×


Մահացել է դերասան Դոնալդ Սաթերլենդը

88 տարեկանում կյանքից հեռացել է կանադացի դերասան Դոնալդ Սաթերլենդը: Նրա մահվան լուրը հայտնել է որդին՝ դերասան, ռեժիսոր Քիֆեր Սաթերլենդը:

«Նրան համարում եմ կինոյի պատմության ամենակարեւոր դերասաններից մեկը: Չի արհամարհել եւ ոչ մի դեր՝ վատ, լավ կամ չար: Նա սիրում էր այն, ինչ անում էր: Ճակատագրից ավելին խնդրելու կարիք էլ չկար՝ հայրս լավ կյանք է ապրել»,- ասել է որդին:


Դոնալդ Սաթերլենդին հաջողություն է բերել 1970-ականներին ամերիկյան «MASH» հեռուստասերիալում մարմնավորած վիրաբույժ Փիսրի դերը: Կարիերայի ընթացքում նա նկարահանվել է շուրջ 200 նախագծում, այդ թվում՝ «Հպարտություն եւ նախապաշարմունք» (2005),  «Քաղցած խաղեր» (2012–2015) եւ հայտնի այլ ֆիլմերում:

1971-ին «Կլյուտ» ֆիլմում մարմնավորել է հետախույզի, որին անհետ կորած մարդուն գտնել օգնում է մարմնավաճառը: Վերջինիս դերում Ջեյն Ֆոնդան է, որն այս ֆիլմի համար «Օսկար» է ստացել: Նկարահանումներից հետո դերասանները 2 տարի հանդիպել են, ապա բաժանվել:


1980-ականներին Սաթերլենդը մարմնավորել է ինքնասպանություն գործած անչափահասի հոր «Սովորական մարդիկ» ֆիլմում, որն «Օսկար»-ի արժանացել: Չնայած իր բազմաթիվ դերերին ու ճանաչմանը, Սաթերլենդը երբեք «Օսկար»-ի չի առաջադրվել, բայց 2017 թվականին պատվավոր արձանիկին արժանացել է կինեմատոգրաֆում իր մեծ ավանդի համար:

«Կրքով եմ աշխատում: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է ձեռքս մտնում որեւէ կերպարի ձեռնոցի մեջ: Այդ ժամանակ ահռելի ազատություն եմ զգում, ասես ժամանակը կանգ է առնում: Այնքան խենթ չեմ, որքան առաջ էի, բայց միեւնույն է՝ դեռ մի քիչ խենթ եմ»,- զրույցներից մեկում խոստովանել էր դերասանը:

Դոնալդ Սաթերլենդն ամուսնացել է 3 անգամ, 4 որդի եւ 1 դուստր ունի:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW