×


Ինչպես է անցել «Բախտի տերը» կատակերգության պրեմիերան

Բախտի բերմա՞մբ, թե՞ մեր որոշումների արդյունքում է ձեւավորվում մեր կյանքը, իսկ որտե՞ղ է այդ երկու գործոնի հատման կետն ու ի՞նչ կտա մեզ ապագայի իմացությունը՝ նմանատիպ հարցերի պատասխանների հետքերով մեծ էկրան է բարձրացել «Բախտի տերը» կինոկատակերգությունը։ Պրեմիերան երեկ էր՝ «Մոսկվա» կինոթատրոնում:

Ֆիլմում երկու քրոջ պատմություն է, որոնք հանգամանքների բերումով պետք է փոխվեն իրենց տեղերով, իսկ հիմնական գործողություններն առաջ տանող գիծը ապագայի տեսելիքն ու միստիկական իրավիճակներն են։


Ցուցադրությունից հետո պրոդյուսեր Արման Միտոյանը նշեց, որ այս անգամ շատ ավելի անհանգիստ էր եւ սրտացավորեն է վերաբերվել աշխատանքին. «Իմ ընկերը՝ ռեժիսոր Գրիգ Վահրամյանը, առաջին անգամ էր գեղարվեստական ֆիլմ նկարահանում: Տեսնում էի ու զգում, թե որքան ջանք է գործադրում: Չէ՞ որ երբ ֆիլմը հաջողում է, համարում են՝ թիմային աշխատանք է, շնորհավորանքներ են ստանում բոլորը, իսկ երբ ֆիլմը վատն է, ասում են՝ ռեժիսորն է մեղավոր»:

Հեռավոր Մացառուտ գյուղի հայտնի պայծառատես Արուսը մահանում է՝ իր շնորհը փոխանցելով թոռնուհիներից մեկին։ Քույրերին մարմնավորող Արփի Գաբրիելյանն այս ֆիլմը դերասանի իր կարիերայում նոր սկիզբ է համարում:


«Հետաքրքիր, միեւնույն ժամանակ շատ բարդ փորձ էր. նորովի ինձ բացահայտեցի։ Միշտ այդպես է՝ եթե հետաքրքիր ու նոր բան ես ուզում անել, պետք է դժվարությունների միջով անցնես: Վախենում էի, իմ կարողությունների վրա այդքան վստահ չէի, որքան ստեղծագործական եւ պրոդյուսերական թիմը, եւ հուսով եմ՝ նրանց սպասելիքներն արդարացան: Նկարահանումների օրերին երբեմն պետք է արթնանայի առավոտյան ժամը 5-ին, քանի որ մի քանի անգամ հարկավոր էր գրիմ փոխել՝ Ժանետին եւ Անետին ստանալու համար։ Ինձ կրկնօրինակողը տաղանդավոր դերասանուհի եւ լավ մարդ Արուսիկ Գրիգորյանն է, որի հետ շատ հեշտ աշխատեցինք: Մաղթում եմ նրան լավագույն դերեր եւ այսօր ասում էի՝ «Արուս, ինձ հետ տանջվել ես, բայց դու չես երեւում»»,- պատմել է դերասանուհին:


Գրիգ Վահրամյանին «Բախտի տերը» ֆիլմը նկարահանելը վստահելու գաղափարը ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանն է: Նախորդ անգամ համագործակցել են «Տիկին նախարարը» նախագծի շրջանակում: Ռեժիսորը մեզ հետ զրույցում անկեղծացավ՝ լարված է, հանդիսատեսի արձագանքն է կարեւորում. «Առաջարկը փոքր-ինչ շոկային էր, իսկ նկարահանումների ընթացքն իմ ամենաերջանիկ օրերն էին։ Առաջին փակ դիտումից հետո գիշերը չկարողացա քնել՝ մտածելով, որ այն էներգետիկան եւ հումորը, որը կուզեի փոխանցել, պակաս է, բայց այսօր արձագանքներն այլ էին. ինձ համոզեցին՝ իզուր չէ արված աշխատանքը»։


Ֆիլմում նկարահանվել են Ստեփան Ղամբարյանը, Լեւոն Հարությունյանը, Սուրեն Թումասյանը, Մարինե Պետրոսյանը եւ ուրիշներ: «Գրիգն այն քիչ ռեժիսորներից է, որ կարողացավ նկարահանման հրապարակում ինձ զսպաշապիկ հագցնել: Այսօր մեզ իրոք պետք են ֆիլմեր, որոնցում կան բարություն ու սեր, որոնք հիմա չեն հերիքում»,- նշել է դերասան Լեւոն Հարությունյանը:


Գուշակություններ, զուգադիպություններ, սեր, վերափոխում եւ խորհրդավորություն, իսկ այս բոլորը ֆիլմի վերջում ամբողջացնում են պայմանական Սնուփ Դոգը եւ հայկական դհոլը։ «Sharm Pictures»-ի եւ «Mitoyan Production»-ի «Բախտի տերը» ֆիլմի սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը եւ Ռուբեն Ջաղինյանը, բեմադրող օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW