Երեւանում գիրք նվիրելու օրը վերջին տարիներին աչքի է ընկնում գրքաշատ միջոցառումներով, որոնցից մեկն էլ «ԿարդաLove» գրքի փառատոնն էր, որի «ԳինարBook»-ներից մեկի ժամանակ BRAVO․am-ը հանդիպեց Նազենի Հովհաննիսյանին եւ Մանե Մխոյանին։ Երկուսի համար էլ գիրքը լավագույն նվերներից է՝ անկախ հատուկ օրվանից։
«Ուրախալի է, որ ընթերցելու մշակույթը դառնում է շատ ավելի, այսպես ասած, նորաձեւ։ Միջոցառումներն էլ այնքան են շատացել, որ անգամ չենք հասցնում բոլորին մասնակցել, բայց կուզեմ, որ ոչ միայն գիրք նվիրելու օրվան սպասենք։ Այսօրվա միջոցառումը գինարբուքն է, գիրքն ու գինին շատ հաճելիորեն կարելի է համադրել, հատկապես սիրելի մարդկանց հետ ու հետաքրքիր երեկոներին։ Վերջին շրջանում գեղարվեստական գրականություն եւ մոտիվացնող գրքեր եմ կարդում, դե մասնագիտական գրքերն էլ միշտ կան»,- նշեց դերասանուհի, հաղորդավար Մանե Մխոյանը՝ հավելելով, որ հիմա էլեկտրոնային տարբերակով է կարդում, քանի որ ավելի հարմար է, բայց իր համար տպագիր գրքերն իրենց էներգետիկայով մնում են անփոխարինելի։
Դերասանուհի, հաղորդավար Նազենի Հովհաննիսյանի համար գիրքը թթվածնին հավասար է, այն սնունդ է, որն օրգանիզմին հարկավոր է, եւ ճիշտ ու տեղին պետք է ընդունել. «Հատկապես գիշերները չեմ ձանձրանում, քանի որ կարդում եմ գրքեր։ Վերջին շրջանում սկսել եմ վերընթերցել դասականներին, իհարկե, նոր ու բեսթսելլեր համարվող գրքերը լավ բան են, նոր շունչ են, բայց դասական գործերը շատ երկար մեզ հետ են՝ անկախ լեզվից ու գրման տարեթվից։ Հիմա շատ եմ վերընթերցում Հովհաննես Թումանյանի գործերը, իսկ երկրորդ տեղում վերջին վեց ամսվա ընթացքում պոեզիան է՝ ժամանակակիցներից մինչեւ դասականներ։ Այն պարզ պատճառով, որ փորձում էի բանաստեղծական աշխարհի գեղեցիկ խտանյութը հավաքել, որ կարողանամ ըստ արժանվույն ներկայանալ հանդիսատեսին»։
Հովհաննիսյանի կարծիքով՝ կարդալը հենց այնպես չպետք է լինի․ «Շատ մի կարդացեք, այլ որակով կարդացեք, որ իսկապես հետք թողնի։ Կարեւորը ոչ թե կարդացած գրքերի քանակն է, այլ թե ինչ թողեց այն ձեր մեջ։ Դա շփման նման է՝ ամբողջապես շփվիր, ճանաչիր, ապրիր, սխալվիր, հարաբերվիր, չէ՞ որ մարդը եւս գիրք է։ Եթե ասենք՝ որն է կյանքի հավերժական շարժիչը, կարող ենք նշել՝ երեւի գիրքն է։ Գրքի հետ ընկերությունը կարեւոր է նրանով, որ նրանք երբեք չեն մեղադրում մեզ։ Գիրքը բովանդակության եւ ձեւի այն կարեւոր միահյուսումն է, որը կարեւոր է՝ մնա մեր մեջ։ Կարեւոր չէ՝ ով ինչ ձեւաչափով է գրքի հետ հարաբերվում, բոլոր տարբերակն էլ ողջունելի են, բայց, ըստ իս, երբ մարդն իր կամային հատկանիշները դրսեւորում է, նստում եւ կարդում է կենտրոնացած, ապա ազդեցությունն ավելի լավ է»։
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: