Հայաստանի պատմության թանգարանը հանդես է եկել հայտարարությամբ, որում քննադատել է թանգարանում պահպանվող Թեյշեբա աստծո արձանիկի պատկերի չարտոնված օգտագործումը մասսայական միջոցառման ժամանակ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․
«Տեղեկացնում ենք, որ այս օրերին համացանցում տարածվող Հայաստանի պատմության թանգարանում պահպանվող ուրարտական եզակի նմուշներից մեկի՝ Թեյշեբա աստծո արձանիկի նմանությամբ պատրաստված մեծածավալ կավե արձանի հանդիսավոր թրծումը, ապա թեփի միջոցով այրման էֆեկտներով ներկայացումը կատարվել է առանց Հայաստանի պատմության թանգարանի իմացության ու համաձայնության։
Ք․ա․ VIII-VII դդ․ թվագրվող, Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված բնօրինակ բրոնզե արձանիկը դեռ 1940-ական թթ․ պեղվել և ցուցադրվում է թանգարանում։
Առաջարկում ենք բոլոր արվեստագետներին, մշակութային ժառանգության հետ առնչություն ունեցող անձանց ու կազմակերպություններին, տնտեսվարողներին ու անհատներին զերծ մնալ առանց պայմանավորվածության և համաձայնության թանգարանի հավաքածուներում ներառված ցուցանմուշների կրկնօրինակումից կամ տարբեր նպատակներով օգտագործումից։ Փոխարենը, կարող եք այցելել և վայելել բնօրինակ արձանիկը և մշակութային ժառանգության այլ իրական գոհարներ Հայաստանի պատմության թանգարանում»։
Օրերս հայտնի է դարձել, որ քանդակագործ Վահրամ Գալստյանը ստեղծել է ուրարտական Թեյշեբա աստծո արձանիկի կավե նմանօրինակը՝ թրծման հատուկ եղանակով։
Միաժամանակ, թանգարանը նշել է, որ այս հայտարարությունն ուղղված չէ որևէ անձի կամ կազմակերպության դեմ․ «Այս գրառման նպատակն այն է, որպեսզի թանգարանների հետ համագործակցության և փոխհամաձայնեցված գործելու մշակույթ ձևավորվի և թանգարանային հավաքածուները ներկայացնելու ու մեկնաբանելու գործընթացում թանգարանները վճռորոշ դերակատարություն ունենան՝ որպես այդ ժառանգության պահպանող և փոխանցող գիտամշակութային կառույցներ։ Սա միայն նպաստելու է մշակութային արժեքների պահպանմանը և ճիշտ հանրահռչակմանը»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: