×


Էրիկ․ «Պարտավորություն էի զգում՝ հանկարծ չհիասթափեցնեմ ծնողներիս»

Էրիկ Կարապետյանը հյուրընկալվել է «Բարի հայկական երեկո՝ Մոսկվայում» նոր նախագծին, շոուի ընթացքում կատարել իր սիրված երգերից մի քանիսը եւ անկեղծ պատասխանել հաղորդավար Տարոն Կոխլիկյանի հարցերին, որոնք վերաբերում են մասնագիտական ուղու դժվարություններին, Հայկոյի հետ աշխատանքին եւ ընկերությանը, հիթային երգերի ստեղծմանն ու տարածմանը, ընտանիքին ու նորածին դստերը։

Խոչընդոտները

Փոքր էի, երբ եկա Երեւան։ Ո՛չ ընկեր ունեի, ո՛չ ծանոթ։ Ու զրոյից սկսելով ամեն բան՝ ինձ ամուր է պահել հատկապես պարտավորությունը ծնողներիս առջեւ, որ հանկարծ չհիասթափեցնեմ նրանց։ Բայց դե, բոլորն էլ իրենց կյանքում խոչընդոտների միջով անցել են։ Դա էլ իմ ճանապարհն է եղել։ Հետո, բնականաբար, ձեռք բերեցի ընկերներ, հարազատներ: Իսկ երբ հազարավոր մարդիկ գալիս են քո համերգին, հասկանում ես՝ իզուր չէին այն դժվարությունները, որոնց միջով անցել ես։ Եվ դա առաջին հերթին հենց ծնողների հպարտությունն է։

Հարազատ մեծ եղբայրը

Անհնար է՝ Հայկոն հետք թողած չլինի նորմալ հայ երաժշտի կյանքում: Այն էլ այն մարդու կյանքում, որը, փոքր տարիքից սկսած, եղբոր պես հետը մեծացել է։ Հայկոյին ես համարում եմ իմ մեծ, հարազատ եղբայրը․ այդ մարդու հետ գիշեր-ցերեկներ եմ անցկացրել, ու անհնար է՝ ազդեցություն չունենար իմ ձեւավորման ճանապարհին։ Իսկ ցանկացած համեմատություն Հայկոյի հետ միայն պատիվ է ինձ համար։


Դստեր ծնունդը

Կյանքիս ամենաերջանիկ իրադարձությունը դստերս ծնունդն է։ Չեմ կարծում՝ կա ավելի կարեւոր բան, քան այդ հայտնությունը՝ մարդու ծնունդը։ Փառք Աստծո, հրաշալի ընտանիք ունեմ, հրաշալի կին եւ դուստր։

«Ոչ ավելի, ոչ պակաս» երգի տարբեր մեկնաբանությունների մասին

Մտքովս չէր էլ անցնում, որ այս երգն, օրինակ, Լոնդոնի մետրոյի անցումում կամ մի այլ տեղ տարբեր մարդիկ կերգեն։ Կարծում եմ՝ ցանկացած երգ պիտի երգեն բոլորը, ովքեր ցանկանում են։ Ուրիշ բան է, թե ես ինչպես կուզեի՝ դա հնչեր։ Երգը մշակել են տարբեր ռիթմերով, շատ տարբեր կատարումներ կան՝ ինձ հետ չհամաձայնեցնելով։ Դե, ինչեւէ։  Եթե նույնիսկ այդ կերպ է հասել ինչ-որ մեկի սրտին․․․ Հիմա ի՞նչ անես (ժպտում է,- հեղ․)։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW