Առաջին անգամ Հայաստանում անցկացվելու է բյութի ոլորտի ամենազանգվածային առաջնությունը՝ հարյուրից ավելի մասնագետների, արտերկրից հրավիրված հյուրերի մասնակցությամբ, ինչպես նաեւ կոսմետիկ պարագաների եւ նյութերի ցուցահանդես-վաճառքով։ «Ոսկե գավաթ»-ը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին՝ «Stage by Dvin»-ում։
Առաջնությանը մասնակցելու են վարսահարդարներ, բարբերներ, դիմահարդարներ, մատնահարդարներ, հոնքերի ձեւավորողներ. «Մրցույթը կդառնա ամենամյա եւ կանցկացվի տարին մեկ անգամ։ Կազմակերպչական շատ մեծ աշխատանք է արվել, լուրջ թիմ է ներգրավված, եւ նույնիսկ ինքներս ենք ստեղծել այն ծրագիրը, որով գնահատվելու են մասնակիցներն ու որոշվելու են հաղթողները։ Առաջնությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին ու թրենդերին, կանցկացվի ամենաբարձր մակարդակով, արդար ու թափանցիկ, որպեսզի բոլորը ոգեշնչվեն նոր գաղափարներով»:
«Ոսկե գավաթ»-ի նպատակը Հայաստանում գեղեցկության ոլորտի եւ նորաձեւության զարգացումն է, փորձի փոխանակումը, ինչպես նաեւ հարթակ կդառնան լավագույն մասնագետների համար՝ ինքնաարտահայտվելու, հետաքրքիր ու յուրօրինակ մտքերը ներկայացնելու համար. «Մեր ոլորտում աշխատանքային առօրյան շատ ժամանակ է խլում, եւ այն գաղափարներն ու կերպարները, որ մասնագետները կերտում են իրենց երեւակայության մեջ, հնարավորություն չեն ունենում գործնականում ցուցադրելու։ Մենք ստեղծել ենք այն միջավայրը, որտեղ այդ մտքերը կարող են իրականություն դառնալ եւ ցուցադրվել՝ իհարկե, մրցույթի չափանիշներին ու կանոններին համապատասխան»,- ընդգծել է նախագծի համահեղինակը։
Այսպիսով, առաջնությունում 23 անվանակարգ է լինելու՝ չորս հիմնական կարգում՝ կանանց վարսահարդարում, դիմահարդարում, մատնահարդարում, տղամարդկանց համար նախատեսված կատեգորիա։ Չի լինելու մեկ գլխավոր մրցանակ. հաղթողներ կլինեն յուրաքանչյուր անվանակարգում: Մասնակիցները պարգեւատրվելու են «Ոսկե գավաթ»-ներով, նվերներով, մրցանակներով, հովանավորների կողմից եւս կլինեն հետաքրքիր անակնկալներ։
«Բոլոր մասնակիցները հայեր են լինելու, քանի որ մեր նպատակն է միավորել հայ մասնագետներին, այլապես փորձը ցույց է տալիս, որ այլազգի մասնագետները գալիս են, հաղթական հորիզոնականները գրավում ու գնում՝ ստվերում թողնելով տեղի լավ մասնագետներին։ Հաղթելու են ամենագեղեցիկ ու որակյալ գործերը, ամենաինքնատիպ մտքերը։ Մեր նպատակն է բյութի ոլորտը Հայաստանում հասցնել այն մակարդակին, որի մասին բոլորս երազում ենք»,- հավելել է նախագծի համահեղինակը։
«Ոսկե գավաթ»-ի ժյուրիի կազմում են Վազգեն Հովհաննիսյանը, Արսեն Գեւորգյանը, Սյուզաննա Հակոբյանը, Հրանուշ Եղոյանը, Համլետ Մկրտչյանը, Սրապ Շիրինյանը, Հերմինե Հարությունյանը, Դավիթ Ամիրխանյանը, Թինա Թեւոսյանը, Գագիկ Ասոյանը, Լիլիթ Չոբանյանը, Նադեժդա Կազակովան, Օլգա Վիշտակը, Քրիստինե Պետրոսյանը, Թագուհի Հովհաննիսյանը, Արմեն Թորոսյանը, Գեւորգ Ջելյանը: Կլինեն ժյուրիի այլ անդամներ եւս, որոնց անունները գեղեցիկ անակնկալ կլինի մասնակիցների համար:
Առաջնության հատուկ հյուրերն են Անտոնիո Բիլանչիոն, Ջեմ Մավլյանովը, Նիկոլայ Գեներալովը:
BRAVO.am-ի լրագրող Աստղիկ Իսկանդարյանը զրուցել է Հայաստանի գեղեցկության վարպետների միության հիմնադիր Անի Ավդալյանի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: