×


Ամենայն հայոց քյարթություն․ անատոմիան եւ ազդեցությունները

Բանալին պտտում ենք, շարժիչը գործի դնում ու ճանապարհ ընկնում. այսօրվա փոխադրամիջոցը սպիտակ ՎԱԶ-2121 Նիվա է, ուղղությունը՝ Չարբախ, հետո Մասիվ ու մի քիչ էլ անցյալ, ուղեկից՝ Գագիկ, ընկերների համար՝ Գագո։

Քյարթու. ենթամշակույթ, որն ունի իրեն հատուկ խոսույթ, կեցվածք, հագուկապ եւ երաժշտական ճաշակ։ Սովորաբար այսպես բնութագրվող մարդիկ լինում են ավանդապաշտ, աստվածավախ եւ մեծամասամբ ճշմարտախոս։ Այսպիսին է միջին վիճակագրական քյարթու կերպարը։

Այսօր երկար ճանապարհ ենք անցնելու՝ հասկանալու բառի ողջ իմաստը, նշանակությունն ու պատմությունը հայ հասարակության մեջ։ Մինչեւ մեր հավատարիմ ընկերոջը հասնելն ու քյարթու կերպարի հետ մոտիկից ծանոթանալը պատմենք, թե երբ ենք մենք նրանց տեսել առաջին անգամ։

Եվա․ «Երբ փոքր էի, շրջապատումս հաճախ էին «Կարգին հաղորդում» միացնում։ Էպիզոդներից շատերում կային նման կերպարներ, առանձնանում էին սեւավոր հագուստներով, լաքած սանրվածքներով ու իրենց առանձնահատուկ խոսելաոճով»:



Աստղիկ․ «Ես նրանց առաջին անգամ հանդիպեցի մեր գյուղում. դե, իրենք հիմնականում հանդես էին գալիս խմբերով։ Կդժվարանամ հիշել, թե հստակ քանի տարեկան էի, բայց իրենց մասին լեգենդներն ու առասպելներն անկարող եմ մոռանալ»։


Լեգենդ․ «Քյարթուի երազանքների աղջիկը»

Ինչպիսի՞ն է աշխարհը նրանց աչքերով կամ մգեցված ապակիների հետեւից․ հարցնենք Գագիկին։

Բարի օր, աղջիկնե՛ր։ Ես Գագիկն եմ, ձեզ համար՝ Գագո։

Սպիտակ Նիվա, «ճռիկներ», բարձրաճաշակ երաժշտություն, ու մեր ծանոթությունը համարում ենք սկսված։

Դը՜խկ։

- «Էդ դուռը՝ մի քիչ կամաց, էլի»։

Եվա․ «Գագիկ, իսկ դուք երբվանի՞ց կաք»։
Գագիկ․ «Շատ շուտվանից»։
Եվա․ «Մոտավոր երբվանի՞ց»։
Գագիկ․ «Դե, քուրս, էնքան շուտվանից կանք, որ մոտավոր էլ չգիտեմ, դե, դու արդեն պատկերացրա՝ էդ ինչքան ա անում»։

«Շատ շուտվանից» տարբերակը պատկերացնելը բարդ է, անգամ անհնար, ուստի մինչեւ 3-րդ մաս գնալը պիտի այցելենք ազգագրագետ Սվետլանա Պողոսյանին։

Հանկարծ լռությունը կոտրում է Գագիկն ու վրդովված ասում․ «Բայց իրան ո՞վ ա թողել, որ մեր մասին խոսա, է՜»։


Սվետլանա Պողոսյան․ «Կա կարծիք, որ այս եզրույթը թուրքական ծագում ունի, բայց իրականում այն ավելի շատ արեւելյան է, գուցե հնդկական։ Ժամանակին Բանգլադեշ, 3-րդ մաս թաղամասերն ավելի հակված էին արեւելյան մշակույթին ու վաղ թե ուշ պիտի ստեղծեին իրենց ենթամշակույթը՝ համադրելով հայկականի հետ։ Չնայած տարակարծություններին՝ բնականաբար, սա եւս ենթամշակույթ է, ինչպես, օրինակ, ժամանակին սատանիստները կամ գոթերը։ Հայաստանում ավելի շատ տարածվեցին հետխորհրդային շրջանում՝ 90-ականներից 2000-ականներին, երբ ազգայինի ընկալումն ավելի կարեւորվեց»։

Գագիկ․ «Հա, բայց հնդկակա՞ն, չնայած, վ պրինցիպե, ճիշտ ա ասում»։

Եթե ինքնուրույն թերթենք պատմության էջերը, կտեսնենք, որ իսկապես Խորհրդային Հայաստանում կարդացած լինելը, նորաձեւությանը հետեւելը կամ ինքնազարգացմամբ զբաղվելը շատ կարեւոր էր։ Անկախացումից հետո արժեհամակարգային փոփոխություններ տեղի ունեցան։

Սվետլանա Պողոսյան․ «Ընտանիքի ու արժեքների հանդեպ վերաբերմունքը փոխվեց, ու դրանք գնահատողները ճանաչվեցին որպես հետամնաց։ Այլեւս սահմանափակող զսպանակներ չկային, եւ արեւմտյան վարքուբարքը լայն տարածում էր գտնում, հենց այս ազատամիտներին էլ հակադրվելու եկան, այսպես կոչված, քյարթուները, իսկ մեդիան օգնեց քարոզչությանը»։

Քյարթուների մտահոգությունը ավանդապահությունն էր, իսկ հանապազօրյա բան ու գործն էլ բակային հաշիվների պարզաբանումներն էին, կարճ կիսաշրջազգեստով աղջկիկների հետեւից ռեպլիկ թողնելն ու արեւածաղիկ կեղեւազրկելը։

Գագիկ․ «Դուք գոնե «Մեր բակը» նայե՞լ եք, այ, էդ հենց մեր նման մաքուր աբրած տղերքի մասին ա, էսքան հարցեր տալու ու ինձ ստեղ-ընդեղ քաշ տալու տեղը կարաք կինոն նայեք, ձեր հոդվածը գրեք»։



«Մեր բակը» նայել ենք գրեթե բոլորս, բայց չենք իմացել, թե ինչպիսին է եղել պատկերն էկրանների հակառակ կողմում, ովքեր են եղել այդ տղաներն իրականում եւ ինչ են ասում մեզ հեռավոր 90-ականներից։ Ֆիլմի ռեժիսոր Միքայել Դովլաթյանը գուցե ունենա մեր հարցերի պատասխանները։


Միքայել Դովլաթյան․ «Ասել, որ ֆիլմը քյարթերի մասին է, համաձայն չեմ. իրենք իրական 90-ականների Երեւանի տղաներն էին։ Ֆիլմում քյարթի նախատիպը Հայկ Մարությանի կերպարն էր, ոչ թե բակային հաշիվներ պարզող տղաներինը։ Մենք ծիծաղում էինք այդ երեւույթի վրա, ցույց չէինք տալիս, որ գովենք, սարկազմի միջոցով պատմում էինք, որ այդպիսի «իդիոտներ» էլ կան»։



Այնուամենայնիվ, ռեժիսորի ու մեր Գագոյի տեսակետները տարբեր են։ Ֆիլմը ոչ թե «մաքուր աբրած տղերքի», այլ լրիվ այլ բանի մասին էր։ Մնում է պարզել՝ Գագոն ֆիլմի ասելիքը սխալ հասկացավ, թե՞ մեդիան քյարթուներին հրաշալի գովազդեց։

Մեդիայում հայտնվող կերպարներն ունեին իրական նախատիպեր։ Օրինակները շատ են․ «Կարգին»-ով սկսվող բոլոր հաղորդումներից մինչեւ Դիանա Գրիգորյանի սցենարական լուծումները։ Ու նրանք ոչ միայն հեռուստացույցի էկրաններին են, այլ նաեւ մեր հեռախոսներում։ Մենք հանդիպում ենք նրանց ամենուր՝ տիկտոկյան ուղիղ եթերներից մինչեւ ինֆլյուենսերների ստեղծված կերպարները։ Բայց տարբերությունները շատ են, եթե օրինակ՝ Միքայել Դովլաթյանի թիմն ուներ նպատակ ամեն ինչ հումորով ներկայացնելու, ինֆլյուենսերները այս ենթամշակույթը պարզապես պատճենում են՝ առանց սարկազմի, ու գուցե դեռ չձեւավորված լսարանին օրինակ են ծառայում։

Գագիկ․ «Ես չեմ հասկանում, մենք մեր կարծիքը չե՞նք կարա ունենանք, հմի դու ըտենց ես մտածում, ես՝ ըսենց։ Մենք՝ մեր պանյատները, մնացածի ի՞նչ գործն ա»։
Աստղիկ․ «Կարաս, Գագո ջան, մենք էլ էդ ենք ասում։ Արի, օրինակով քննարկենք հարցը։ Ենթադրենք, ես ուզում եմ մազերս կարմիր լինի կամ բաց հագնվեմ, ես հիմա վա՞տն եմ՝ ըստ ձեր պանյատների»։
Գագիկ․ «Դե, այ քուրս, էլի դու մեր քուրն ես, բայց ասենք, լիչնը ինձ չի դզի»։
Աստղիկ․ «Իսկ պանյատներն ի՞նչ են ասում»։
Գագիկ․ «Ըստ պանյատների՝ երկու սանտիմետրանոց յուբկայով, տատուն վրեն խփած, էդ քո նման գունավոր մազերով աղջիկը, կներես, իհարկե, բայց անբարոյական ա, բայց դե, ես քեզ հո գիտեմ, քո մասին չի»։
Աստղիկ․ «Բա ճիշտը մի հատ չէ՞ր»։

Գագոյի ու իր գաղափարակիրների կարծիքները ծայրահեղ տարբեր են, արագ փոփոխվող ու հարմարվող։ Երբեմն «պանյատները» իրավիճակային են։ Դու հնարավորություն ունես լույսի արագությամբ անբարոյականի պիտակ ստանալ հագածիդ համար, բայց եթե պատահմամբ ծանոթ դուրս գաս, ձայնի արագությամբ «պանյատները» հօդս կցնդեն։

Գագիկ․ «Նայի, քուրս, ճիշտը, էլի հա, մի հատ ա, բայց, օրինակ, եթե մենք մեծ կրուգով հավքվում ենք ու ինչ-որ թեմա քննարկում, ըտեղ ամեն մեկս ունենք մեր ճիշտը, բայց պետք ա սաղովի գանք ընդհանուր հայտարարի»։
Աստղիկ․ «Իսկ ո՞նց եք հասկանում, թե ո՞ւմ ճիշտն էր ամենաճիշտը»։
Գագիկ․ «Դե, հմի ես քեզ ըսենց ոնց բացատրեմ, որ հասկնաս»։
Աստղիկ․ «Ուժեղի ճիշտն ա հաղթո՞ւմ»։
Գագիկ․ «Չէ, քուրս, հաղթելու հարց չկա, կա հարգանք, կա իրար հասկնալ եւ փոխհամաձայնություն»։

Քանի որ Գագիկի հետ զրույցը, ինչպես իրենք են սիրում ասել, մտավ «տուպիկ», անում ենք զանգ ընկերոջը։

Ճշտի մասին կարելի է անվերջ գրել, բայց Գագիկի խոսքերից պարզ է դառնում մի բան, որ քո ճիշտը կարող է ամեն պահի դառնալ սխալ։ Իրավաբանը բացատրեց ճշտի ընկալումներն իրենց մասնագիտական լեզվով։


Դավիթ Թովմասյան․ «Ճիշտ ասելով նկատի ունենք օբյեկտիվ իրականությունը։ Իրավունքի կոնտեքստում լինում է դատավարական եւ օբյեկտիվ իրականություն, այն, ինչ կարողանում ես ապացուցել, որ տեղի է ունեցել կամ պիտի տեղի ունենա։ Ճիշտ ասվածը սուբյեկտիվ ընկալում է՝ կախված մտահորիզոնից, աշխարհայացքից, զարգացածությունից»։

«Ճիշտը մի հատ ա» պնդման կողքին կա ավելի հետաքրքիր ձեւակերպում, որի կրողներից մեկը մեր Գագիկն է։ Ասում են՝ «աղջկա խոսքը ասնավանի չի», իսկ խոսքի ազատությունն ո՞ւր մնաց։

Դավիթ Թովմասյան․ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր կարծիքը գրավոր, բանավոր ազատորեն արտահայտել եւ ոչ ոքի առջեւ հաշվետու չի, կլինեն դրանք պետական, իշխանական մարմիններ կամ այլ անձինք։ Բայց գոյություն ունի սահման։ Խոսքի ազատությունը իրավունք է, բայց պետք է պատասխանատու լինենք մեր արտահայտած կարծիքի համար, ասենք ատելության քարոզ կամ բռնության կոչ չի կարող դառնալ։ Ես ազատ եմ անել ամեն ինչ, քանի դեռ լրիվ մենակ եմ, եթե իմ կողքը մարդ կա, իմ ազատությունը դառնում է իրավունք, որովհետեւ սահմաններ են գծվում»։

Հաճախ ասում են, որ մենք հին, ավանդական ազգ ենք, բայց պետք է հիշել, որ բռնությունն ու ավանդական արժեհամակարգը իրար հետ որեւէ կապ չունեն։ Մեր առաջին իրավական փաստաթուղթը Մխիթար Գոշի «Դատաստանագիրքն» է, որտեղ գրված է, որ կնոջ հանդեպ բռնությունը ուղիղ համեմատական է ամուսնուն պատվազուրկ անելուն։

Մինչ Աստղիկը Գագոյին կբացատրի, թե ինչ է «Դատաստանագիրքը», գենդերային հիմնախնդիրների փորձագետ Արման Ղարիբյանի հետ պարզենք, թե իրականում ով ում է պատվազուրկ անում։

Արման Ղարիբյան․ «Քյարթուները պատկանում են մի սոցիալական ենթամշակույթի, որը սահմանում է հստակ վարվեցողության սահմաններ ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց համար։ Նրանց ստեղծած կարծրատիպերը կամ չակերտավոր կանոնները, որոնցով իրենք առաջնորդվում են, կանանց սահմանափակում են մի շարք առումներով՝ խոսքի ազատությունից մինչեւ ազատ տեղաշարժման իրավունք, ինչպես նաեւ արտաքին տեսքին վերաբերող հարցեր»։


Սակայն փաստացի կանանց եւ տղամարդկանց խոսքերը միշտ չէ, որ հավասար են գնահատվում։ Եթե Հայաստանում այս ամենի սահմանն օրենքն է, ապա արաբական մի շարք երկրներում օրենքը եւս տղամարդկանց կողմն է, եւ դատավարության ժամանակ մի տղամարդու խոսքը իրավահավասար է երկու կամ չորս կանանց խոսքին։ Ստացվում է՝ արաբական աշխարհի իրավական դաշտում խոսքի արժանահավատությունը եւս չափվում է «աղջկա խոսքը ասնավանի չի» սկզբունքով։

Արման Ղարիբյան․ «Մեծ հաշվով քյարթուների սահմանած կանոնները լիարժեքորեն սահմանափակում են կանանց բոլոր տեսակի ազատությունները, էլ չեմ խոսում սեռական ազատության մասին․ այն, ինչ կարելի է տղամարդկանց, կարող է նույնիսկ մահաբեր լինել կանանց համար։

Քյարթու «պանյատները» որեւէ իրավական կատեգորիայում չեն դասակարգվում եւ չեն կարող որեւէ իրավական երկրում ազդեցություն ունենալ։ Սա ենթամշակույթ է, որի կանոնները փակ համայնքի դեպքում կարող են արդարացնող դեր ունենալ, օրինակ՝ բռնությունը կարող են արդարացնել, քանի դեռ այդ գործը չի հասել իրավապահ համակարգին։ Այլ հարց է, որ իրավապահ համակարգում աշխատող տղամարդկանց մեծամասնությունը հենց այդ քյարթու ենթամշակույթի կրողն է, եւ իրենք էլ սրտով կարող են արդարացնել, բայց օրենքի ուժով, իհարկե, չեն կարող»։

Քյարթուի կերպարը, որպես անհանդուրժողականության ներկայացման միջոց, տարիներ առաջ հետազոտել էին Աշոտ Գաբրիելյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը։  


Քյարթու լեզվին, երեւի թե, պետք է առաջինն անդրադառնալ, որ իրար հեշտ հասկանայինք։ Եթե խորհրդային շրջանում կային լեզվի վերահսկողության տարբեր գերատեսչություններ եւ գրաքննություն, որը կարգավորում եւ վերահսկում էր լեզուն, ապա այսօր, դրանց բացակայության պատճառով, գրական գործերում, ֆիլմերում, սերիալներում եւ հաղորդումներում շատ կերպարներ սկսեցին խոսել ուղիղ իրենց լեզվով:

Մեր ճանապարհորդությունը մոտենում է իր ավարտին, ժամանակն է՝ Գագոյին հարազատ «քուչա» տանենք, բայց բակային տաղավարից (բեսեդկայից) մի քանի մետր վերեւ, որ բակի տղաները չտեսնեն՝ անծանոթ աղջիկների մեքենայից իջավ, դե, «ըտենց ճիշտ չի, իսկ ճիշտը հիշում եք, չէ՞, մի հատ էր»։

Գագիկ․ «Դե, ես հելա, քրերս, բան ըլնի, համարս ունեք, զանգեք»։


Այնպես ստացվեց, որ այսօր մեր եւ Գագոյի ճանապարհները խաչվեցին, բայց նրա նման ընկերներ ունենք բոլորս, ճանապարհի բոլոր կողմերում: Իսկ մենք երկար շրջեցինք, անցյալ ու ներկա արեցինք եւ ի վերջո բաժանվեցինք, իսկ Գագոյից մեզ հուշ մնաց իր սիրելի երգի «փառահեղ» խոսքերը.

«Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իր դարդին»:

Հեղինակներ՝ Աստղիկ Հովհաննեսով, Եվա Մինասյան
Նկարազարդումները՝ Եվա Մինասյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW