79 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, թատրոնի անվանի դերասանուհի Վիոլետա Գեւորգյանը: Լուրը Ֆեյսբուքում հայտնել է նրա ընկերներից հեռուստահաղորդավար Նունե Ավետիսյանը:
«Կյանքից հեռացավ հայ թատրոնի թագուհին, անկրկնելի, մեծ դերասանուհին՝ մեր չքնաղ Վիոլետա Գեւորգյանը։ Մեր աննման գեղեցկուհին։ Հայոց թատրոնը որբացավ նրա կորստով։ Լռեց բալի շուրթերով մեր հրաշքը»,- գրել է Ավետիսյանը:
«Աշնան արեւ» ներկայացումը
Վիոլետա Գեւորգյանի մասին իր հուշերով է կիսվել գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը. «Մեր երիտասարդ տարիների կուռքը: Մեր Աշնան արեւն ու բոլոր եղանակների ջերմությունը... Աղուն էր խաղում: Ամբողջ քաղաքը գնում էր նրա խաղը տեսնելու, նրա հետ ծիծաղելու ու արտասվելու: Հետո հաջորդ օրը նորից էինք գնում: Ու գնում էինք նաեւ մյուս օրը:
Մի անգամ ներկայացումն ավարտվեց, վարագույրը փակվեց, բայց ոչ ոք չհեռացավ թատրոնից: Մարդիկ խմբվել էին շենքի մուտքի մոտ ու սպասում էին, թե նա երբ դուրս կգա: Ու երբ հայտնվեց Վիոլետան, նրան ողողեցին ծափերով ու ծաղիկներով: Բայց դա էլ քիչ էր: Եվ այդ ժամանակ հարյուրավոր երիտասարդներ որոշեցին, որ իրենց պաշտելի դերասանուհուն գիշերային քաղաքի միջով պիտի այդպես ուղեկցեն մինչեւ տուն: Ու նրան տուն տարանք…»:
Գուժ Մանուկյանը եւ Վիոլետա Գեւորգյանը
Վիոլետա Գեւորգյանը ծնվել է 1944 թվականի օգոստոսի 5-ին՝ Թբիլիսիում՝ զինվորականի ընտանիքում: 1966 թվականին հաստատվել է Երեւանում։ Ստեղծագործական գործունեությունը սկսել է 24 տարեկանում եւ շուրջ 20 դեր խաղացել Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Առաջին գլխավոր դերը եղել է «Աննա Ֆրանկի օրագիրը» պիեսում։ Գեւորգյանին ճանաչում է բերել Աղունի դերակատարումը Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւ» պիեսում։
Վիոլետա Գեւորգյանը եւ Լեւոն Շարաֆյանը
1990-ական թվականներից բնակվում էր Միացյալ Նահանգներում: «Թատրոնն իմ կյանքն էր, որից զրկվեցի։ Չէի պատկերացում, որ կապրեմ, բայց ապրում եմ ու տեսքս էլ բավական լավն է, իսկ թե ինչ է կատարվում իմ ներսում, միայն Աստված գիտի»,- հարցազրույցներից մեկում ասել էր դերասանուհին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: