Հայաստանի պատվիրակը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում 10-ամյա Լեո Մկրտչյանն է: Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ Մարտին Մկրտչյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի որդին ընտրվել է նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել:
«Նա մեծացել է երգիչների ընտանիքում եւ երգել սկսել է խոսելուն զուգահեռ՝ դեռ 8 ամսականից: Լեոյի սիրելի արտիստներն են Մայքլ Ջեքսոնը, Ֆրենկ Սինատրան, Ջասթին Թիմբերլեյքը եւ Թեդի Սվիմսը: Երաժշտությունից զատ, հետաքրքրված է ֆուտբոլով եւ ընթերցանությամբ»,- նշված է հաղորդագրությունում:
«Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցելը Լեոյի մեծ երազանքն է եղել. «Ես շատ եմ սիրում իմ երկիրն ու երաժշտության աշխարհը: Հենց երգով միջազգային բեմում Հայաստանը ներկայացնելն ինձ համար հաճելի է, միեւնույն ժամանակ՝ շատ մեծ պատասխանատվություն: Ես հավատում եմ իմ երազանքներին»:
Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը եւ տեսահոլովակը կհրապարակվեն շուտով:
Մրցույթն այս տարի անցկացվելու է նոյեմբերի 16-ին՝ Իսպանայի մայրաքաղաք Մադրիդում՝ «Ծաղկենք» խորագրի ներքո:
Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ հայաստանյան մրցույթի փորձագիտական խմբում են եղել Իվետա Մուկուչյանը, Գարիկ Պապոյանը, ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, Մանկական Եվրատեսիլ 2021 եւ 2023-ի գործադիր պրոդյուսեր, FRANCE TV-ի ժամանցային նախագծերի ղեկավար Ալեքսանդրա Ռեդը, Անգլիայում անցկացված Եվրատեսիլ 2023-ի գործադիր պրոդյուսեր, BBC-ի պրոդյուսեր Լի Սմիթարսթը, Մանկական Եվրատեսիլ 2019 և 2020-ի գործադիր պրոդյուսեր Մարթա Պիկարսկան և Պորտուգալիայում անցկացված Եվրատեսիլ 2018-ի գործադիր պրոդյուսեր, պորտուգալական “Festival de Canção” երաժշտական փառատոնի պրոդյուսեր Կարլա Բուգալոն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: