Գյումրիի մարդաշատ ու գեղեցիկ Աբովյան փողոցում յուրահատուկ պատկերասրահ կա: Անցնելիս ուշադիր եղեք ու ներս մտեք երկաթե դռնով, գողտրիկ փոքրիկ բակ ու պատշգամբ կտեսնեք, ինչն էլ կնշանակի, որ ճիշտ տեղում եք՝ Մարիամ եւ Երանուհի Ասլամազյանների պատկերասրահում:
Քույրերի ստեղծած ինքնատիպ ու գույներով լի աշխարհում շատ բան կա տեսնելու՝ տարբեր երկրների կանանց, հետաքրքիր ինքնադիմանկարներ, հայկական բնաշխարհն ու այնտեղ ապրող մարդկանց, անկրկնելի կերամիկական աշխատանքներ ու շատ պղպեղներ:
Պատկերասրահում երկրորդ անգամն էի. Գյումրիի համար անսովոր ջերմ աշնանային մի օր նորովի բացահայտեցի քույրերին ու նրանց գործերը, ինձ օգնեց տնօրենը՝ Կարեն Բարսեղյանը:
Հիմնադրումը
Մարիամ եւ Երանուհի Ասլամազյանները քաղաքային իշխանությունների առաջ պայման են դրել՝ եթե 1800-ականներին կառուցված շենքն իրենց տրամադրեն, 600-ից ավելի աշխատանք կնվիրեն քաղաքին: Համաձայնության են եկել, ու 1987 թվականին պատկերասրահը բացվել է, սակայն մեկ տարի անց վնասվել երկրաշարժից: Աշխատանքները տարբեր ֆոնդերում են պահվել, մինչեւ որ 2004 թվականին պատկերասրահը վերաբացվել է:
«2 տարի առաջ «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում շենքը վերաձեւափոխվեց եւ ներքին հարդարում արվեց: Սուբվենցիոն ծրագրով էլ ամբողջությամբ նոր պատշգամբ հավաքեցինք՝ պահպանելով հին տեսքը. երկար տարիներ այն փակ էր, քանի որ վթարային վիճակում էր: Պատկերասրահի այս ցուցադրությունը համադրել է արվեստի պատմաբան Վիգեն Գալստյանը»:
Սրահները
Երկհարկանի շենքը բաժանված է 8 սրահի, որոնցում քույրերի աշխատանքները կողք կողքի են եւ առանձնացված միայն թեմաներով: Երանուհի Ասլամազյանի կտավներում գերակշռում են հայրենասիրական թեմայով գործերը. նա սիրել է նկարել Հայաստանի բնությունն ու մարդկանց, իսկ Մարիամի գործերում նկատելի է համաշխարհային ազդեցությունը՝ ոգեշնչված բազմաթիվ ճանապարհորդություններից:
Ծանոթությունը սկսում ենք «Խորհրդային քաղաքացին» սրահից, որտեղ պատկերված են այդ տարիներին արդի ու պահանջարկ ունեցող մասնագիտությունների տեր մարդիկ՝ «Կոլտնտեսուհին», «Կոմսոմոլուհին՝ Տաթեւից», «Ծեր բոլշեւիկ Բերբերյանի դիմանկարը»: Ապա հայտնվում ենք «Արդիականության հետքերով» սրահում, միանգամից երեւում է Հնդկաստանի ազդեցությունը, որտեղ քույրերը մի քանի անգամ են եղել եւ շատ տպավորվել, անգամ հանդիպել են Ինդիրա Գանդիի հետ ու նրան հրավիրել Հայաստան: Հնդկաստանում Մարիամ Ասլամազյանը նաեւ վարպետության դասեր է անցկացրել ու կիսվել իր հմտություններով:
Սրահում միանգամից ուշադրություն է գրավում «Ուսանողուհին Դելիից» կտավը՝ սեւաչյա ու սեւահեր աղջիկը մտահոգ նստած է դեղին գիրքը ձեռքին: Մի քանի տարի առաջ պատկերասրահը Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան հետ համատեղ ցուցադրություն է արել ու ներկայացրել այդ երկրին նվիրված գործերը:
«Վիգեն Գալստյանը թարմություն է հաղորդել ցուցադրությանը, եւ, օրինակ՝ «Կամրջի շինարարությունը Երեւանում» կտավը, որում պատկերված է Դավթաշենի կամրջի կառուցումը, առաջին անգամ է ներկայացված: Նկարներում պատկերված են այդ տարիներին արդի շատ վայրեր ու երեւույթներ, որոնց թվում են Կապանում հանքի փորումը եւ հայտնի վարդագույն տուֆը»:
Քույրերը միայն գեղանկարչությամբ չեն զբաղվել, ունեցել են նաեւ գրաֆիկական ու կերամիկական աշխատանքներ, որոնք ցուցադրված են «Ազգ եւ բնաշխարհ» սրահում: Այդ տարիներին կերամիկայի զանգվածային արտադրություն չի եղել, եւ նրանց վառ եւ հետաքրքիր մտահղացումները դարձել են արվեստի առանձին ու գեղեցիկ գործեր:
«Կերամիկայի շատ մասնագետների հետ ենք շփվել ու նրանց կարծիքն իմացել պատկերասրահի նմուշների վերաբերյալ՝ բավական բարձր գնահատական են տվել: Մեզ մոտ եկել են նաեւ գործերը հատուկ ուսումնասիրելու համար: Վերջերս ֆրանսիացի մի այցելու ունեինք, նա էլ հետաքրքիր կերպով մեկնաբանեց աշխատանքները: Անգամ հիմա շարունակում են սովորել Ասլամազյան քույրերից»:
Առաջին հարկում ամեն ինչ տեսնելուց հետո աստիճաններով բարձրանում ենք ու հայտնվում «Գույն, առարկա եւ ձեւ» բաժնում: Այստեղ իսկապես վառ գույներն ու չինական դիմակներն են գերակշռում, բայց հատկապես աչք կտրել չի լինում հայտնի «Պղպեղներ. բոց» նկարից: Մարիամ Ասլամազյանը բազմերանգ պղպեղներով առաջին հերթին իր ներքին հոգեվիճակն ու հույզերն է արտահայտել:
Պատկերասրահը դռներ չունի, ու հաջորդաբար միմյանց միացող «Հիշողություն», «Տեսնելով կանանց», «Պատկերելով աշխարհը» շարքերը ներկայացնում են քույրերի տեսած տարբեր՝ տարազներով, գլխաշորերով, սեւամորթ ու սպիտակամաշկ կանանց ու նրանց ճակատագրերը, իրենց մոր պատկերը, Հայաստանի բնության սիրելի անկյունները, սեփական բնակարանն ու ինքնադիմանկարները: Մարիամ Ասլամազյանը սիրել է կիրառել կտավի մեջ սեփական նկարն անելու հնարքը:
«Փոքր էտյուդների հետաքրքիր շարք ունենք՝ նվիրված Իտալիային, Լիբանանին, Ռուսաստանին: Մրցակցություն քույրերի միջեւ ինչ-որ առումով եղել է, առանց դրա անհնար կլիներ, թեեւ իմաստային եւ գունային առումով նրանք բավական տարբերվում էին իրարից»:
Ինքնադիմանկարները
Նկարիչներն իրենց կյանքի 3 շրջանների մասին ինքնադիմանկարներ ունեն, որոնք արվել են մի քանի տարիների տարբերությամբ: Հատուկ հավելվածի միջոցով այցելուները կտավների ստեղծման պատմությանը ծանոթանալու հնարավորություն ունեն: Ահա թե ինչ է հնարավոր հեռախոսի միջոցով իմանալ «Տարբեր տարիների դիմանկարների» մասին:
«Հագիս զինվորական համազգեստ է, իսկ ծաղիկներից հյուսված գլխի պսակը փոխարինել եմ փշե պսակով, եւ այլեւս պատասխանատու եմ ամեն արարքիս համար։ Պետք է կարողանալ վերապրել պատերազմական տարիների աղետալի հետեւանքները, որոնց արդյունքում կորցի ամուսնուս եւ հորս։
Պատերազմից թրծված, այլեւս վճռական, նպատակասլաց եւ ուժեղ եմ։ Կյանքիս այս փուլում մի տեսակ ինքնամեկուսանում, առանձնանում եմ հասարակությունից դեպի միայնություն ու դեպի կնոջ իրական ինքնություն: Փորձում եմ հետազոտել ինքս ինձ, ասես լինեմ հայելու մեջ՝ դեմ դիմաց կանգնած։ Մանկուց հայելիներն իմ զրուցակիցներն են եղել, հիշում եմ՝ երբ փոքր էի, ամեն անգամ տեսնում էի, որ մի աղջնակ ինձ հետեւում էր՝ կրելով այն զգեստները, մազի ժապավեններն, ինչ ես, եւ մի օր զայրացա, փորձեցի բռնել ու պատժել նրան։ Մայրս բացատրեց, որ այդ տարօրինակ կերպով ինձ հետապնդող եւ նմանակող աղջնակը հայելու մեջ իմ արտացոլանքն է։ Այդ օրվանից հայելին դարձավ հավատարիմ զրուցակիցս, ինձ հաճախ էին այցելում ինքնասպանության մտքեր, եւ հայելու հետ երկխոսությունը բազմիցս կարողացել է կանխել ինքնասպանության հերթական փորձս:
Ահա ես ինքնահաստատված, իմաստնացած եւ ինքնաբավ, հավատարիմ իմ միակ առաքինությանը՝ ստեղծագործելուն։ Միշտ սիրել եմ ազգային հագուստն, արծաթե զարդերը, գլխի բազմերանգ փաթթոցները, որոնք կապված են իմ պատմության եւ հուշերի հետ։ Ազգային էթնիկական առանձնահատկությունների, գյուղական կերպարի, աշխատող մարդու հանդեպ վերաբերմունքը գալիս է հորիցս ժառանգած ալեքսանդրապոլցուն վայել հատկանիշներից՝ պնդաճակատության ու պայքարի ջիղից, որոնք տեսանելի են նաեւ արտաքինիս մեջ։
Երբեմն արտաքին դիմագծերս համեմատում են մեքսիկացի նկարիչ Ֆրիդա Կալոյի հետ՝ թավ հոնքեր, ընդգծված նշաձեւ աչքեր»:
Ակտիվ շրջանն ու յուրահատկությունը
Հայաստանում ու առհասարակ աշխարհում այնքան էլ շատ չեն կանանց նվիրված թանգարաններն ու պատկերասրահները: Գյումրին այդ առումով տարբերվում է, քաղաքը դեռ Ալեքսանդրապոլ կոչվելու տարիներից կարեւորել է կանանց դերն ու ակտիվությունը: Նման միջավայրում են ծնվել եւ մեծացել նկարիչ քույրերը, ու թեեւ նրանք կայացել են Մոսկվայում, սակայն միշտ պահել են կապը հարազատ քաղաքի հետ ու հենց այդտեղ ցանկացել սեփական պատկերասրահն ունենալ:
«Մարիամն ու Երանուհին գեղանկարչության մեջ բավական լուրջ հետք են թողել՝ ներմուծելով նոր վրձնահարվածներ, ուսումնասիրել ու ստեղծել են բացառիկ կերամիկական գործեր եւ տարատեսակ պաստառներ: Նրանք բնավորությամբ բավական ուժեղ են եղել ու կայացել շատ ծանր ժամանակներում՝ ընտանիքը կուլակաթափ է եղել, ամեն ինչ կորցրել, բայց անգամ այդ պարագայում ամբողջ պատասխանատվությունը վերցրել են իրենց վրա, հաղթահարել են դժվարությունները, կայացել ու իրենց հետքը թողել»:
Պատկերասրահում հիմնականում ակտիվություն է նկատվում շաբաթվա վերջին երեք օրերի ընթացքում, բայց այցելուների թիվը զգալիորեն ավելանում է ամռանը, երբ Գյումրին վերածվում է զբոսաշրջության կենտրոնի:
«Ուրախալի է, որ մեծ թիվ են կազմում եվրոպացի այցելուները՝ գերմանացիներ, ֆրանսիացիներ, ավստրիացիներ, ովքեր քաղաքում լինելու դեպքում անպայման նաեւ մեզ մոտ են գալիս: Գյումրիում հիմնականում գերակշռում են գրողներին նվիրված թանգարանները, որոնք արտասահմանցիների համար այնքան էլ հասանելի չեն, իսկ պատկերասրահն ավելի տեսողական է ու հեշտ է ընկալվում բոլորի կողմից: Նկարների միջոցով հնարավոր է ավելի հեշտ ու արագ ծանոթանալ ցանկացած երկրի մշակույթին: Մենք Հայաստանում յուրահատուկ ցուցադրություններից մեկն ունենք»:
Պատկերասրահում կա շուրջ 720 գրաֆիկական, կերամիկական եւ գեղանկարչական գործ։ Հավաքածուն համալրվել է նաեւ նվիրատվությունների շնորհիվ՝ Մարիամ եւ Երանուհի Ասլամազյանի գործերն ունեցողները դրանք սեփական ցանկությամբ հանձնել են պատկերասրահին:
Երկրորդ հարկում գործում է փոքրիկ խանութ, որտեղ բազմաթիվ հուշանվերներ կան Գյումրիից ու Հայաստանի տարբեր մարզերից, վաճառքի է հանված նաեւ Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթար» գիրքը. նկարչուհին այն ռուսերեն է գրել, հետագայում թարգմանվել է անգլերեն, նախատեսում են առաջիկայում ունենալ նաեւ հայերեն տարբերակը:
«Նպատակ կա բացօթյա հատվածում ունենալ արտ-սրճարան ու ընթերցարան, շինարարության ավարտից հետո նաեւ պետք է բակը վերանորոգել ու փոքր բեմ տեղադրել, որպեսզի հնարավոր լինի հետաքրքիր տարբեր միջոցառումներ անցկացնել»:
Նկարիչ տնօրենը
Կարեն Բարսեղյանը պատկերասրահի տնօրենն է արդեն 2 տարի, ինքն էլ նկարիչ է ու առաջարկությունը ստանալուց հետո որոշել է չհրաժարվել աշխատանքից: Նրա գործերը Գյումրիում «Գալլերի 25»-ում են ցուցադրվում, բայց հիմնականում շրջագայել են եվրոպական մի քանի երկրում, ԱՄՆ-ում եւ Թայվանում:
«Ստեղծագործելիս ոգեշնչվում եմ իմ շուրջը կատարվող դեպքերից ու իրադարձություններից: Այդ ամենն իմ ներսում ֆիլտրում եմ ու ներշնչանքի աղբյուր դարձնում: Հիմա հիմնականում օգտագործում եմ ջինսը՝ ուղիղ իմաստով, ինչպես նաեւ վերամշակում եմ ու ստացված նյութի վրա նկարում»։
Նա քույրերի կտավներից հատկապես սիրում է Երանուհի Ասլամազյանի լիբանանյան էտյուդները, որոնց մեջ թարմություն, ազատություն եւ ոգեշնչում է տեսնում, ինչը պայմանավորում է փակ Խորհրդային Միությունից դուրս գալու եւ նոր մշակույթի հետ առնչվելու հնարավորությամբ:
Պատկերասրահում Բարսեղյանի սիրելի վայրը միշտ պատշգամբն է եղել, որտեղ մեզ խանգարող, բայց հաճելի արեւի ուղեկցությամբ էլ զրուցում ենք: Ուրախությամբ նշում է, որ պատկերասրահում մի հետաքրքիր գաղափար են իրականացնել՝ առաջին հարկում ժամանակակից արվեստի փոքր ցուցադրություններ են ունենում:
«Այդ ցուցադրությունների շնորհիվ պատկերասրահը սկսում է շնչել՝ Մարիամ ու Երանուհի Ասլամազյանի կտավների կողքին այցելուները հնարավորություն են ունենում ծանոթանալ նոր արվեստին եւ զուգահեռներ անցկացնել: Իմ կարծիքով՝ դրանք իրար փոխլրացնում են»:
Այդ պահին էլ գործում էր «Գալիք Արտ Սփեյս» ցուցադրությունը, ներկայացված էին մի խումբ արվեստագետների աշխատանքներ:
«Գալիքն ապագայի հոմանիշն է, եւ շատ կարեւոր է, թե ապագան մեզ ինչպես է դիմավորում, ու ինքներս ինչպես ենք դրան մոտենում»։
Զրույցը եւ լուսանկարները՝ Հասմիկ Բաբայանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: