×


«Հայկոյի ընկերների օրը»՝ Կարասի հետ

Օգոստոսի 25-ին երգիչ Հայկոն կդառնար 51 տարեկան: «Հայկո Հակոբյան» մշակութային հիմնադրամը եւ «KARAS Wines»-ն Արարատյան դաշտի գեղեցկագույն վայրերից մեկում՝ «Կարաս» գինեգործարանի սեփական խաղողի այգիներում, կազմակերպել էին «Hayko’s Friends Day»։ Հայկոյի ընկերները հավաքվել էին դեռ առավոտյան։ Առաջին կանգառը Երեւանի քաղաքային պանթեոնն էր՝ Հայկոյի հուշարձանի մոտ, հետո ավտոբուսը շարժվում է Արմավիր՝ դեպի «Կարաս» գինեգործարան։

Ճանապարհի մեկ ժամը եւս առիթ է Հայկոյի մասին խոսելու, նրա երգերը լսելու, նրա մասին պատմությունները հիշելու համար։ Ինչպես միշտ, «Կարաս»-ում հյուրերին դիմավորում են փրփրուն գինով։ Իսկ այդ ընթացքում, կարճ անձրեւներից պաշտպանվելով, նվագախումբը վերջին փորձն է անում։


Հայկոյի ընկերները դիտակետում են։ «Հայաստանի հողերի» դիտակետից պարզ երեւում է Արարատը։ Խաղողի վազերը մեղմ օրորվում են, ասես, Հայկոյի երգերի ռիթմով։ Դիտակետում կար առանձնահատուկ զգացողություն. կարծես Հայկոն էր բերել բոլորին ու իրեն հատուկ ոգեւորությամբ պատմում էր երկրի ու հողի մասին։


Հայկոյի ընկերներն, անկախ իրենց մասնագիտությունից, ստեղծագործ ոգի ունեն, եւ Հայկոն, որ շատ էր սիրում բոլորին բոլորի հետ ծանոթացնել ու ընկերացնել, վստահորեն արել է իր առաքելությունը, եւ նրա ընտանիքը, ընկերները միասին են։


Նվագախումբը սկսում է երգել Հայկոյի երգերը, ընկերները խոսում են նրա մասին: «Կարաս» գինիներով լցված գավաթները բարձրանում են միասին զնգալու ու Հայկոյի կենացն ազդարարելու համար։ Այո, Հայկոն ողջ է, քանի նրա երգերը երգվում են, քանի նրա մասին խոսում են ընկերները, քանի նրա որդին՝ Արմանը, մեծանում է ու մոտենում Հայկոյի դիմագծերին, շարժուձեւին ու բնավորությանը։


Կյանքը գենի ու շարունակականության մասին է։ Ինչքան երկար պահվեն ավանդույթները, այնքան հասկանալի կլինի գենը։

«KARAS Wines»-ի երիտասարդ թիմը շատ լավ գիտի դրա մասին։ Ու այս ավանդույթն էլ արդեն իրողություն է՝ գինու շուրջ հավաքել ընկերների, ովքեր միասին ստեղծարար ուժ են։  


«Կարաս» գինիների վաճառքների եւ շուկայավարության տնօրեն Վարդգես Հովեյանի խոսքով՝ «Կարասը» ստեղծագործական միջավայր է հայկական գինեգործության համար, իսկ ստեղծագործող մարդիկ ոգեւորվում են արեւաշող այգիներից, գինուց եւ նաեւ իրենց լավագույն էներգետիկան հաղորդում գինուն։

«Հայկոյի ընկերների օրը» ապրելու, սիրելու, կիսվելու ու շարունակելու մասին էր։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW