SUMMEET ժամանակակից պարի միջազգային փառատոնն այս անգամ անցկացվել է Երեւանում եւ Աշտարակում: Հունիսի 24-ից 29-ը տեղի ունեցած 4-րդ SUMMEET-ին իրենց նախագծերն են ներկայացրել պարային ընկերություններ Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ղազախստանից։
«Փառատոնի առաքելությունը տարեցտարի մի այնպիսի հարթակի վերածվելն է, որը համաշխարհային ասպարեզ դուրս կբերի հայաստանյան ժամանակակից պարը, հայ արտիստներին եւ պարուսույցներին էլ կծանոթացնի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներին եւ պարային ընկերություններին»,- նշում են SUMMEET-ի կազմակերպիչները։
Մեկնարկը տրվել է Աշտարակում՝ Դրամատիկական թատրոնի բեմում։ Այնուհետեւ ցուցադրություններ են եղել երեւանյան հարթակներում: Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում ներկայացվել է Balmanukyan Dance Project-ի «Կոմիտասի երգերը․ վերածնունդ» նախագիծը (Հայաստան/Ռուսաստան):
Փարիզյան ACTS պարային ակադեմիա ընդունվելու քասթինգ է տեղի ունեցել, որին կարող էին մասնակցել հայ պարողները։ Իսկ փառատոնի փակմանը հանրությունը դիտել է Cosmogony առցանց ներկայացումը (Շվեյցարիա)։ Այն առանձնահատուկ էր նրանով, որ ներկայացվեց Ժնեւում, իսկ այստեղ ցուցադրվեց էկրանին՝ այլ իրականությունում։
Armenian Showcase-ի շրջանակում ներկայացվել են հայ ժամանակակից պարուսույցների հետաքրքիր աշխատանքները։ Մասնավորապես, Վանեսա Հակոբյանի «Օծանելիքը»՝ հիմնված Պատրիկ Զյուսքինդի համանուն վեպի վրա, Նելլի Մարտիրոսյանի «Սիզիփոսը»՝ հիմնված Ալբեր Քամյուի «Սիզիփոսի առասպելը» էսսեի վրա, Սուսաննա Վարդանյանի «Հուդան» եւ այլ բեմադրություններ։
Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Open Look միջազգային փառատոնի հիմնադիր Վադիմ Կասպարովը, օպերային երգիչ Հայկ Վարդանյանը եւ Balmanukyan Dance Project պարային ընկերությունը։
Լուսանկարները՝ SUMMEET-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: