Նախորդ տարվա ավարտին քանոնահարուհի Բելլա Պապիկյանը նվագեց աշխարհահռչակ թավջութակահար Հաուսերի հետ, եւ ռոմանտիկ կատարման տեսանյութը լայնորեն տարածվեց սոցցանցերում: BRAVO.am-ը զրուցել է Բելլայի հետ եւ պարզել, թե ինչպես է Հաուսերն իրեն օգնել հաղթահարել կյանքի դժվարին շրջանը: Նա պատմել է նաեւ երաժշտական ընտանիքում մեծանալու, Դուբայում աշխատելու եւ քանոնի յուրահատկությունների մասին:
- Բելլա, Հաուսերի հետ Ձեր համագործակցությունը մեծ արձագանք գտավ, պատմեք, թե ինչպե՞ս ծանոթացաք:
- Դեռ փոքր տարիքից ցանկացել եմ նրան հանդիպել բեմում, սակայն չէի սպասում, որ օրերից մի օր երազանքս կկատարվի ու այն էլ՝ նման տարբերակով: Կյանքումս այնպիսի դատարկ շրջան էր, որ ոչինչ չէի ուզում անել, մոտիվացիա ընդհանրապես չունեի ու մտադիր էի դադար վերցնել: Հետո տեղեկացա, որ Հաուսերը Դուբայում է, որոշեցի գրել նրան ու տեսնել, թե ինչ կստացվի: Բարեբախտաբար, արձագանքեց. դիտել էր տեսանյութերս, հավանել ու համաձայնեց միասին նվագել: Ես եմ առաջարկել «Սիրո պատմություն» երգը, որը նա սիրով ընդունել է: Մեր համագործակցությունը բավական հաջող ստացվեց:
View this post on Instagram
- Բելլա, երաժիշտների ընտանիքից եք ու փոքր տարիքից զգացել եք երաժշտության ազդեցությունը, որո՞նք են Ձեզ գերած ու տպավորած առաջին հնչյունները:
- 6 տարեկանից հաճախել եմ երաժշտական դպրոց, հայրս երաժիշտ է՝ քամանչա է նվագում, հենց նրանից եմ ժառանգել անհրաժեշտ հմտությունները: Նա աշխատում է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում եւ դասավանդում երաժշտական դպրոցներում, նաեւ իր նվագախումբն ունի: Եղբայրս էլ է զբաղվում երաժշտությամբ, իսկ մայրս մանկավարժ է: Մեր տանը փոքր տարիքից լսել եմ կոմիտասյան մեղեդիներ, Սայաթ-Նովա ու մեծացել հայկական հնչյունների ազդեցությամբ: Ծնողներիս շատ շնորհակալ եմ՝ ինձ ճիշտ ուղղորդելու համար: Նրանք աջակցել են, որ կայանամ իմ գործում: Այն ամենն, ինչ կա իմ կյանքում, երաժշտության շնորհիվ է։
- Ինքներդ շատ եք ցանկացել դաշնամուր նվագել, ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք քանոնն, ու երկուսին տիրապետելն ի՞նչ առավելություն է տալիս:
- Քանոնի ընտրությունը մայրս է կատարել, քանի որ իր սիրելի գործիքն է, թեեւ ինքս դաշնամուրն էի շատ սիրում: Եղբայրս էլ ջութակ էր նվագում ու երգում: Ծնողներս խորհուրդ տվեցին նախ քանոն նվագելու մեջ հմտանալ, քանի որ դրան զուգահեռ դաշնամուր էլ կսովորեի, իսկ եթե նախապատվությունը դաշնամուրին տայի, նույնքան վարժ այլ գործիքի տիրապետել չէի կարողանա: Նրանք իսկապես չսխալվեցին, ու հիմա երկու գործիքն էլ իմ կյանքում կա:
- Ո՞րն է քանոնի յուրահատկությունն ու գեղեցկությունը Ձեզ համար:
- Քանոնը բացառիկ երաժշտական գործիք է, նրա միջոցով կարող ես ե՛ւ ուրախացնել մարդկանց, ե՛ւ տխրեցնել, այնպես անել, որ ընկնեն մտորումների գիրկը։ Յուրահատուկ գործիք է, որի հնչյուններն ինձ Արեւելքն են հիշեցնում, չնայած՝ նախընտրում եմ Արեւմուտքը հիշեցնող գործեր մատուցել:
- Երկար ժամանակ քանոն նվագելու դեպքում ի՞նչ խնդիրներ կամ դժվարություններ են սովորաբար առաջանում:
- Ամենադժվար գործիքներից մեկն է համարվում ու այնքան էլ հեշտ չէ կատարելապես տիրապետելը։ Հիմա փորձում եմ սովորել նաեւ նվագի արաբական տեխնիկաներն ու հմտությունները, արդեն բավական ստացվում է: Երկար նվագելու արդյունքում մատների վրա փոքրիկ եւ ցավոտ բշտիկներ են առաջանում, պետք է այնքան սպասել, մինչեւ դրանք լավանան, որպեսզի հետագայում նվագելիս ցավ չլինի:
- Բնակվում ու աշխատում եք Դուբայում, ինչպե՞ս ստացվեց, որ վերջին շրջանում այնտեղ եք հաստատվել ու հիմնականում ի՞նչ գործունեություն եք ծավալում:
- Տեւական ժամանակ է՝ Դուբայում եմ, հասցրել եմ համերգներ ունենալ արաբական մի շարք երկրներում, այդ թվում՝ Կատարում, Սաուդյան Արաբիայում, Օմանում, Իրաքում: Նաեւ Եվրոպայից առաջարկ ունեմ, առաջիկայում կաշխատեմ այդ համերգները կյանքի կոչել:
- Ովքե՞ր են Ձեր ունկնդիրներն այնտեղ ու քանոնի նկատմամբ ինչպիսի՞ հետաքրքրություն կա:
- Ունկնդիրներս հիմնականում արաբներն են, թեեւ այլազգի հյուրերի համար, ովքեր սիրում ու գնահատում են մեր երաժշտական գործիքը, եւս նվագում եմ: Հաճախ եմ աշխատում արաբական երեկույթների ու տարբեր միջոցառումների ժամանակ, որոնց շատ տարբեր ազգերի մարդիկ են ներկա լինում:
- Ի՞նչն է Ձեզ ամենաշատը դուր գալիս երաժիշտ լինելու ու սիրելի աշխատանքով զբաղվելու մեջ:
- Երաժիշտ ու արտիստ լինելը նախ պատիվ է ինձ համար: Մենք չափազանց զգայուն ենք եւ ավելի ուշադիր մանրուքների նկատմամբ։ Իրոք շատ եմ հպարտանում ու ինձ օրհնված համարում, որ տաղանդ ունեմ եւ տիրապետում եմ երաժշտական գործիքի:
- Ինչո՞ւմ է հայկական երաժշտության բացառիկությունն ու ինչպե՞ս է այն պետք նորովի ներկայացնել աշխարհին:
- Հայկական երաժշտությունն ինձ համար եղել է ու կմնա առաջին տեղում, որովհետեւ այն իմ սրտի ու արյան մեջ է, հետեւաբար, չեմ կարող որեւէ ազգինն ավելի շատ սիրել։ Հայկական ելեւէջներն ինձ համար ամենագեղեցիկն ու մաքրամաքուրն են, թեեւ աշխատանքի բերումով միայն մերը չէ, որ նվագում եմ: Սակայն երբ առիթ է ընձեռնվում հայերի համար ելույթ ունենալ, ամենաերջանիկն եմ դառնում:
- Դուք ի՞նչ կատարումներ եք սիրում լսել ու երաժիշտներից ո՞ւմ ազդեցությունն է Ձեզ վրա մեծ եղել:
- Ինձ միշտ իր ռոմանտիկ ու գերող մեղեդիներով ոգեշնչել է Հաուսերը. նրա կատարումները բոլորի սրտերին են հասնում, ես էլ բացառություն չեմ: Նա ինձ նաեւ օգնել է շարունակել ստեղծագործել ու իմ երաժշտությունը մատուցել աշխարհին:
- Ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ ու Դուբայում որո՞նք են Ձեր սիրելի վայրերը:
- Մի շարք նախասիրություններ ունեմ, սիրում եմ ազատ ժամանակ թենիս խաղալ, գնալ մարզասրահ ու ծովափին քայլել։ Այստեղի եղանակը շատ եմ սիրում, շոգն ինձ հոգեհարազատ է, դրա համար էլ ուրախ եմ, որ նման տաք երկրում ապրելու հնարավորություն ունեմ: Քաղաքը բավական արագ տեմպերով է զարգանում ու բազմաթիվ զբոսաշրջիկների գերում:
- Ինչով է ԱՄԷ-ն տարբերվում մեր երկրից ու ինչպե՞ս եք հարմարվել մշակութային ու կրոնական տարբերություններին:
- Լինելով մուսուլմանական երկիր՝ շատ բաց է բոլորի համար, այստեղ իրար կողքի հաշտ ու համերաշխ ապրում են աշխարհի տաբեր անկյուններից եկած մարդիկ, բոլորը միմյանց նկատմամբ ուշադիր են։ Դեռ երբեւէ չի եղել, որ որեւէ խնդիր ունենամ, ու այն միանգամից լուծում չստանա:
- Որքա՞ն հաճախ եք լինում Հայաստանում ու բացակայության դեպքում հիմնականում ի՞նչն եք շատ կարոտում:
- Ցավոք, Հայաստանում լինում եմ տարին մեկ, առավելագույնը՝ երկու անգամ, եւ շատ եմ կարոտում մեր ջուրը, բնությունը, օդը, ծնողներիս ու ընկերներիս: Ամեն ամառ գալիս եմ Հայաստան, այս տարի պատրաստվում եմ ավելի հաճախ լինել, որովհետեւ կարոտն ավելի է շատացել: Ինձ նաեւ անչափ ոգեւորեց, որ հայրենիքում Հաուսերի հետ տեսանյութից հետո այդքան բուռն արձագանքներ եղան:
- Ձեր կատարումները միշտ ներկայացնում եք որեւէ գեղեցիկ վայրում ու տարբերվող զգեստով՝ ապահովելով նաեւ էսթետիկ կողմը, ինչպե՞ս եք այդ ոճն ընտրել:
- Միշտ սիրել եմ տարբերվող լինել: Հագուստներիս մեծ մասի դիզայնը հենց ես եմ արել, գնելու դեպքում էլ միշտ որեւէ փոփոխություն եմ անում: Արտիստը չպիտի նմանվի որեւէ մեկին, դա ինձ համար առաջնային նպատակներից է եղել: Չնայած՝ նկատել եմ, որ շատ քանոնահարներ կրկնօրինակում են ինձ, ինչը բնավ էլ չի տխրեցնում, նշանակում է՝ կարողանում եմ նրանց ոգեւորել ու դրդել ավելի գեղեցիկ լինել:
- Ապագայի հետ կապված ի՞նչ նպատակներ ու ծրագրեր ունեք:
- Ապագայի մասին չեմ սիրում խոսել, քանի որ բարձրաձայնելու դեպքում միշտ չէ, որ ամեն ինչ քո պլանավորածի պես է լինում: Այնպես որ, կպատմեմ այն ժամանակ, երբ ամեն ինչ իրականանա:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի/Bravo.am/
Լուսանկարներն՝ անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: