստ Հայկոյի երգերից է հնչել հատուկ հյուրի՝ Վիգեն Հովսեփյանի կատարմամբ։
Հասմիկն այս անգամ իր երգացանկը լրացրել էր նոր կատարումներով. նորովի էր ներկայացնում իր հայտնի ստեղծագործությունները, ինչպես նաեւ քավեր տարբերակով կատարում էր այլ երգիչների հիթեր։ Հանդիսատեսն առանձնակի ոգեւորությամբ ընդունեց Իվետա Մուկուչյանի «Սիրահարվել եմ» երգի կատարումը, որը, Հասմիկի խոսքով, շատ է սիրել հենց առաջին անգամ լսելիս ու հաճախ է երգել ինքն իր համար, իսկ այժմ որոշել է ներկայացնել լսարանին։ Համերգի առաջին մասում հնչում էին նրա ավելի մեղեդային գործերը, իսկ երկրորդ հատվածն արդեն այլ տրամադրությամբ էր՝ արագ ռիթմերով, անակնկալներով եւ Վիգեն Հովսեփյանի հետ զուգերգով։
«Առաջին հայացքից շատ ուրախ ու դրական մարդ եմ, բայց իմ մյուս՝ ներսի կողմը, խայտառակ սեւ է, եւ չեմ էլ ուզում, որ այդ կողմին ծանոթանա իմ հանդիսատեսը, որովհետեւ ես իրականում թախիծ եմ, քայլող թախիծ եւ դրամա (ծիծաղում է,- հեղ․)։ Դրա համար էլ առանց իմ լիրիկական երգերի պարզապես չեմ կարող ապրել եւ դրանք միշտ ընդգրկում եմ համերգի առաջին հատվածում։ Իսկ նոր գործիքավորմամբ երգերն ու անակնկալները թողնում եմ երկրորդ հատվածում, որ հանդիսատեսն անցնի պարային տրամադրությանը»,- ասաց երգչուհին:
Նա նշեց, որ Վիգեն Հովսեփյանը մեծ սիրով է ընդունել իր հրավերը. «Միասին կատարելու ենք «Անհնարը» ստեղծագործությունը, որն առաջին անգամ ԴերՀովայի հետ ենք տեսահոլովակով ներկայացրել։ Բացի այդ, Վիգենն իր ընտրությամբ երգելու է Հայկոյի «Սիրում եմ» ստեղծագործությունը, որը ես շատ-շատ եմ սիրում։ Անչափ հետաքրքիր ու քաղցր ձայն ունի նա։ Կարծում եմ՝ ապագայում համատեղ ստեղծագործություն կունենանք»։
Հասմիկը խոսեց նաեւ Հայկոյի մասին՝ նշելով, որ միշտ գնահատել է նրան որպես տաղանդավոր երգահան եւ առաջինն է եղել այն մարդկանցից, ովքեր քաջալերել ու համոզել են նրան լինել բեմում եւ ստեղծագործել․«Դրա համար ես այսօր իրավունք ունեմ թե՛ նրա անունը տալու, թե՛ շատ պարզ ասելու, որ շատ եմ սիրում նրա երգերը»։
Հասմիկ Կարապետյանը նաեւ տեղեկացրեց, որ շարունակելու է հանդես գալ նոր համերգներով, միայն թե փորձը ցույց է տվել՝ իր լսարանը դրական է արձագանքում երկար դադարներին, ուզում է ավելի կարոտած գալ համերգներին․«Այնպես որ, այս համերգից հետո ես ինչ-որ ժամանակ կկորեմ եւ հետո նորից կհայտնվեմ»,- կեսկատակ հավելեց նա:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: