×


Խավիեր Բարդեմը հայտնվել է Պենելոպե Կրուսի ֆոտոօբյեկտիվում

55-ամյա Խավիեր Բարդեմը հայտնվել է Gentleman's Journal-ի շապիկին, իսկ լուսանկարել է կինը՝ Պենելոպե Կրուսը: Հարցազրույցում դերասանը պատմել է Կրուսի հետ ծանոթության, ծնող լինելու եւ Netflix-ի՝ մեծ աղմուկ հանած «Հրեշները. Մենենդես եղբայրների պատմությունը» սերիալի մասին:

Բարդեմն ու Կրուսն ամուսնացել են 2010 թվականին, մինչդեռ ծանոթ են 1992-ից, երբ նկարահանվել են «Խոզապուխտ, խոզապուխտ» ֆիլմում:


«Նա 17 տարեկան էր, իսկ ես՝ 22 տարեկան: Պենելոպեի առաջին ֆիլմն էր, իսկ իմ՝ մեծ աշխատանքներից մեկը: Առաջին անգամ հանդիպել ենք հագուստները փորձելիս. նայեցինք իրար, երեւի թե ինչ-որ բան տեղի ունեցավ, որը հնարավոր չէ բացատրել: Այդ ժամանակ երկուսս էլ այլ կյանք, խնդիրներ ու նպատակներ ունեինք, բայց ամեն դեպքում մեր միջեւ էներգիա ու քիմիա կար, կարող էինք միմյանց վրա հույս դնել: Այդ զգացողությունը երկար ժամանակ պահպանվեց, թեեւ երկար տարիներ իրար չենք հանդիպել ու չենք խոսել»,- անկեղծացել է դերասանը:


Նրանք նորից են հանդիպել 2007-ին՝ Վուդի Ալենի «Վիկի Քրիստինա Բարսելոնա» ֆիլմի նկարահանումների ժամանակ, եւ հասկացել, որ զգացմունքները չեն մարել: Այդ ժամանակ երկուսն էլ միայնակ են եղել. «Մեզ միավորում էր նաեւ այն, որ իրար ճանաչում էինք մինչ հայտնի դառնալը: Կարեւոր է, երբ միմյանց իսկապես ճանաչում եք»:


Երկու երեխա ունեն, որդին՝ Լեոնարդոն, 13 տարեկան է, իսկ դուստրը՝ Լունան՝ 11 տարեկան: Որպեսզի երեխաների դաստիրակությամբ ճիշտ զբաղվի, Բարդեմը կարդում է հոգեբան Շեֆալի Ցաբարիի գրքերը. «Բոլորս էլ  գիտենք՝ որքան կարեւոր է մանկությունը: Պետք է հոգ տանենք մեր երեխաների մասին եւ ուշադիր լինենք, որպեսզի առողջ մեծանան»:

Խոստովանում է՝ կատարյալ չէ ու բազում թերություններ ունի, որոնք շտկել է պետք, սակայն որեւէ մեկին դաստիարակելն ամենակարեւոր առաքելությունն ու պատասխանատվությունն է համարում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW