×


Քիդմանի բաց տեսարանները նոր ֆիլմում եւ Մուրի խորհուրդը դստրերին

57-ամյա Նիկոլ Քիդմանը եւ 61-ամյա Դեմի Մուրը հայտնվել են «L’Officiel» եւ «Interview» ամսագրերի շապիկներին: Երկուսն էլ ցույց են տվել իրենց գեղեցիկ կազմվածքը, եւ թե որքան լավ մարզավիճակում են:

«Սուբստանցիա» ֆիլմի համաշխարհային պրեմիերային պատրաստվող Մուրը օսկարակիր դերասանուհի Միշել Յեոյին տված հարցազրույցում պատմել է, որ շատ է հավանել սցենարը, քանի որ այն հնարավորություն է տալիս այլ կողմից դիտարկել ծերանալու խնդիրն ու հասարակական դրվածքը:


Ֆիլմում Մուրը մարմնավորում է հեռուստատեսության մարող աստղ Էլիզաբեթ Սփարքլին, որին հեռացրել են հեղինակային հաղորդումից: Համարելով, որ իր բոլոր խնդիրների պատճառը տարիքն է, նա որոշում է դիմել հուսահատ քայլի. կասկածելի նյութ է փորձարկում, որը խոստանում է ընդամենը մեկ ներարկման արդյունքում վերադարձնել երիտասարդությունը: Այն իսկապես գործում է, սակայն ոչ երկար ժամանակով. 26-ամյա գեղեցկուհի լինել կարող է ընդամենը մեկ շաբաթ, սակայն հետո պետք է նորից ներարկում անել:

«Խնդիրն այն է, թե ինչ ենք անում ինքներս մեզ հետ, եւ ինձ դուր եկավ, թե ֆիլմում ինչպես ենք ցույց տվել դա: Պատկերել ենք, թե սեփական մտքերով ինչպես ենք գրոհում մեզ վրա ու խեղաթյուրում իրականությունը: Պետք է գիտակցենք, թե ինչ ենք անում եւ այլ ընտրություն կատարենք»,- շեշտել է նա:


Իր 3 դուստրերին դերասանուհու խորհուրդն է, որ կյանքի միակ հաստատուն բանը փոփոխություններն են ու պետք է դրանք ընդունել:

Մուրը նաեւ պատմել է, թե որքան մեծ աղմուկ է բարձրացրել «Չարլիի հրեշտակներ»-ում 2003-ին իր հայտնվելը: Մինչ այդ դերասանուհին դադար էր վերցրել, որպեսզի զբաղվի իր ու Բրյուս Ուիլիսի դուստրերի դաստիարակությամբ:


«Հասկացա՝ շատերի համար անցյալից կուռք էի, ոչ թե այն, ինչ այդ պահին ինձնից ներկայացնում էի: Դա ցայտուն կերպով զգացի 40 տարեկանում, երբ նկարահանվեցի ֆիլմում ու լողազգեստի տեսարանի շուրջ բազում խոսակցություններ ու սուր քննարկումներ եղան: Բոլորին հետաքրքրում էր, թե ինչ կազմվածք ունեմ: Ինձ օտար չէի զգում, թեեւ հասկանում էի, որ այլեւս 20 կամ 30 տարեկան չեմ, բայց դեռ մարդիկ ինձ որպես մայր էլ չեն ընկալում»,- նշել է նա:

Քիդմանն էլ «L’Officiel»-ին հայտնել է, որ երբեք չի նկարահանվում պարզապես հոնորարի համար: Նա պատմել է, թե ինչու է ցանկացել նկարահանվել «Ակվամեն» ու «Հավերժ Բեթմենը» ֆիլմերում:


«Բոլորը զարմացել էին, թե ինչու եմ համաձայնել մարմնավորել բժիշկ Չեյսին «Հավերժ Բեթմենը» ֆիլմում: Բայց ես այդպիսին եմ, չէ՞ որ կարող էի համբուրել Բեթմենին: Մարդիկ չեն հասկանում, որ հարցը բնավ էլ գումարը չէ: Հույս ունեմ, որ իմ մասնակցությամբ ֆիլմերը տարբերվում են»,- ընդգծել է նա:

Վերջին տարիներին նրա մասնակցությամբ մինի սերիալները նույնքան հայտնի են, որքան ֆիլմերը: Քիդմանն «Էմմի» է ստացել «Մեծ փոքր ստեր» սերիալի համար, հետագայում եւս մի քանի աշխատանքում է ներգրավվել, իսկ առաջիկայում սպասվում է նրա մասնակցությամբ «Կատարյալ զույգ»-ի պրեմիերան:


«Ինձ դուր է գալիս կերպարի աստիճանաբար ստեղծումը: Նման է դանդաղ հոսքի, իսկ ֆիլմում ընդամենը 2 ժամ ունենք, որպեսզի պատմենք մեր կերպարի մասին»,- ավելացրել է Քիդմանը:

Նա Անտոնիո Բանդերասի հետ նկարահանվել է «Փոքրիկը» ֆիլմում, որի պրեմիերան օրեր առաջ տեղի է ունեցել Վենետիկի կինոփառատոնի շրջանակում: Դերասանուհին խոստովանել է, որ բաց տեսարանների պատճառով վախենում է առաջին անգամ մեծ էկրանին դիտել աշխատանքը: Ֆիլմում նա գործարար կին է, որը չնայած ամուսնացած է, սիրավեպ է սկսում երիտասարդ աշխատակցի հետ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW