Թատրոնը շնչող էակ է, որն ունի կեցվածք, բնավորություն, դիմագծեր, ասելիք։ Այն հաճախ է խաղում դիմացինի հույզերի հետ․ մե՛կ ծիծաղեցնում է, մե՛կ կարող ես լաց լինել, մի քանի օր էլ հանգիստդ կորցնել։ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը պատրաստվում է «Համլետ» ներկայացման պրեմիերային: Այն թատրոնի խաղացանկը կհամալրի հունիսի 22-ից։ BRAVO.am-ը խոսել է Համլետի դերակատար Լիդիա Գրիգորյանի հետ: Նա հանգիստը կորցրել է կերպարը մարմնավորելու առաջարկը ստանալուց հետո։
- Հանգիստ քունս կորցրել եմ: Ինձ համար, որպես արտիստի, Համլետ խաղալն ինքնանպատակ չի եղել, էպատաժ, ամբիցիա չէ, կենսագրականիս այս կերպարը եւս ավելացնելու համար չէ, ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի առաջարկն ու ասելիքն է, եւ եթե նա ինձ առաջարկեր այս ներկայացման մեջ հատակի ջնջոց խաղալ, նույն սիրով եւ պատասխանատվությամբ խաղալու էի։
Լիդիա Գրիգորյանը՝ Համլետի կերպարում
Որպես այդպիսին, սա նախադեպ չէ. տղամարդու կերպար ստանձնած շատ դերասանուհիներ կան:
- Իմ մտքով անգամ չի անցել, որ նման բան տեղի կունենա իմ կյանքում, եւ Սիրանույշի «Համլետից» 120 տարի հետո Հայաստանում Համլետի կին դերակատար ես կլինեմ: Շա՜տ մեծ պատասխանատվություն է: Թեեւ չեմ սիրում սկանդալային մթնոլորտ ու գիտակցում եմ, որ որպես թիրախ՝ հայտնվելու եմ կիզակետում, ինչ էլ լինի՝ միշտ Գրիգոր Խաչատրյանի կողքին եմ:
Իհարկե, շատերը կարող են չհասկանալ ռեժիսորին՝ ինչո՞ւ կին, Լիդիան այս հարցին եւս ունի պատասխան։
- Ասում են՝ «Տղա չկա՞ր ձեր թատրոնում, որ աղջիկ է խաղում»: Մեր թատրոնում շատ լավ տղամարդիկ կան, իսկական արտիստներ, իրենց գործի պրոֆեսիոնալներ, որոնք, իմանալով, որ աղջիկ է մարմնավորելու Համլետի կերպարը, շատերի համար երազանքի դերը, մի վայրկյան անգամ խոչընդոտներ չեն ստեղծել ինձ համար, այլ միշտ եղել են թիկունքիս ամուր կանգնած: Շնորհակալ եմ եւ խոնարհվում եմ նրանց առաջ:
«Համլետ» ներկայացումը Դրամատիկական թատրոնում
Մեծ ջանքեր են պահանջվում կնոջից՝ տղամարդու կերպարի կերտման համար, Լիդիան այս հարցում էլ հաջողել է։
- Համլետն ինձ համար դեր չէ, գաղափար է, աշխարհընկալում, արժեքներ: Մինչեւ չգիտակցես, չզգաս Համլետի մտածելակերպը, շեշտված բնավորությունը, կերպարը կմնա առաջին շերտի վրա: Շատ երկար եմ աշխատել այս գործի վրա, բծախնդրորեն եմ մոտեցել ոչ միայն կերպարիս, այլ ամբողջական ողբերգությանը: Ներկայացման մեր տարբերակը մեզնից պահանջել է դերասանական նոր վարպետություն:
Մտավախություններ ունեցել է դերասանուհին ու միշտ երկխոսության մեջ է եղել Գրիգոր Խաչատրյանի հետ։
- Գրիգորի հետ շատ եմ խոսել դերաբաշխման մասին եւ խնդրել եմ՝ եթե հանկարծ կնկատի, որ իր ասելիքը չեմ կարողանում փոխանցել, ինձ կասի եւ կհրաժարվի այս գաղափարից: Բայց ինչպես հասկանում եմ, տարիներիս քրտնաջան աշխատանքը բերեց նրան, որ այսօր մենք պրեմիերայի ենք պատրաստվում:
Լիդիա Գրիգորյանը՝ Համլետի կերպարում
Համլետի կաշվի մեջ մտնելը առանց կողմնակի ազդեցության չի կարող ընթանալ, եթե ամբողջությամբ քոնն ես դարձրել կերպարը։
- Այս կերպարն այնպես է ձուլվել իմ եսի հետ, որ հիմա դժվարանում եմ նկարագրել: Բազմիցս առօրյայում դժվարանում եմ շատ պարզ հարցերին պատասխանել, օրինակ՝ ո՞նց եմ, քանի՞ տարեկան եմ: Երբ բախվեցի դրա հետ, որ մի քանի րոպե տեւեց մինչեւ տարիքս հիշեցի, ու ոչ թե հիշեցի, այլեւ հաշվիչով հաշվեցի, սկսեցի վախենալ սեփական մտքերիս թափից:
Լիդիան պատմում է, որ իր երազների բազմաբովանդակությունը շատ վախենալու է, բայց դրանք օգնել են տեսարաններից մեկի ստեղծմանը։
«Համլետ» ներկայացումը Դրամատիկական թատրոնում
Գագիկ Մկրտչյանը, ով կներկայանա Կլավդիոս արքայի դերում, այս ընթացքում իր կնոջ կողքին է եղել, քաջալերել, ինչպես Լիդիան է ասում, թեւեր տվել։
- Ամուսինս փորձերի ժամանակ առաջիններից էր, որ հանգստացրեց ինձ եւ թեւեր տվեց՝ չմտածել սեռի տարբերության մասին, իսկ նա բավական քննադատորեն է ներկայացումներ նայում եւ ասում՝ ինչը համոզիչ չէ: Մենք շուրջ 20 տարի բեմում միասին ենք աշխատում, եւ ոչ մի անգամ բարդություններ չեն առաջացել ո՛չ անձնականում, ո՛չ բեմում: Շնորհակալ եմ նրան, որ ըմբռնումով մոտեցավ մեր համատեղ կյանքի այս ժամանակաշրջանին եւ թեւութիկունք եղավ ամեն հարցում:
Լիդիա Գրիգորյանը՝ Համլետի կերպարում
Թատրոնը միշտ իրենով զբաղվել է տալիս, եթե դերասան ես, քո օդն ու ջուրը թատրոնն է, հանգիստդ գտնում ու կորցնում ես այնտեղ՝ բեմում։
- Այս ստեղծագործությունը այնպիսին է, որ պահանջում է միշտ աշխատել, գաղտնիքներ բացահայտել, ենթատեքստեր բացել: Տարիներ աշխատելուց հետո, անգամ հիմա պրեմիերայից առաջ հանգիստ չունեմ, կարծում եմ՝ պրեմիերայից հետո էլ չեմ ունենալու: Մինչեւ այսօր բացում եմ բնագիրը, վերլուծություններ եմ գտնում, փորձում եմ հետաքրքիր մոտեցումներով համեմել ներկայացումը եւ ինքնահաստատվել մեր ընտրած մոտեցման մեջ:
Տեքստը՝ Անահիտ Ամիրխանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Դանիիլ Պրիմակի/Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: