×


Լուսանկարը՝ Ժուլիեն դը Ռոզայի, Փարիզ, 2025 թ.

Մահացել է աշխարհահռչակ դիզայներ Ջորջո Արմանին

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կյանքից հեռացել է Ջորջո Արմանին՝ պատմության ամենաազդեցիկ իտալացի դիզայները։ Armani բրենդի հիմնադիրը 91 տարեկան էր։

«Անսահման վշտով Armani Group-ը հայտնում է իր հիմնադրի եւ անսպառ շարժիչ ուժի՝ Ջորջո Արմանիի մահվան մասին», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

Սինյոր Արմանին, ինչպես նրան հարգանքով եւ հիացմունքով դիմում էին աշխատակիցներն ու գործընկերները, աշխատել է մինչեւ կյանքի վերջին օրերը՝ ամբողջովին նվիրելով իրեն ընկերությանը, հավաքածուներին ու ընթացիկ եւ ապագա բազմաթիվ նախագծերին։

«Տարիներ շարունակ Ջորջո Արմանին ստեղծում էր մի տեսլական, որը տարածվում էր նորաձեւությունից մինչեւ կյանքի բոլոր ոլորտներ։ Այդ ճանապարհին նա հաստատեց բաց երկխոսություն հանրության հետ՝ դառնալով սիրված ու հարգված անձնավորություն իր այն ունակության շնորհիվ, որ կարողանում էր յուրաքանչյուրի հետ ընդհանուր լեզու գտնել»,- նշված է նորաձեւության տան հայտարարության մեջ։


Հարգելով Ջորջո Արմանիի ցանկությունը՝ հուղարկավորությունը կանցկացվի Միլանում՝ փակ կարգով։

«Այժմ եւ միշտ հիսունամյա պատմություն ունեցող Giorgio Armani ընկերությունը նրա ոգու արտացոլումն է։ Նրա ընտանիքն ու աշխատակիցները շարունակելու են ընկերությունն առաջ տանել՝ հարգելով եւ պահելով այդ արժեքները»,- նշված է հայտարարությունում:

Ջորջո Արմանին ծնվել է 1934 թվականին՝ Իտալիայի հարավում գտնվող Պյաչենցա քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Միլանի համալսարանի բժշկական ֆակուլտետ, սակայն երեք տարի ուսանելուց հետո թողել ուսումը։ Իտալիայի զինված ուժերում ծառայությունից վերադառնալով՝ Ջորջոն սկսել է աշխատել որպես լուսանկարչի օգնական, ապա Իտալիայի ամենամեծ հանրախանութի՝ La Rinascente-ի ցուցափեղկերի դիզայնով զբաղվել։ 1964-ին հայտնի դիզայներ Նինո Չերուտիի օգնականն է դարձել, որի հետ աշխատել է 6 տարի ու հագուստի նոր մոդելների ստեղծմանը մասնակցել։

1970-ականներին Արմանին սեփական դիզայներական ստուդիան է բացել, իսկ 1974-ին առաջին անգամ իր անունով հավաքածու ներկայացրել։ Տղամարդկանց համար նախատեսված նրա հագուստները մեծ իրարանցում են առաջացրել աշխարհում։


1975 թ.-ին նա իր ընկերոջ՝ ճարտարապետ Սերջո Գալեոտտիի աջակցությամբ հիմնել է Giorgio Armani-ն։ Գալեոտտին ստանձնել է ֆինանսական ղեկավարումն ու Արմանիին համոզել ընդլայնել բիզնեսը։ Շուտով բացվել են բրենդի մասնաճյուղերն ԱՄՆ-ում, Emporio Armani-ն ու Armani Jeans-ը։ Forbes-ի տվյալներով՝ դիզայների կարողությունը 2024 թվականին գնահատվել է 12 մլրդ դոլար։

Արմանին նաեւ ֆիլմերի համար է կոստյումներ ստեղծել, նրա նորամուտը եղել է «Ամերիկյան ժիգոլո»-ում, որում նրա հագուստներով է ներկայացել Ռիչարդ Գիրը։ Ավելի ուշ նա կոստյումներ է ստեղծել Դանիել Քրեյգի («Կազինո Ռոյալ»), Ջորջ Քլունիի եւ Բրեդ Փիթի («Օուշենի 13 ընկերները») եւ այլ աստղերի համար։ Դրանից հետո նրա հանրահայտ հաճարոդների շարքերը համալրել են Լեոնարդո ԴիԿապրիոն, Ջոնի Դեփը, Ջուլիա Ռոբերթսը, Ռոբերտ Դե Նիրոն եւ ուրիշներ։ 2003 թ.-ին Արմանին առաջին անգամ արժանացել է Rodeo Drive Walk of Style մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի եւ Հոլիվուդի հետ սերտ կապերի համար։

Նրա անձնական կյանքի մասին շատ բան հայտնի չէ. երբեք ընտանիք չի կազմել եւ երեխաներ չունի։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW