Ամուսիններ Հասմիկ եւ Համիկ Երիցյանները որոշում են առեւանգման միջոցով հսկայական գումար եւ ուղղաթիռ ձեռք բերել ու անհոգ կյանքով ապրել։ Սակայն ամեն պլան չէ, որ ընթանում է նախատեսածի պես, մանավանդ, երբ գործ ունես անծանոթ մարդկանց հետ։
«Բոհեմ» թատրոնի «Բլեֆ» կատակերգությունում հենց սկզբից ամեն ինչ դուրս է գալիս առեւանգողների վերահսկողությունից: Նախ՝ նրանց երեք հմայիչ ու գեղեցիկ զոհերը բնավ էլ նվեր չեն. նրանք ունեն գաղտնիքներ ու ընդհանրություններ։ Հենց դա էլ միասին պարզում են՝ հայտնվելով տարատեսակ զավեշտալի ու անսպասելի իրավիճակներում։ Բացի այդ, ամուսիններն էլ միմյանց հետ չպարզած հարցեր ու թաքուն ցանկություններ ունեն։
Պիեսի հեղինակ եւ բեմադրիչ Գարիկ Միրզոյանը Bravo.am-ին պատմել է, որ տարբեր ֆիլմերից է ոգեշնչվել ու որոշել առեւանգման մասին գրել։ Մտադրություն է ունեցել ֆիլմ նկարահանել, սակայն հետո այն դարձրել է ներկայացման սցենար, որում անընդհատ անակնկալ զուգադիպություններ են լինում։
«Փորձերից մեկի ժամանակ հասկացա, որ Ագնեսը, Արփինեն ու Արտյոմն իմ մանկության կերպարներն են․ նրանց հեռուստացույցով եմ տեսել ու երազել մի օր հանդիպել, իսկ այսօր արդեն միասին ստեղծագործում ենք։ Արտյոմը տաղանդավոր ու ճշտապահ է, ինչով էլ ինձ զարմացրել է՝ փորձերին մեկ-երկու ժամ շուտ էր գալիս։ Հարուստ բեմական փորձ չունի. թեեւ մոնոներկայացման մեջ խաղացել է, առաջին անգամ է ծավալուն դերով ու խաղընկերների հետ երկխոսություններով հանդես գալիս։ Սկզբից մինչեւ վերջ բեմում է»,- պատմել է նա։
Արտյոմ Կարապետյանը պրեմիերայից առաջ շատ լարված էր, բայց եւ ուրախ, որ ութ ամիս տեւած աշխատանքից հետո ներկայացումը վերջապես հանձնելու են հանդիսատեսին։
«Այս ամիսների ընթացքում հազար բան փոխվեց, բայց այդ ամենի միջով արժեր անցնել եւ մեր ուզած արդյունքը ստանալ։ Երնեկ եմ տալիս, որ էլ փորձ չենք անելու։ Մեր թիմից խուճապի մեջ ընկնողը ես եմ: Խաղընկերներս թատերական մեծ փորձ ունեն, եւ իմ ամբողջ հույսն այն է, որ ինձ կօգնեն»,- իր ապրումներով կիսվել է դերասանը։
Նրա համար ամենաբարդը եղել է թատրոնում խաղալու կանոններին հարմարվելն ու անհրաժեշտ դադարները պահելը։ Նկարահանման հրապարակում ամեն ինչ այլ է, դրա համար էլ ռեժիսորից բազմաթիվ դիտողություններ է ստացել ու հետեւել դրանց։
«Մի գաղտնիք բացահայտեմ՝ իմ կերպարը լարվածությունից թլիկանում է։ Հաճախ եմ նման անցումներ ունենում․ նորմալ խոսքից հետո սկսում եմ այդպես խոսել, ինչը բավական բարդ է։ Բայց այսքան կանանց հետ աշխատելը հրաշալի ու հաճելի էր։ Ագնեսի հետ նախկինում նկարահանվել ենք ու իրար լավ գիտենք»,- հավելել է նա։
Ագնեսա Շահնազարյանն էլ խոստովանում է, որ իրենց միջեւ քիմիա կա, եւ ուրախ է, որ այն շարունակվում է բեմում:
«Շատ հետաքրքիր թիմ է հավաքվել․ բեմում չորս կին ենք, եւ բոլորս արտաքնապես ու բնավորությամբ լիովին տարբերվում ենք իրարից։ Ներկայացման փորձերը շարունակվել են ութ ամիս, քանի որ անընդհատ անձնական տարբեր հարցեր էին առաջանում, եւ չէինք կարողանում այն հանձնել։ Այսօր մեզ համար տոն է, որովհետեւ մոտ ինն ամիս ներկայացումը երեխայի պես պահել ենք ու լույս աշխարհ ենք բերում»,- կիսվել է դերասանուհին։
Քնարիկ Զաքարյանի խոսքով՝ իր հերոսուհին ներկայացման ընթացքում լուրջ վերափոխման է ենթարկվում։ Սկզբում շատ վստահ է, որ ամուսինն իրեն սիրում է ու ամեն ինչ կանի փրկագինը վճարելու համար, բայց հետո դառը հիասթափություն է ապրում:
«Միշտ սիրել եմ «Բոհեմ» թատրոնը, բայց այն ինձ համար նոր ոճ ու ձեռագիր է։ Իրավիճակային կատակերգություն ենք ստացել, որում անակնկալները շատ են, ինչը դերասանների համար հետաքրքիր մարտահրավեր է։ Իմ դրամատիկ կերպարը պետք է հումորով մատուցեմ, բայց միեւնույն ժամանակ համոզիչ լինեմ։ Խաղընկերներիս վաղուց գիտեմ: Կարեւորն այն է, որ իրար սիրում ենք, որովհետեւ այդ էներգիան հանդիսատեսը միշտ զգում է»,- նշել է դերասանուհին:
Տաթեւ Պետրոսյանը թեեւ խաղընկերներին լավ է ճանաչում, առաջին անգամ էր նրանց հետ բեմում. «Արդեն 13 տարի է՝ բեմում եմ ու նմանատիպ կերպարներ էլի եմ մարմնավորել, բայց այս մեկը տարբերվում է նրանով, որ նոր են բեմը, ռեժիսորն ու դերասանները։ Բացի այդ, կատակերգությունն իր գրավիչ կողմերն ունի»։
Արփինե Իսրայելյանը տեւական դադարից հետո է բեմ վերադարձել: Հանդես է գալիս իր համար հետաքրքիր դերով. «Անսպասելի ու գունեղ կերպար է: Կարծում եմ՝ հանդիսատեսին էլ այն դուր կգա։ Բնականաբար, հուզվում եւ լարվում էի պրեմիերայից առաջ, բայց առանց այդ էմոցիաների արտիստի կյանքն անհետաքրքիր կլինի։ Դրանք բեմ մտնելուց առաջ մեզ ոգեշնչում եւ ապրեցնում են»։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի


×
155





