Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնի օգոստոսի 2-ին կայացած փակման ու հաղթող ֆիլմերի մրցանակների հանձնման արարողության ժամանակ Ավո Խալաթյանը ռեժիսոր Վահան Գրիգորյանի «Ձուն» կարճամետրաժ խաղարկային ֆիլմում իր դերի համար հաղթել է «Լավագույն դերասան» անվանակարգում։
Մրցանակը հաղթողներին հանձնել են կինոփառատոնի ժյուրիի նախագահ, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր, դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ Սերժ Ավետիքյանը, ժյուրիի անդամներ՝ ռեժիսոր, թարգմանիչ Սաթէ Խաչատրյանն ու արձակագիր Գրիշ Սարդարյանը։
ՀՀ վաստակավոր արտիստ, թատրոնի սիրված դերասան Ավո Խալթայանի մարմնավորած դերը «Ձուն» կարճամետրաժ խաղարկային ֆիլմում կինոյում նրա առաջին գլխավոր դերն էր։
Ավո Խալաթյանն իր շնորհակալական խոսքում նշել է. «Ունեմ մեծ սեր, որի անունն է թատրոն, բայց պարզվում է՝ թաքնված «սիրուհին» էլ կա՝ կինոն։ Ուզում եմ ասել, որ առանց սիրո ոչ մի լավ բան չի ծնվում։ Ոչինչ չի ծնվում առանց հավատի, առանց լուսավոր ընկերների՝ ռեժիսոր Վահան Գրիգորյանի, բեմադրող օպերատոր Սուրեն Թադևոսյանի և առանց այն հույսի, որ մի օր ֆիլմը հանձնվելու է պրոֆեսիոնալ ժյուրիի դատին ու գնահատվելու է։ Շնորհակալ եմ ժյուրիի անդամներին, փառատոնի կազմակերպիչներին, և, իհարկե, հանդիսատեսին։ Սա մեծ նվեր է ինձ համար»։
Ավո Խալաթյանը
Նշենք, որ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային 7-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրերում ներկայացվել են 46 ֆիլմեր 20 երկրից, որոնցից 18-ը՝ ազգային, իսկ 28-ը՝ միջազգային ծրագրում:
Փառատոնի գլխավոր մրցանակին արժանացել է իրանցի ռեժիսոր Նահալ Դաշտիի «Հեղեղ» ֆիլմը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: