Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանի որդին առաջին քայլերն է անում դեպի դպրոց։ Սովորելու է թիվ 154 դպրոցում։ Դանիելին Ագնեսայի հետ դպրոց էր ուղեկցում տատիկը՝ արձակագիր Նելլի Շահնազարյանը։
Ագնեսան BRAVO.am-ին պատմեց, որ որդին սպասում էր այս օրվան. «Արթանացավ առանց լաց ու կոծի, ասաց՝ ուզում է գնալ դպրոց։ Տարիները խելակորույս արագությամբ սահում են. ասես երեկ էինք ծննդատնից դուրս գրվել ու տուն գնում, իսկ հիմա մեծ տղա է»։
Դերասանուհին պատմեց, որ Դանիելը դպրոցում բավական ակտիվ է եղել, ինչն իր համար զարմանալի է. «Ուսուցչուհին ծանոթանում էր երեխաների հետ, հարցեր էր տալիս, որդիս ակտիվորեն պատասխանում էր։ Շատ ոգեւորված է, ինչը հրաշալի է»։
Տղան թեեւ դերասանական շնորհ ունի, նաեւ երգում ու նվագում է, Շահնազարյանը չի ցանկանում, որ արվեստի ուղին ընտրի. «Ինչ էլ որ ընտրի, նրա ապագան պատկերացնում եմ հենց Հայաստանում: Ինձ բոլորն ասում էին՝ ԱՄՆ-ում ունենամ տղայիս, բայց ես որոշեցի, որ նա պետք է ծնվի հայրենիքում: Ամենավատ երազում եմ պատկերացնում, որ հնարավոր է՝ ճակատագիրն այնպես դասավորվի, մենք լքենք մեր երկիրը»:
Դերասանուհին պատմեց՝ մի քանի օր է, ինչ վերադարձել է Լոս Անջելեսից ու չի կարող նկարագրել, թե որքան էր կարոտել. «Ուզում եմ, որ որդիս հայրենիքում ու հայեցի մեծանա, բայց ինչպես տեսնում ենք, այստեղ էլ հայկականի դեմ պայքարողներ կան: Չեմ ուզում բացասական մտքերով շարունակել, հուսանք՝ մի օր այս վատ երազից կարթնանանք, ամեն ինչ լավ կլինի ու կապրենք հզոր Հայաստանում»։
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ագնեսա Շահնազարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: