Քանդակագործ Գագիկ Գեւորգյանը հայ անվանի 27 գործիչների նվիրված քանդակների շարք է ստեղծել՝ անվանելով «Վերնատուն»: BRAVO.am-ը հյուրընկալվել է նրա արվեստանոց-տանը, ծանոթացել քանդակների հետ, խոսել ոգեշնչման ու մեծ նպատակների մասին:
- Ձեր արվեստանոցը տանն է, ինչպե՞ս եք բաժանում աշխատանքն ու առօրյան:
- Չեմ բաժանում ու մտքով միշտ ստեղծագործական վիճակում եմ. միայն քնելիս է գլուխս մի քիչ հանգստանում: Մեր շենքում արվեստանոց ունեի, որտեղ քանդակներ ստեղծելն այնքան էլ հարմար չէր՝ քարը տաշելու ընթացքում աղմուկ էր լինում ու խանգարում բնակիչներին։ Հիմա ուզում եմ առանձին հողակտորի վրա արվեստանոց կառուցել։ Դեռ տնային պայմաններում եմ աշխատում, բնականաբար, քարի չեմ անդրադառնում, կվերադառնամ արվեստանոց ունենալու ու ավելի մեծ գործեր սկսելու դեպքում: Հիմա աշխատում եմ միայն պլաստիլինով ու կավով։
- Կարոտո՞ւմ եք քարի հետ աշխատանքը:
- Շատ եմ զգում պակասը, որովհետեւ քարով աշխատելու դեպքում լրիվ այլ խնդիր ես ունենում, այն բոլորովին այլ մոտեցում է պահանջում՝ դիմադրողականությունն է տարբեր, գործերը պլաստիկայով են առանձնանում, եւ տառապանքով ես հասնում որոշակի մինիմալիզմի: Թվում է՝ ամեն ինչ շատ պարզ է, բայց մեծ ջանքեր են պահանջվում։
Գագիկ Գեւորգյանը
- Ստեղծագործական ի՞նչ փուլում եք հիմա ու ինչպիսի՞ աշխատանքներն են Ձեզ հոգեհարազատ:
- Հիմա հիմնականում բրոնզից գործեր եմ անում. երբ քանակը բավական շատ լինի, ցուցադրություն կկազմակերպեմ։ Սովորաբար, ամեն ցուցադրությունից հետո գործերի գերակշիռ մասը վաճառվում է, պահել չեմ կարողանում, մանավանդ՝ քարերը, որոնք մեկ օրինակով եմ պատրաստում, իսկ բրոնզե աշխատանքները՝ 7 կամ 9 օրինակով ձուլում, թվագրում եմ ու գնորդներին նաեւ վկայական տալիս, թե որերորդն են ձեռք բերել։
- Հե՞շտ եք բաժանվում Ձեր գործերից։
- Ինձ համար ամենայուրահատուկը ստեղծելու ընթացքն է։ Հենց հասնում եմ նպատակիս, ուզում եմ հաջորդին անցնել ու նոր բան ստեղծել։ Ամենամեծ վայելքն ապրում եմ վերջնական արդյունքը տեսնելիս, բայց հետո գործը սկսում է խորթանալ, նույնիսկ նայում եւ զարմանում եմ, որ ես եմ արել։
- Հիմա ստեղծում եք «Վերնատուն» քանդակների շարքը՝ նվիրված անվանի հայերին: Ինչպե՞ս է առաջացել գաղափարն ու ո՞նց եք կյանքի կոչել:
- Շարքը սկսել եմ մի քանի տարի առաջ. ներառում է մեր 27 մեծերին ու կարեւոր անհատներին։ Այս համատարած ռաբիսության մեջ փորձեցի անդրադառնալ դասական արժեքներին: Գաղափարը ծնվեց այս օրերի պահանջով՝ մեր ինքնությունը պլաստիկ վիրահատության են ենթարկում եւ ոչնչացնում հայկական դիմագծերը։ Սովորաբար, իմ գործերը էքսպրեսիոնիզմի, մոդեռնիզմի ու պոստմոդեռնիզմի ոճով են, բայց շարքը ցանկացա դասական ոճով անել, ինչպես մարդիկ ճանաչում են նրանց: Ինձ համար կարեւոր մարդիկ են, տեղյակ եմ բոլորի գործունեությանը։ Ցանկանում եմ գործերը նվիրաբերել ամեն մեկի թանգարանին, իսկ բրոնզաձույլ ամբողջական հավաքածուն՝ Հայաստանի ազգային պատկերասրահին: Թումանյանի գիպսե տարբերակը նվիրել եմ նրա՝ Դսեղի տուն-թանգարանին։
- Քանդակներից ամեն մեկի բնավորությունն ինչպե՞ս եք գտել:
-Ասեք Աստված ուժ տված լիներ, ամեն ինչ միանգամից ստացվեց, սկսեցի անել ու ավարտին հասցրի, էլ ավելացնելու ոչինչ չկա։ Իսկական ոգեշնչում էր, որի արդյունքում ամեն ինչ միանգամից եղավ: Հիմա հովանավոր եմ փնտրում, քանի որ քանդակների ձուլումը մեծ գումարների հետ է կապված: Մի քանի օրինակն իմ ծախսով արդեն արել եմ, 500-600 դոլար է արժեցել, վաճառքում 2000 դոլար կլինի։ Չնայած՝ ենթադրում եմ, որ վաճառք չի լինի, բայց գուցե որեւէ մեծահարուստ ցանկանա իր տանն ունենալ «Վերնատան» ամբողջական տարբերակը։ Աջակցության համար դիմել եմ մշակույթի նախարարությանը, բյուջեն արդեն բաշխել էին եւ առաջարկել են ամռանը նորից դիմել։ Նաեւ տարբեր հիմնադրամների կդիմեմ, որպեսզի «Վերնատունը» համատեղ ջանքերով կյանքի կոչենք։
- Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում ստեղծելիս ու, սովորաբար, որքա՞ն է տեւում ընթացքը։
- Բավական արագ եմ անում, որ աշխատանքը չծանրանա եւ էմոցիոնալ առումով չտուժի. ավարտում եմ մոտ մեկ շաբաթվա ընթացքում։ Միշտ փորձում եմ ստեղծագործել մարմնի եւ հոգու ներդաշնակության մասին, թե ոգին մարմնի մեջ ինչպես է աշխատում, միմյանց հետ ինչ փոխհարաբերությունների մեջ են գոյատեւում: Դեռ ուսումնասիրում եմ եւ բացահայտումներ անում՝ կան բաներ, որ հերքում եմ կամ սխալվում, որոնումները շարունակվում են։ Ինքս էլ չգիտեմ, թե աշխատանքներում այդ ամենն ինչպես է արտահայտվում, պարզապես զգացածս եմ քանդակում: Հաճախ ինքս էլ պատկերացում չեմ ունենում, թե ավարտուն տեսքն ինչպիսին կլինի՝ կախված, թե միտքը եւ ոգեշնչումն ումից կլինեն՝ Աստծուց, Սուրբ հոգուց, թե սատանայից։ Նայած՝ որ մեկին կընտրես, այդ ուղղությամբ էլ ամեն ինչ կընթանա։
- Ունե՞ք աշխատանքներ, որ հստակ Աստծուց կամ սատանայից են ոգեշնչված։
- Չեմ փորձում սատանայի ոգեշնչածն անել, կամ նուրբ եմ արտահայտում, որ ոչ մեկը չզգա: Օրինակ՝ հետաքրքիր մարմին եմ քանդակում, որում մարմնի գեղեցկությունն է շեշտված, բայց դա Աստծուց եկած ներշնչանք չի: Իսկ Աստծուց ներշնչվածը «Վերնատունն» է. նա ցանկացել է, որ եւս մեկ անգամ անդրադառնանք մեր մեծերի գաղափարներին ու սերունդներին պատմենք նրանց մասին, կրթենք ու հիշեցնենք, որ նրանք են մեր հիմքը։ Փորձենք նրանց թողած ժառանգության հիմքերի վրա ավելացնել սեփական գիտելիքներն ու ստեղծագործական միտքը:
- Երկար տարիներ ներկայացել եք քանդակագործ Գագո, ինչպե՞ս դարձաք Գագիկ Գեւորգյան:
- Հակառակն էր՝ Գագիկ Գեւորգյան էի, դարձա Գագո, որովհետեւ տեւական ժամանակ ապրել եմ Լիբանանում, որտեղ ամբողջական ազգանունս արտաբերելը բավական բարդ էր: Դրա համար էլ սկսեցի ներկայանալ Գագո ու որոշեցի այդպես էլ մնալ։
- Ինչպիսի՞ն էր Լիբանանում հաստատվելու եւ ստեղծագործելու ընթացքը։
- Եղբայրս ջութակահար է ու Լիբանանի կոնսերվատորիայում եւ սիֆոնիկ նվագախմբում էր աշխատում, 2010 թվականին ես էլ հաստատվեցի այնտեղ։ Բավական շատ գործեր եմ հասցրել անել, Լիբանանում Մեսրոպ Մաշտոցի արձանն եմ քանդակել, որը լավ արձագանքներ ունեցավ սփյուռքահայության շրջանում: Իմ Մաշտոցը բոլոր ավանդույթներից ու մեր պատկերացրած կերպարից դուրս է: Փորձել եմ նրան ստեղծել Աստծո կողմից ստացած ներշնչանքի պահին, ինչպես ես եմ այդ ամենը պատկերացրել։
- Ինչի՞ց սկսվեց Լիբանանում Ձեր գործունեությունն ու մասնագիտական աճի առումով ի՞նչ ձեռք բերեցիք։
- Շատ լավ ու քաջալերող համայնք ունենք, որն ինձ ընդառաջեց ու արվեստանոց տրամադրեց, ցուցահանդես կազմակերպեց եւ վաճառք ապահովեց, ինչի համար շատ շնորհակալ եմ: Աստիճանաբար արաբական շրջանակներում էլ հայտնի դարձա, 45 գործից բաղկացած ցուցադրություն ունեցա, եւ ամբողջն այդ ցուցասրահը գնեց, հիմա էլ ներկայացնում է դրանք։ Լիբանանում շատ մեծ փորձառություն ձեռք բերեցի ու նոր աշխատանքներ ստեղծեցի. ինստիտուտն ավարտելուց հետո էի մեկնել, համարյա ոչինչ չգիտեի ու կայացումս այնտեղ տեղի ունեցավ: Հիմա Երեւանում գործող մանկական ստեղծագործական կենտրոններից մեկում երեխաներին եմ փորձս փոխանցում:
- Ինչպիսի՞ն են երեխաներն ու ի՞նչ կարող է նրանց տալ քանդակագործության հետ ծանոթությունը։
- Մեծ սիրով եմ գնում ու նույնիսկ իմ արվեստանոցից նյութեր տանում։ Լավ երեխաներ կան, որոնց մեջ քանդակագործության նկատմամբ ջիղ եմ նկատում։ Փորձում եմ նրանց չխանգարել, չվնասել ու կարեւոր ուղերձներ հասցնել, որ այս նյութական աշխարհից մի փոքր վերանան ու չպաշտեն այն, կապվեն մշակույթին եւ մտավորին։ Հույս ունեմ, որ նրանց գաղափարները կփոխվեն եւ հեռախոսի, ավտոմեքենայի եւ նյութական այլ արժեքների փոխարեն գեղագիտական ճաշակ եւ այլ արժեքներ ձեռք կբերեն: Մինչեւ 16 տարեկան երեխաներ են, որոնց հետ զրոյից ենք սկսում սովորել, անում են ինչ կուզեն, պարզապես ցույց եմ տալիս ու մի կողմ քաշվում՝ տալով լիակատար ազատություն։
- Եղե՞լ են աշխատանքներ, որ Ձեր հիացմունքին են արժանացել ու նաեւ Դուք եք սովորել երեխաներից։
- Երեխաները բավական լուրջ են ստեղծագործում եւ հետաքրքիր մի քանի գործ արել են։ Նրանց աշխարհը տարբերվող է, իրենցից շատ բան եմ սովորում, որովհետեւ մեծանալուն զուգահեռ կորցնում ես հեքիաթային եւ ստեղծագործական կողմը. եթե կարողանանք դրան պահել, միայն կշահենք։ Ֆանտաստիկ գործեր են անում, կարող են այնպես շուն քանդակել, որ նմանը ո՛չ բնության մեջ կա, ո՛չ ամբողջ տիեզերքում, միմիայն երեւակայության արդյունք է: Ծնողն էլ նայել է ու զարմացել, բացատրել եմ՝ հենց դա է արվեստը։ Երեխաների շնորհիվ ծնողներն էլ են դաստիարակվում եւ սովորում: Հենց այդ մեծ գլխով ու փոքր մարմնով շունն էլ հիացրել է ինձ, երեխան դժվար խոսք ունի եւ իր գործով է արտահայտվել: Երեխաների շնորհիվ մանկանում եմ ու մի քիչ կտրվում առօրյայից:
- Ի՞նչն է Ձեզ գրավում եւ դուր գալիս քանդակներում:
- Անկեղծությունն ու այն, որ վաճառելու համար չեն արվում, երբ արվեստագետն արտահայտում է իր ներսում եղածը։ Եթե քանդակներն անկեղծ են արված, միանգամից զգացվում է։ Ինքս գաղափարից ու ներշնչանքից եմ սկսում ամեն գործ: Առաջին հերթին փորձում եմ ակադեմիական կրթությունս հետին պլան մղել, որ չխանգարի, ազատությունս չընկճի ու ստեղծագործական մտքիս վրա չազդի:
- Քանդակագործությունն արվեստի ամենամնայուն ճյուղերից է, այն ապրում է դարերով, ինչպե՞ս է ազդում մարդու վրա ու ի՞նչ տեղաշարժեր առաջացնում մեր ներսում։
- Այն հոգեկանի նյութական վիճակն է եւ մեր ներսում երջանկության հորմոն է առաջացնում, զգացողություններ ծնում, որոնց արդյունքում հրճվում ենք եւ ուրախանում, հոգեւոր էներգիա ստանում։ Սովորաբար, ասում են՝ մարմինը քանդակեք, հոգին ինքը կմտնի մեջը, հենց այդպես էլ կա: Ամեն քանդակ իր բնավորությունն ունի, ու հենց ստեղծողի հոգին է դրանում տեղ գտնում։ Օրինակ՝ Արամ Խաչատրյանին ու Շառլ Ազնավուրին եմ քանդակել, որքան էլ փորձեմ նրանց ներաշխարհը ցույց տալ, միեւնույն է՝ իմն էլ կա, երկուսը մեկում նույնանում են: Քանդակները պիտի հուզեն եւ դիպչեն մարդու հոգուն։
- Իսկ ինչպե՞ս է քանդակագործությունը ժամանակի հետ կապված ու տեղի ունեցողն արտացոլվում գործերում:
- Այս գործը (ցույց է տալիս սեղանին դրված քանդակը,-հեղ.) ստեղծել եմ ժամանակի թողած ազդեցության տպավորության տակ։ Ես էլ չգիտեմ՝ հետս ինչ էր կատարվել, որ որոշեցի գլուխներն իրար հակառակ շրջված ստեղծել, գուցե, մարդիկ հեռանում են իրարից, կամ էլ Աստծուն են կանչում։ Հնարավոր է՝ այն արտահայտում է նաեւ չբաժանվելու ու ընտանիքի գաղափարը։ Իմ բոլոր գործերն էլ ապրումների ու հոգեվիճակների մասին են։
- Ո՞ր հոգեվիճակն է առավել դժվար արտահայտել:
- Երբ հոգեվիճակ չկա (ծիծաղում է,-հեղ.), միապաղաղ ու անորոշ վիճակում ես, իսկ երբ այն շեշտված է, ստեղծագործելու մեծ հնարավորություն է տալիս։ Ես հատկապես բացասական երեւույթներից եմ սնուցվում, բայց ամենաշատը՝ անարդարությունից: Ամբողջովին ներշնչանք է դեպրեսիան, եթե, իհարկե, կարողանաս այն ճիշտ օգտագործել, երբեմն էլ այդ հոգեվիճակով վախենում եմ գործերին մոտենալ։ Խռովքի պահերին ոչ սովորական մտքեր եւ ստանդարտ լուծումներ են լինում։ Այդ գործն էլ 7 տարի առաջ նման մի հոգեվիճակում եմ ստեղծել: Մտադիր եմ՝ մեծն անել մոտ 2 մետր բարձրությամբ եւ պատկերացնում եմ լողավազանում պատվանդանին տեղադրված։
- Քանդակագործության առումով ինչպիսի՞ն է Երեւանն ու ի՞նչ է նրան պակասում:
- Ստեղծագործական գործեր չկան, եղածներն էլ միայն արձաններ են: Առնո Բաբաջանյանի ու Սասունցի Դավթի արձանները շատ լավն են, բայց մեզ այլ ասելիքով գործեր էլ են պետք, խորհրդանիշներ, որպեսզի մարդիկ ուրախ կամ տխուր պահերին ցանկանան տեսնել։ «Ջրավաճառ տղայի» քանդակի հետ մարդկանց հիշողություններն են կապված ու նրանց կյանքի մի մասն է կազմել։ Քաղաքում նաեւ բուժիչ քանդակներ չկան, օրինակ՝ Եվրոպայում ամեն տեսակ գործեր կտեսնեք, որոնց շուրջը մարդիկ նստում են, հանգստանում, մտածում, ժամադրվում։ Կասկադի արձանախումբը շատ անհասկանալի է:
- Մի քիչ պատմեք նաեւ Ձեր անհատական ցուցահանդեսների մասին:
- Աշխարհով մեկ 11 անհատական ցուցահանդես եմ ունեցել՝ Դուբայում, Բեյրութում, Հայաստանում, եւս մեկն էլ արտերկրում առաջիկայում է նախատեսվում: Կազմակերպելը շատ դժվար է, քանի որ մենք համադրողներ ու հովանավորներ չունենք, ամեն ինչ ստեղծագործողի ուսերին է դրված։
- Կպատմե՞ք Հռոմի պապի համար արված «Հայ որբուկներ» աշխատանքի մասին:
- 2016 թվականին Գյումրու Անարատ հղության քույրերի միաբանությունը Հռոմի պապին նվիրելու համար արձան պատվիրեց։ Մեծավորուհի քույր Արուսյակն էր ինձ հուշել՝ Հռոմի Պապն ուշադիր է որբերի ու որբանոցների նկատմամբ։
- Որո՞նք են Ձեզ համար բոլոր ժամանակներում արված յուրահատուկ քանդակները:
- Դասականներին եմ շատ սիրում, հավանում եմ հատկապես Վերածնունդը, Միքելայջելոյի «Պիետա»-ն ֆանտաստիկ գործ է, ներշնչանքի աղբյուր։
- Ինչո՞ւ է հենց Վերածննդի դարաշրջանն այդքան կատարյալ արտահայտել մարդու մարմինը:
- Որովհետեւ վերածնունդ տեղի ունեցավ՝ հանեցին հագուստը եւ մարմինները մերկացան, ազատություն եւ հումանիստական արժեքներ եկան: Ինքս Վերածննդի ժամանակաշրջանը միայն կատարելության համար եմ սիրում, ոչ թե գաղափարի։ Ամեն ինչ կատարյալ է արվել, քանդակագործությանը ֆանտաստիկ են տիրապետել ու անթերի աշխատել։
- Իրականում մարդու մարմի՞նը, թե՞ հոգին է ավելի գեղեցիկ:
- Մեկը մյուսով են արտահայտվում. տեսնում ես մարդու աչքերը, արտաքինը, դեմքն ու ամեն ինչ զգում, բայց ավելի կարեւորը հոգին է:
- Ինչպե՞ս է փոխվել ու ինչպիսի՞ն դարձել ժամանակակից քանդակագործությունը:
- Ժամանակակից քանդակագործությունը ճգնաժամի մեջ է, ոգի չկա, ատոմային, սառը ձեւեր ու ծավալային գործեր են հիմնականում: Եթե մի բան ինձ հոգեպես չի հուզում, արժեք չեմ համարում։ Ոգու սով է, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում. նորից վերադառնալու են այն ամենին, ինչ ասելիք ու միտք ունի:
Գագիկ Գեւորգյանը
- Ինչպե՞ս եք հասկացել, որ ցանկանում եք հենց այս ամենով զբաղվել։
- Արդեն 40 տարի է, որ զբաղվում եմ, իսկ ամեն ինչ սկսվել է Մարտիրոս Սարյանի անվան դպրոցում, որտեղ սովորել եմ։ Հսկայական արվեստանոց ունեինք ու հենց առաջին դասարանից քանդակագործություն էինք անցնում, ինչն էլ իր ազդեցությունն է թողել։ Սրտներիս ուզածը ստեղծում էինք, ես էլ շատերի պես կենդանիներից եմ սկսել, հետո 4 տարի հաճախեցի Հենրիկ Իգիթյանի ստուդիա, սովորեցի Թերլեմեզյանում, ապա Գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտեցի: Անընդհատ չեմ աշխատում, դադարներ եմ ունենում՝ անգամ մեկ տարի, բայց միանգամից 20-30 գործ կարող եմ անել: «Վերնատունն» էլ այդպես միանգամից է ծնվել, ինչից հետո երկար դադար եղավ: Հիմա գլխումս 30 գործից բաղկացած նոր նախագիծ կա։
- Մեծ քանդակագործներից ո՞ւմ կուզեիք հանդիպել եւ ի՞նչ գաղտնիք իմանալ նրանցից։
- Միքելանջելոյին ու իմանալ, թե իր քանդակների ծալքերն այդպես իրական ինչպես է քանդակել: Հիմա դրանք ստանալու համար հնարքներ կան, բայց այն ժամանակ չի եղել։ «Պիետա»-ն 24 տարեկանում է արել, ինչպե՞ս է կարողացել։
- Ի՞նչ է ընկած կյանքի ու արվեստի միջեւ:
- (Երկար լռություն,-հեղ.)։ Արվեստն ու կյանքն էլ վարպետության դաս են: Պիտի երկուսն էլ հիանալի կատարես՝ ապրես ու ստեղծագործես: Արվեստը կյանքի գեղարվեստական մասն է:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: