Օրեր առաջ ավարտվել են «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները, որի գլխավոր դերերում են Անահիտ Ղուկասյանը, Վաչե Երիցյանը եւ Լիանա Վանոյանը: BRAVO.am-ը նախագծի մասին զրուցել է տատիկին մարմնավորող Ղուկասյանի հետ: Դերասանուհին պատմել է, թե ինչու է սկզբում հրաժարվել դերից, ապա սիրել իր կերպարը, որքան հեշտ է աշխատում երիտասարդների հետ ու ինչու է այդքան հավանել ռեժիսոր Արման Մելիքյանին:
Գրավիչ կերպարը
Երբեք սիթքոմում չէի խաղացել ու շատ քիչ էի ուժերս փորձել կատակերգությունում, դրա համար էլ, երբ առաջարկը ստացա, հրաժարվեցի: Բայց երբ սկսեցին պատմել նախագծի մասին, ոգեւորվեցի: Նախ որովհետեւ նկարահանման խումբն է հետաքրքիր. բոլորը երիտասարդ են ու ավյունով լինի, բայցի այդ էլ, կերպարն է գրավիչ: Այդ կինը տարբեր իրավիճակներում է հայտնվում, այնպես չէ, որ նա ամբողջովին բարի է կամ չար, ինչն էլ հատկապես դուրս եկավ: Այդ կինը մեկի հետ մի տեսակ է, մյուսի հետ՝ այլ, նրա մեջ բազմաթիվ բնավորություններ են ի հայտ գալիս: Խաղալու եւ ստեղծագործելու մեծ դաշտ ունեի, ինչից շատ գոհ էի ու ոգեւորված:
Լուրջ աշխատանքը
Սկսեցինք սեղանի շուրջ սցենարի քննարկումներից, ինչը դուրս շատ եկավ, որովհետեւ մեզ մոտ սերիալ նկարելիս հիմնականում թուղթը տալիս են ձեռքդ ու 5 րոպե հետո REC-ը միացնում: Այս անգամ ամեն ինչ լուրջ հիմքերի վրա էր, ինչն ուրախացրեց:
Խաղընկերները
Հատկապես ոգեւորված եմ խաղընկերներովս՝ Վաչեն ու Լիանան շատ շնորհքով են, մյուս դերակատարները եւս հետաքրքիր են եւ մեծ ոգեւորությամբ էին աշխատում: Նրանից լիցքավորվում էի:
Ֆիլմն էլ մեկ օրվա համար չէ արված. վստահ եմ՝ երկար ժամանակ հանդիսատեսին հետաքրքիր է լինելու: Կարծում եմ՝ շարունակություն էլ կլինի. շատ գաղտնիքներ չեմ բացահայտի, բայց ավարտը դրա մասին է հուշում: Ամեն դեպքում հույս ունեմ, որ շարունակությունն ուշ կլինի, քանի որ բավական հոգնել եմ. նկարահանումները մոտ 3 ամիս են տեւել ու շատ հագեցած եղել:
Ռեժիսորը
Արագ ենք նկարահանել. օպերատոր Արմենը տաղանդավոր ու շնորհքով տղա է: Արմանի մասին, առհասարակ, խոսք չկա. բարի, կիրթ ու հասկացող, ամեն ինչի մասին մտածող եւ սրտացավ ռեժիսոր քիչ է հանդիպում: Սովորաբար, ռեժիսորները սիրում են երեւակայել, իսկ նա ամեն ինչ անում էր, որ բոլորի համար լավ լինի, բացի այդ էլ, նկարահանման ընթացքը հանկարծ չտուժի:
Սիրելով կյանքը
Կերպարիս համար որեւէ նոր հագուստ չի գնվել կամ կարվել, քանի որ ես բավական մեծ զգեստապահարան ունեմ: Սովորաբար, նկարիչները գալիս են ու դրանցից ընտրում: Այս անգամն էլ բացառություն չի եղել: Ես հագուստի ընտրությանը չեմ խառնվում, իմ գործը դերասանի մասնագիտությունն է, որը չափազանց շատ եմ սիրում: Նույնիսկ մի տեսակ ցավ եմ զգում, որ արդեն մեծացել եմ, մոտ ապագայում կարող եմ մեռնել ու էլ չխաղալ (ծիծաղում է,-հեղ.):
Տարիքն այնքան վատ բան է: Ինչպես է ծառը երիտասարդ ժամանակ լավ վիճակում գտնվում ու միրգ տալիս, հետո ծերանալով՝ չորանում, նույն կերպ էլ մարդն է չորանում, դրա համար էլ գոնե արտաքին դետալներով պետք է գույներ հաղորդել:
Չեմ հասկանում այն կանանց, որոնք հենց մեծանում են, սկսում են մռայլ գույներ կրել, դրանով ավելի են շեշտում ծերությունը: Պետք է լավատես լինել ու սիրել կյանքը, ինքս այնքան շատ եմ սիրում:
Դերասանը
Դերասանը նախ եւ առաջ Աստծո տված շնորհը պետք է ունենա, որն անհրաժեշտ է դեռ ինստիտուտ ընդունվելու տարիներից: Նաեւ անպայման պետք է աշխատես ինքդ քեզ վրա ու շատ կարդաս: Եթե ոչ մի բանով չեն հետաքրքրվում ու ֆիզիկական վիճակի մասին չեն մտածում, ուրեմն՝ դերասան չեն: Դերասանն իրավունք չունի հիմար լինել. պետք է կարդացած ու ամեն ինչից տեղյակ լինի, հենց դա է աչքերին փայլ ու աշխատանքին իմաստ տալիս:
Կարեւոր որակները
Ընդհանրապես բոլոր սիթքոմներն ու ֆիլմերը դիտելիս հավանում եմ այն դերասաններին, որոնք զգում են իրենց կերպարն ու գործի մեջ են. ոչ թե պարզապես խաղում են, այլ դրանով ապրում: Այդպիսի զգացողություն ունենում եմ նաեւ մեր սիթքոմը նայելիս. Վաչեն ֆանտաստիկ դերասան է, նա անընդհատ զգում է: Լիանան եւս բազմաթիվ շնորհներ ունի, բայց դեռ լիակատար դերասան չէ, ավելի շատ արտաքին բաներով է ոգեւորվում, չնայած՝ այս ֆիլմում հետաքրքիր կերպար է ստեղծել, ինչը ոչ միայն իր, այլ նաեւ Արմանի շնորհքն է:
Անելիքները
Պատանի հանդիսատեսի թատրոնի նոր խաղաշրջանն է բացվել մեր «Բարի լույս, հրեշտակներս» կատակերգությամբ: Ապա հույս ունեմ՝ որոշ ժամանակ նկարահանումներից կհանգստանամ, արդեն մեծ եմ ու շատ եմ հոգնում: Եթե ամեն առավոտ կես ժամից ավելի մարզանք չանեմ, կփլվեմ, հենց այդ պարապմունքներն են ինձ լավ վիճակում պահում: Դերասան եմ ու պետք է միշտ ոտքի վրա լինեմ:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ «Արմենիա TV»-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: