×


Stand Up Level Up՝ նոր ձեւաչափ հայկական հումորի դաշտում․ պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները

Վերջին տարիներին հայկական հումորը նոր թափ է առնում, եւ այս անգամ պրոդյուսերներ Վահան Թովմասյանը եւ Մհեր Մխիթարյանը լսարանի դատին են հանձնում իսկական սթենդ-ափ շոու: Stand Up Level Up հումորային նախագծի առաջնախաղը «Բոհեմ» թատրոնում էր, որտեղ էլ ռեզիդենտները պատրաստվում են ծավալել իրենց գործունեությունը։

«Բոհեմ»-ի տանիքի տակ հավաքվել է տարբեր նախագծերից հայտնի 7 հումորիստ՝ Վահան Թովմասյանը, Մհեր Մխիթարյանը, Արմեն Սարգսյանը, Տիգրան Գեւորգյանը, Վազգեն Օհանյանը, Նինա Տիտանյանը եւ Անդրանիկ Համբարձումյանը:

Վահան Թովմասյանը եւ Գեւորգ Մարտիրոսյանը


Պրոդյուսեր Վահան Թովմասյանը նշում է՝ նվիրված տեւական աշխատանքի արդյունքում են կյանքի կոչել նախագիծը. «Ես եւ Մհերը երկար ժամանակ է՝ զբաղվում ենք հումորով, պարբերաբար ուսումնասիրում արտերկրում ներկայացվող stand up-ները եւ որոշեցինք՝ մենք եւս պետք է համախմբենք մարդկանց, որոնք ցանկանում են զբաղվել հումորով եւ դրական էներգիա փոխանցել: Այստեղ ելույթ են ունենում մարդիկ, որոնց կյանքում հումորն ունի կարեւոր կշիռ եւ սա սիրելի աշխատանք է»։

Թովմասյանը մանրամասնեց ռեզիդենտների ընտրությունը՝ վստահեցնելով, որ հանդիսատեսը կգտնի հոգեհարազատ հումորի ձեւաչափն ու կերպարը. «Արմենը, Տիգրանը, Վազգենը եւ Անդրանիկը «խիտ» հումոր են ներկայացնում, յուրաքանչյուրն ունի իր ոճն ու թեման, բավական փորձառու են հենց ակումբային stand up-ի դաշտում, հրաշալի հասկանում են, թե հումորն ինչպես է աշխատում, ինչպիսին է լինում արձագանքը։ Ես եւ Մհերը մեծամասամբ աշխատել ենք մեդիաոլորտում, մեր հումորն ու ոճը եւս տարբերվում է. եթե ես պատմում եմ խիստ անձնական եւ կենցաղային պատմություններ, Մհերը ներկայացնում է հումորային իրադրություններն ու դրանց մեկնաբանությունը։ Նինայի համար սա երազանք էր, նա մեր թիմի միակ աղջիկն է»։


Նինա Տիտանյանը լսարանին հայտնի է «Հումորի լիգա» հեռուստանախագծից, խոստովանեց՝ ցանկանում է, որ հանդիսատեսը ճանաչի հենց իրեն, ոչ թե մարմնավորած կերպարներին։

«Սոցիալական հարթակներում ինձ չեն ճանաչում, նույնականացնում են մարմնավորած կերպարների հետ, իսկ այստեղ ես պատմում եմ իրական կյանքից վերցված պատմություններ ու միջադեպեր, որոնք ես ապրել եմ, զգացել: Անհավանական հաճույք է, կարծում եմ՝ ինձ կհասկանան հենց ոլորտի մարդիկ. լավագույն գնահատականն է, երբ դահլիճում ներկա հանդիսատեսը ծիծաղում է հումորներիդ վրա»,– ասաց Նինա Տիտանյանը։

Նինա Տիտանյանը


Նախագծի համահեղինակ Մհեր Մխիթարյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք հանդիսատեսը պատրաստ է ընդունել անձնական հումորներ, նշում է՝ երկար տարիների փորձը թույլ է տալիս, որ ներկաները սեւ կամ անձնական հումորները ընկալեն եւ ծիծաղեն:

Պրոդյուսերները նախատեսում են սցենարի հաճախակի փոփոխություն եւ հետագայում ունենալու են ազատ խոսափող, որ մարդիկ, որոնք զբաղվում են հումորով, կարողանան բեմ բարձրանալ։

Մհեր Մխիթարյանը


«Նախագիծը շարունակական է լինելու: Մենք որոշել ենք զբաղվել իրական Stand Up-ով. տարիներով նույն հումորը չենք անելու, մասնակիցները նոր սցենարով են հանդես գալու»,- հավելեց Մհեր Մխիթարյանը։

Ելենա Վարդանյանը


Նշենք, որ Stand Up Level Up-ի հաջորդ ներկայացումը հունիսի 6-ին է։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW