×


«Օրրան»-ի հունիսմեկյան տոնը. շեֆ-խոհարար Նազիկ Ավդալյանը եւ Արմինե Հովհաննիսյանի խոստովանությունը

Ավանդական դարձած տոնական միջոցառմամբ «Օրրան» բարեգործական ՀԿ-ն իր հարկի տակ մեծ ու փոքր հյուրերի հետ նշել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Այս անգամ որպես հատուկ հյուր երեխաներին շնորհավորելու էր եկել ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։ Հենց նա էլ դարձել էր համեղ հյուրասիրության շեֆ-խոհարարը։

Արդեն 24-րդ տարին է՝ «Օրրան»-ի մեծ ընտանիքն իր գործընկերների ու աջակիցների հետ կազմակերպության շահառու երեխաների օրն իսկական տոնի են վերածում՝ կիսելով նրանց ուրախությունն ու ոգեւորությունը։ «Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ հաճախ մեծերն ավելի խանդավառությամբ են մասնակցում միջոցառմանը. «Եթե անկեղծ լինենք, բոլորս էլ մեր սրտերում դեռ երեխաներ ենք, եւ սա այն օրն է, երբ կարող ենք լիաթոք ուրախանալ, ծիծաղել, մի քանի ժամով թողնել այն բոլոր խնդիրները, որ մեզ սպասում են այս պատերից դուրս»։


Տիկին Հովհաննիսյանի խոսքով՝ երեխաներն են ամեն տարի ընտրում, թե ով լինի միջոցառման հատուկ հյուրը։ Եվ հետաքրքիր է, որ ամենից հաճախ մարզիկների անուններ են նշում։ Նախորդ տարի էլ նրանց հյուրընկալվել էր ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը։ Այս անգամ փոքրիկները ցանկացել են հանդիպել Նազիկ Ավդալյանի հետ:

Արմինե, Րաֆֆի Հովհաննիսյանները եւ Նազիկ Ավդալյանը


«Նպատակն է ընտրել այնպիսի մարդկանց, որոնք օրինակելի կլինեն, կոգեւորեն երազել, ձգտել նպատակներին, չհանձնվել, բարի եւ օգնող լինել։ Նազիկը շատ լավ օրինակ է, որովհետեւ նա կին է, որն ինքնուրույն անցնում է բոլոր դժվարությունների միջով ու հասնում իր երազանքներին՝ շնորհիվ աշխատասիրության։ Միաժամանակ շատ համեստ ու ազնիվ մարդ է, այնպես որ, շատ ուրախ ենք, որ նա այսօր մեզ հյուր է եկել որպես մեր բարեկամ»,- հավելեց նա։


Նազիկ Ավդալյանն էլ շնորհավորեց երեխաներին, ապա կիսվեց հաջողության իր գաղտնիքով. «Շատ ուրախ եմ, որ իմ օրը ձեզ հետ եմ անցկացնում։ Միշտ երջանիկ ու խաղաղ լինեք, լուսավոր ժպիտներով, ձեզ հեքիաթներով ու հրաշքներով լի մանկություն եմ ցանկանում։ Ուզում եմ երբեք պատճառներ չունենաք ո՛չ տխրելու, ո՛չ հուսահատվելու։ Եվ ասեմ, որ հաջողության հասնելու իմ գաղտնիքը պարզապես երազելն է։ Ուզում եմ, որ շատ երազեք, եւ մի օր էլ ձեր երազանքները կիրականանան, համոզված եղեք»։

Նազիկ Ավդալյանը եւ Էվելինա Շահիրյանը


Օրը շարունակվեց անակնկալներով. փոքրիկներին շնորհավորելու եկան դերասանուհիներ Էվելինա, Նաիրա Շահիրյանները, Գոհար Իգիթյանը եւ ՀԿ-ի մշտական մյուս աջակիցները։ Նրանք շտապեցին կապել գոգնոցները, դառնալ խոհարարական թիմի անդամ եւ անձամբ հյուրասիրել փոքրիկներին։


Պահելով ամենաջերմ սովորույթները՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում է գործունեությունը՝ աջակցություն տրամադրելով սոցիալապես անապահով ու խոցելի երեխաներին եւ միայնակ ծերերին: Ծրագրերի շահառուներ են դառնում նաեւ Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներ, որոնք նույնպես ներկա էին հունիսմեկյան միջոցառմանը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW