Այսօր երեկոյան Փարիզն աշխարհի ուշադրության կենտրոնում է լինելու. Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկնարկում են ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը՝ բացման արարողությունը խոստանում է ինքնատիպ եւ շքեղ լինել. այն կկայանա Երեւանի ժամանակով ժամը 21:30-ին։
Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ բացումը կլինի մարզադաշտից դուրս՝ Սեն գետի վրա. լողացող շքերթը կհրապուրի ոչ միայն մարզասերներին, այլեւ կզարմացնի հայտնի արտիստների ելույթներով։
Լուսանկարը՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/Bravo.am/
Արարողության շատ մանրամասներ գաղտնի են պահվում, բայց լրագրողները պրպտել եւ «հրապուրիչ մի քանի տեղեկություն» են հաղորդել։ Բացի մարզական իրադարձություններից, Փարիզում սպասվում է նաեւ «աստղային շքերթ». երկրպագուներն անհամբեր սպասում են համաշխարհային համբավ ունեցող կատարողների ելույթներին։
Սելին Դիոնը
Մեծ իրարանցում է առաջացրել Սելին Դիոնի սպասվող ելույթը. երկարատեւ դադարից հետո երգչուհին բեմ կվերադառնա հենց Փարիզում։ Նա հազվադեպ հիվանդության պատճառով մի քանի տարի է՝ դադարեցրել էր իր ելույթները, ըստ տեղեկությունների՝ բուժումների արդյունքում այժմ կայուն վիճակում է եւ կարող է երգել։ Սելինը մասնավոր ինքնաթիռով ժամանել է Փարիզ եւ արժանացել մեծ ընդունելության։ Ըստ որոշ ոչ հաստատված լուրերի՝ հանրահայտ երգչուհու հոնորարը կկազմի երկու միլիոն դոլար։ Նա կերգի Լեդի Գագայի հետ՝ Էդիթ Պիաֆի երգերից։
Շառլ Ազնավուրը «Խաղեր» ֆիլմում մարմնավորել է մարաթոնի վազորդի
Մահից հետո էլ Փարիզի խորհրդանիշ աստղերից է մնում Շառլ Ազնավուրը․ այս մեծ իրադարձության ժամանակ կհնչեն նրա երկու երգերը: Հետաքրքիր է, որ Ազնավուրի ծննդյան տարեթվին՝ 1924-ին, Փարիզում անցկացվում էին Օլիմպիական խաղերը, այս տարի՝ Ազնավուրի 100-ամյակին, Փարիզը կրկին հյուրընկալում է խաղերը: Լեգենդար ֆրանսահայի երգերը կկատարի ֆրանսիացի երգչուհի Այա Նակամուրան։ Երգչուհին մի քանի ամիս է՝ սկանդալային լուրերի կիզակետում է, նրա ելույթը հաստատվել է միայն վերջերս։
Պաշտոնական բացման արարողությունից զատ, արդեն մի քանի ամիս է՝ Ֆրանսիան պատրաստվում է Օլիմպիական խաղերին եւ փորձում տոնական պահեր պարգեւել. օլիմպիական կրակի փոխանցումավազքը դարձել էր մարզական եւ «աստղային» տոն՝ անցնելով ֆրանսիական տարբեր քաղաքներով։ Վերսալի թագավորական պալատում ջահը կրում էր ճանաչված դերասանուհի Սալմա Հայեկը, ով հենց պալատում մարզական հնարք է ցույց տվել։
Посмотреть эту публикацию в Instagram
Մեկ այլ քաղաքում ջահի փոխանցումը վստահված էր Սնուփ Դոգին, ավելի վաղ այս արարողությանը մասնակցել էր ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին։
Սնուփ Դոգը
Հետաքրքական է, որ օլիմպիական պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող մարզիկը՝ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մասնակցել է օլիմպիական ջահի փոխանցումավազքին:
Պատրաստեց՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: