«Տարիքն ինձ համար զուտ թիվ է, ես երիտասարդ եմ հոգով»,- խոստովանում է Հասմիկ Կարապետյանը. երգչուհի հուլիսի 4-ին դարձել է 47 տարեկան, սակայն, ինչպես պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում, տարեդարձը նշել է օրեր անց:
Հետաքրքիր, ռոմանտիկ եւ միստիկական
Շատ դրական մարդկանց հետ եմ տոնել։ Միակ օրն էր, որ բալիկներս ծնողներիս տանն էին գիշերելու եւ հարմար էր բոլորի հետ մի սեղանի շուրջ հավաքվելու համար։ Երեւանի լավագույն վայրերից մեկում էինք, որտեղ մեզ զգում էինք բնության գրկում։ Շուրջս իմ հանդեպ անկեղծ անձինք էին, որոնք վաղուց ընդունել են ինձ այնպիսին, ինչպիսին կամ։
Այդ վայրից հետո գնացինք ընկերուհիներիցս մեկի տուն, որտեղ մեզ սպասում էին շամպայնները, գեղեցիկ տորթը։ Այդ օրը քաղաքի կենտրոնում լույս չկար, եւ տորթի արարողությունն արել ենք շատ մոմերի ներքո, ինչն ավելի գեղեցկացրեց ու միստիկական միջավայր ստեղծեց:
Անակնկալները
Ընկերուհիս իր տունն էր զարդարել շքեղ փուչիկներով, մոմերով, եւ ստացա արժեքավոր, գեղեցիկ նվերներ։ Կառանձնացնեմ Մարիամ Աստվածածնի պատկերով վզնոցը, որը շատ սիրեցի։ Սիրելիս երկու զգեստ է նվիրել, որոնցով էլ մասնակցել եմ տարեդարձիս երեկույթներին:
Յուրահատուկ էր ընկերուհիներիցս Աննայի անակնկալը՝ շոկոլադե մերսում Երեւանի սպա կենտրոններից մեկում։ Շատ էի ուրախացել, որովհետեւ երբեւիցե չէի արել նման բան։ Ինքս ինձ նվիրել եմ ֆոտոշարք. զգեստներով զբաղվել է Արփինե Կոշտոյանը. չորս կերպար էինք ընտրել, լուսանկարիչն էլ Մանե Պետրոսյանն էր։
Եվս մեկ տարով երիտասարդացած
Երբեք չեմ ունեցել այդ տհաճ զգացողությունը, որ մեկ տարով էլ մեծացա։ Միշտ ասում եմ՝ հոգին տարիք չունի, տարիքը զուտ թվեր են, եւ այս տարին տարբերվում էր նրանով, որ անհամբեր սպասում էի իմ տարեդարձին։ Նախապես ամեն ինչ կազմակերպել էի, որ իմ շատ սիրելի մարդիկ մի վայրում հավաքվեն։
Տորթի մոմերը հարցական նշաններ էին
Երբեք չեմ թաքցրել տարիքս, բայց այս տարի 4 եւ 7 թվերի փոխարեն տորթի վրա հարցական նշանի տեսքով մոմ էր։ Խորհուրդն այն էր, որ ես չգիտեմ, թե քանի տարեկան եմ, որովհետեւ հոգու խորքում դեռ 18 տարեկան եմ, որոշ առումներով՝ 25 տարեկան:
«Միշտ Ճախրել է պետք»
40-ից հետո նոր է սկսվում կյանքը. իմաստուն կանայք սկսում են գնահատել ու ավելի խոր ընկալել այն։ Հասկանում ես՝ կյանքն իրոք թանկ է, ու պետք է ինքդ քեզ քիչ զոհես հանուն հանրային կարծիքի։ Հոգեվիճակս այսօր այսպիսին է՝ շատ եմ սիրում կյանքը։
«Առանց բեմի ապրել հնարավոր չէ»
Շատ եմ սիրում երգարվեստը։ Բեմն իմ տարերքն է։ Առանց բեմի խեղդվում եմ։ Չորս տարի է, որ ունեմ իմ նվագախումբը եւ համերգներով եմ հանդես գալիս, որոնց ընթացքում տիրում է անկեղծ ու հետաքրքիր մթնոլորտ, ինչն իմ բնավորության արդյունքն էլ է։ Բացի երգելուց, իմ ապրումներով եմ կիսվում հանդիսատեսի հետ եւ զգում եմ, որ երջանկացած են հեռանում։ Սովորեցնում եմ նրանց չդադարել երազել։
«Կենցաղը սպանում է արտիստին»
Կյանքի հանդեպ սերը տարին տարվա վրա առավել է դառնում։ Կառչում ես ամեն ուրախությունից։ Շատ հուզական եմ, վայրիվերումներ են պետք, որ կարողանամ չխեղդվել։ Կենցաղը չեմ սիրում. այն սպանում է արվեստի մարդուն: Դժվար է համատեղել, բայց փորձում եմ ժամանակ տրամադրել բեմին ու հանդիսատեսի հետ շփմանը։
«Տարիների ընթացքում մտածողությունը փոխվում է»
Հինգ տարի առաջ գուցե այլ կերպ մտածեի, բայց հիմա գիտեմ, որ կարեւոր է ինքնարտահայտումը։ Ամեն մեկս մեր կյանքում առաքելություն ունենք, պետք է իրականացնենք։ Եթե ընտրեցիր սխալ ճանապարհ, շատ բարդություններ կունենաս։ Կարեւորում եմ նաեւ հարգանքը, քանի որ սերը վերափոխվող է, նույնը չի մնում, ինչ երիտասարդ տարիքում։ Սերն ուրիշ է։
«Վախենում ենք ապրել»
Երազող մարդ եմ եղել, կամ ու կլինեմ։ Երազելը մեր կյանքի ամենաեթերային երեւույթն է։ Երազանքները շատ են։ Եթե ճիշտ էներգիայով հասցնես տիեզերք, կդառնան նպատակ, հետո՝ իրականություն։ Կյանքում, ճիշտ է, հիմա շատ բան է փոխվել, անտարբերությունն է շատացել։ Մեծ ցավ է դա, մի տեսակ վախենում ենք ապրել։
«Հայաստանն ամենալավն է»
Իմ ընտանիքը միշտ ապրել է Հայաստանում: Բացակայել ենք միայն 2017-ին. վեց ամիս բնակվել ենք Կանադայում։ Շատ ուրախ եմ, որ իմ բալիկները Հայաստանում են ծնվել ու մեծանում։ Իհարկե, դեմ չեմ ժամանակավոր բացակայելուն, որովհետեւ սիրում եմ ճամփորդել:
«Պետք չէ թանկ վճարել երգչուհի լինելու համար»
Չունենալ ընտանիք, բալիկներ, բայց լինել բեմում այդքան էլ ճիշտ չէ, նախընտրելի է համատեղելը: Եթե կողակիցդ հասկանում է՝ ինչ է նշանակում ունենալ արվեստի ոլորտի կին կամ ամուսին, ամեն ինչ հեշտ կլինի։ Արվեստի մարդիկ իսկապես ուրիշ խմորից են, նրանց դժվար է հասկանալ, սովորաբար, նրանց համարում են եսասեր, բայց չարաչար սխալվում են, որովհետեւ չեն զգում այն աշխարհը, որը զգում է արվեստի մարդը ստեղծագործելիս։
Տեքստը՝ Մերի Խաչատրյանի
Լուսանկարները՝ Հասմիկ Կարապետյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: