Ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանը որոշել է միանգամից չհայտնել «Նոր տարվա կինո»-ի բոլոր դերակատարների անունները, սակայն արդեն գիտենք, որ կերպարներից ամենագրոտեսկայինը մարմնավորում է Լիանա Վանոյանը:
Արշակյանի խոսքով՝ ռոմանտիկ կատակերգությունում փորձել են արտացոլել մանկության լավագույն հուշերից մինչ ներկան: Սցենարի հեղինակն Անահիտ Մխիթարյանն է:
«Երեք տարվա սպասումից հետո ուրախ եմ, որ ֆիլմի մոտ 30 տոկոսն արդեն նկարահանել ենք։ Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարբեր մարզերում։ Ամեն հերոս իր հետ բերելու է իր մարզի բարբառը, սովորույթն ու ասելիքը, կան նաեւ մերօրյա իրականությունը կրող կերպարներ, բայց բոլորի երազանքն ու ասելիքը համամարդկային է»,- նշել է ռեժիսորը։
Ֆիլմը, ինչպես խոստովանում է, երազանքի մասին է. «Բարության մասին է, ավելին՝ հայի մասին է, շատ մեր մասին է։ Երբ ինձ հարցնում են, սովորաբար, ասում եմ՝ իմ մասին է։ Ինչո՞ւ, որովհետեւ ֆիլմի գաղափարախոսությունը, բոլոր ուղերձները կուզեի իմ երեխային փոխանցել»։
Ռոմանտիկ կատակերգությունը հագեցած է թե՛ իրական, թե՛ հորինված, ուռճացված իրավիճակներով եւ կերպարներով։ Դերասան Արսեն Լեւոնյանը եւ երգիչ Ռաֆ Հովհանիսյանը ֆիլմում մարմնավորում են բակային հեղինակությունների։ Նշում են՝ իրենց կերպարներն իրական նախատիպեր ունեն, որոնք, իհարկե, ուռճացված են։ Երկուսի դեպքում էլ կարեւորը հերոսների կերպարանափոխումն է վերջում։
Լիանա Վանոյանի մարմնավորած կերպարը նախընտրում է բրենդային հագուստ եւ արտահայտիչ արտաքին: Բլոգերը նշում է՝ ամենաբարդն այնպես խաղալն է, որ նոր հերոսը չնմանվի իր ներկայացրած նմանատիպ մյուս կերպարներին:
«Ելենա Արշակյանի հետ առաջին անգամ չէ, որ աշխատում ենք, բայց սա իմ կյանքի առաջին գեղարվեստական ֆիլմն է: Երբ պատմեց՝ հասկացա, որ խոր ասելիք ունի, դրա համար սիրով նկարահանվում եմ: Իմ կերպարի բնավորության առումով էլ ֆիլմի վերջում հրաշալի փոփոխություն է լինում»,- նշել է Վանոյանը՝ հավելելով, որ ոչ ոքի չի ուզում նեղացնել այս կերպարով։
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները տրամադրել է Ելենա Արշակյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: