Օգոստոսի 1-ին Վենետիկի AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի է ունեցել անվանի արվեստագետ Ռաֆայել Մեգալի «Primal Murmurs» հավաքածուի ցուցադրությունը: Նկարչի եւ AKNEYE-ի գործակցությունը ներկայացվել է չորս անզուգական քանդակով:
«Nurture», «Symbiosis», «Savage» եւ «Harmony» վերնագրված քանդակները ոգեշնչված են բնությունից՝ արտացոլելով մարդկանց եւ բնության միջեւ խորը, բնազդային կապը: Մեգալի վառ, համարձակ գույների եւ հայկական նուրբ զարդանախշերի համադրումն աշխատանքներում մշակութային եւ պատմական համատեքստի գեղեցիկ շերտեր են բացում:
Ռաֆայել Մեգալն անդրադարձել է AKNEYE-ի հետ գործակցությանը. «Իսկապես շատ հետաքրքիր նախագիծ է: Հրավերն ստացա Վիգեն Բադալյանից, սիրով արեցի ու կարծում եմ՝ արդյունքը շատ լավն է»: Հարցին՝ հավանե՞լ է արդյոք իր ստեղծած ակնները, Ռաֆայելը պատասխանել է. «Եթե չսիրեի, դրանք չէին ծնվի ու հանրության դատին չէին հանձնվի»:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել Ռաֆայել Մեգալի կյանքի, նրա ստեղծագործական ուղու եւ բնության հետ կապի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմի փակ ցուցադրությունը:
Արվեստագետի ստեղծագործությունների ցուցադրությանը ներկա էին Ֆասթեքսի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, AKNEYE նախագծի մտահղացման հեղինակ Անահիտ Բադալյանը, Ֆասթ Մեդիայի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, Վենետիկում Եվրոպական խորհրդի Արվեստի հիմնադրամի նախագահ Ֆաբիո Մարաֆատտոն, Արվեստի քննադատ Դեմետրիո Պապարոնին, ArteLaguna միջազգային արվեստի մրցույթի հիմնադիր Լաուրա Գալոնը, հայտնի արվեստագետներ եւ մշակույթի գործիչներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: