Սեւակ Խանաղյանը պատրաստվում է նոյեմբերի 16-ին Երեւանում կայանալիք համերգին: Նա BRAVO.am-ին պատմել է առաջիկա ելույթի, իր արմատների, որդիների նախասիրությունների ու Հայաստանում ամենասիրելի վայրի, «Արցախ» երգի ստեղծման պատմության ու այն հիմա չկատարելու պատճառների մասին:
- Սեւակ, այս անգամ Ձեզ հայրենիք է բերել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված համերգը:
- Այո: Այստեղ եմ «Չարթ Միքս Փրոջեքթ»-ի համերգին մասնակցելու համար: Ինձ հետ ելույթ են ունենալու Խչոն ու Գիո Պիկան: 3 արտիստի մասնակցությամբ մեծ շոու է սպասվում: Նման համերգների կազմակերպումը շատ ջանքեր եւ ուշադրություն են պահանջում, ինչով էլ հիմա զբաղված ենք: Կարծում եմ՝ մարդիկ կհավանեն. նրանք հաստատ կհիշեն այդ երեկոն, որն իսկապես յուրահատուկ է լինելու: Լավագույն նվերը հենց ապրումներն են, որոնք էլ պարգեւելու ենք: Կաշխատենք այնպես անել, որ համերգից հետո երջանիկ լինեն ու գոհ հեռանան:
- Ի՞նչն է Ձեզ էմոցիաներ տալիս, որոնք հետո բեմում փոխանցում եք հանդիսատեսին:
- Տարբեր իրավիճակներով ու երեւույթներով եմ ոգեշնչվում։ Բայց առաջին հերթին համերգներին եկող մարդիկ են ինձ հետ կիսվում իրենց էներգիայով, ու հենց դա էլ ոգեշնչում է եւ օգնում բեմ բարձրանալ:
- Խոսենք Ձեր արմատներից, որտեղի՞ց եք սերում Դուք ու Ձեր ընտանիքը:
- Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան գյուղից եմ, այնտեղ ապրել եմ 14 տարի, ապա ընտանիքով տեղափոխվել ենք Ռուսաստան: Պապիկիս հորից սկսած՝ ծնվել են Մեծավանում, իսկ արմատներով Վանից ենք, որտեղից էլ գաղթել են նախնիներս: Մեծավանից ամենադրական ու ջերմ հիշողություններն են մնացել, անչափ շնորհակալ եմ, որ հենց այնտեղ եմ մեծացել ու նման դաստիարակություն ստացել ծնողներիցս: Դա ինձ մինչ օրս օգնում է կայանալ որպես անհատ ու պահպանել իմ ստացած արժեքները:
Սեւակ Խանաղյանը
- Իսկ ինչպե՞ս է սկսվել Ձեր երաժշտական ուղին ու ի՞նչ նպատակներ էիք դրել Ձեր առաջ։
- Ամենասկզբից էլ սիրեցի երաժշտությունը, բայց դեռ փոքր էի, որ նպատակներ ունենամ (ծիծաղում է,-հեղ.), պարզապես այդ զբաղմունքը սրտովս էր եւ կարող էի ամբողջ օրը նվագել ու երգել: Հայրիկիցս, որը նույնպես երաժիշտ է, սինթեզատոր էի նվեր ստացել ու հիմնականում հայկական երգեր էի կատարում: Ապա ընդունվեցի երաժշտական դպրոց, հետո ելույթ էի ունենում հարսանիքների, ծննդյան տոների ու ավարտական միջոցառումների ժամանակ: Ամբողջ կյանքում եմ տարված եղել երաժշտությամբ ու որեւէ շրջանում դադար չեմ ունեցել՝ ամբողջ ժամանակս հատկացնելով սիրելի մասնագիտությանը: Չեմ էլ կարող պատկերացնել՝ ով կլինեի առանց երաժշտության:
- Ինչպե՞ս է այն փոխել Ձեզ ու ո՞ր որակների համար եք հատկապես պարտական երաժշտությանը:
- Անհատն է ներգործում մասնագիտության վրա. ինձ առաջին հերթին ձեւավորել են դաստիարակությունս, գտնվելուս վայրը, կրթությունը, շրջապատն ու ծնողներս: Այդ ամենի շնորհիվ եմ դարձել այն մարդը, որը երաժշտությամբ փորձում է փոխանցել իր հույզերը:
Սեւակ Խանաղյանը
- Ի՞նչ արժեքներով ենք մեծացել ու ի՞նչ դաստիարակություն ստացել, որ կարեւորում եք եւ փոխանցում Ձեր երեխաներին։
- Հնարավոր է՝ պարզ թվան, բայց սովորական ու մարդկային արժեքներն են՝ ազնիվ ու բարի լինել, հարգել մեծերին, սիրել ու միշտ առաջին տեղում դնել ընտանիքը, լավ օրինակ ծառայել փոքրերին։ Խորապես հավատում եմ, որ առաջին հայացքից մանրուքներ թվացող այդ արժեքներն են քեզ լավ մարդ դարձնում: Համարում եմ, որ լավագույն դաստիարակությունը սեփական օրինակով է լինում, ինչպես ուզում եմ՝ երեխաներս իրենց պահեն, այդպես էլ ես եմ վարվում։
- Որքա՞ն ժամանակ եք հետներն անցկացնում ու միասին սիրելի ի՞նչ զբաղմունքներ ունեք:
- Սիրում ենք միասին ճանապարհորդել, հաճախ ենք տարբեր երկրներ մեկնում, բայց առավել հաճախ գալիս ենք Հայաստան։ Հանգստանում ենք, ֆիլմեր դիտում, տանը խենթություններ անում եւ խաղում։ Ավագ որդիս՝ Բագրատը, 12 տարեկան է ու ֆուտբոլով է տարված: Դավիթը 5 տարեկան է, դեռ փոքր է եւ ուզում է ամեն ինչով զբաղվել՝ միաժամանակ ոչնչով չզբաղվելով. չարաճճի տղա է (ծիծաղում է,- հեղ.):
- Ինչպե՞ս եք գնահատում Բագրատի հաջողություններն ու համարո՞ւմ եք, որ լավ ֆուտբոլիստ կդառնա:
- Եթե ցանկանա, միանշանակ կդառնա, որովհետեւ տաղանդ ունի, բայց ամեն ինչ իրենից է կախված, իսկ ես կօգնեմ, ինչով կկարողանամ: Հանդիպումներին մի քանի անգամ եմ ներկա եղել. ցավոք, դրանք հիմնականում համընկնում են համերգներիս հետ, ու Մոսկվայում չեմ լինում: Ես էլ եմ երիտասարդ տարիքում սպորտով զբաղվել, չնայած՝ այնպես չէ, որ հիմա ծեր եմ (ծիծաղում է,-հեղ.): Բոլորն ասում էին, որ կարող եմ լավ մազրիկ դառնալ ու հաջողություններ գրանցել: Մենապայքարային ձեւերով էի տարված, հեշտ էր տրվում, բայց առաջնահերթությունը երաժշտությանը տվեցի: Իսկ հիմա հիմնականում ինձ ստիպելով եմ գնում մարզադահլիճ, քանի որ դա կարեւոր է առողջության ու ինքնազգացողության համար։
- Որո՞նք են Հայաստանում Ձեր սիրելի վայրերը, որտեղ հանգստանում եք ու կտրվում առօրյայից:
- Արդեն 4 տարի է՝ ամռանը գնում եմ Տավուշի մարզ, որտեղ անչափ գեղեցիկ Դիմաց լեռն է, Լաստիվերը՝ ջրվեժով ու ծառերի վրա ամրացված տնակներով: Ինձ համար հիանալի վայրեր են, որտեղ աշխարհից կտրվում եմ, լիցքավորվում եւ միշտ ուզում վերադառնալ։ Հիմնականում Դիմաց մեքենայով եմ բարձրանում, չնայած՝ կուզեի լեռը հաղթահարել ու գագաթին վրանում մնալ: Միշտ եմ ասում, որ հինգ աստղանի հյուրանոցի ու թանկարժեք մեքենաների փոխարեն կընտրեմ սարերն ու ջրվեժները: Բնության, ջունգլիների, սարերի ու ձերերի մեծ սիրահար եմ, ծովափնյա հանգստից շուտ եմ հոգնում:
- Վերադառնանք երաժշտությանը՝ X Factor-ից մինչեւ «Եվրատեսիլ» տարբեր մրցույթների մասնակցելու մեծ փորձ ունեք: Ի՞նչ են դրանք տալիս կատարողին ու ինչպե՞ս օգնում կայանալ:
- Այո, նման մեղքեր գործել եմ (ծիծաղում է,-հեղ.)։ Առաջին հերթին փորձ են տալիս, պողպատի պես կոփվում ես ու ավելի ամուր դառնում: Հուզական իրավիճակներում ես հայտնվում եւ սովորում քեզ տիրապետել: Այդ դիմացկունության շնորհիվ բեմում անսպասելի իրավիճակների դեպքում չես շփոթվում, սկսում ես կատակել, կամ էլ մարդկանց հետ ես զրուցում: Մեծ տարիքում եմ սկսել մասնակցել մրցույթների ու հստակ գիտեի՝ ինչի համար եմ դա անում՝ ՓիԱրի: Դրանք մեծ ճանաչում են տալիս եւ օգնում լսարան ձեռք բերել, որի համար էլ հետագայում գրում ես քո երաժշտությունը:
- Ուսումնասիրե՞լ եք, թե ովքեր են գալիս համերգներին:
- Շատ տարբեր են. երեխաներ կան, տարեց ունկնդիրներ էլ ունեմ, բայց հիմնական մասը 24-ից 35 տարեկանի միջակայքում են։ Աչքով չտամ, բայց նկատել եմ, որ հաճելի մարդիկ են. երբեք իրենց անկիրթ չեն պահել կամ որեւէ բան ջարդել, կռվել ու գոռացել:
- Ինչպե՞ս եք հասանում, որ այդ օրվա համերգը լավն էր ու ինչ-որ բան տվեց Ձեզ։
- Անբացատրելի կապ ես զգում: Նման համերգներին ամեն ինչ հեշտ է ստացվում: Չեմ հիշում այնպիսի համերգ, որից հետո տրամադրությունս ընկած լինի. միշտ բեմից լիքն եմ հեռանում:
- Իսկ համերգներից հետո հոգնածություն չե՞ք զգում ու ի՞նչ եք անում վերականգնվելու համար:
- Ամենալավ դեղն ինձ համար քունն է ու լռության մեջ լինելը: Համերգներից հետո նախընտրում եմ հանգիստ վայրերում լինել, անգամ երբ գնում ենք հաց ուտելու, խնդրում եմ աղմկոտ տեղեր չընտրել:
- Ունե՞ք այնպիսի երգ, որն առանձնահատուկ է նշանակության, ստեղծման պատմության առումով:
- Ամենաշատը հպարտանում եմ այն երգերով, որոնք հայրենիքի եւ լուրջ այլ թեմաներով են: Շատ եմ սիրում ու ինձ համար յուրահատուկ են «Հայրենիք», «Արցախ», «Վերադարձիր տուն» երգերը. նման գործեր ամեն օր չեն ստեղծվում: «Սպասիր ինձ այնտեղ»-ն է ինձ հայտնի դարձրել ու մեծ դահլիճներ է լցնում: Շատ դեպքերում հենց այդ երգը լսելու համար են գալիս ու ծայրից ծայր հետս կատարում. անբացատրելի զգացողություններ եմ ունենում:
- «Արցախ» երգին առանձին անդրադառնանք: Հիմա այն լսելը շատ ցավոտ է ու ծանր հիշողություններ է առաջացնում, ինքներդ ինչպե՞ս եք կարողանում կատարել այն:
- Ես էլ չեմ կարողանում լսել ու նաեւ չեմ կատարում: Գուցե անհրաժեշտությունը կա, բայց դեռ շատ ցավոտ է: Իմացել էի Արցախի կորստի մասին, եւ կինս հուզված հետաքրքրվում էր՝ ինչ է կատարվել: Չէի կարողանում խոսել, բայց դեմքիս ամեն ինչ գրված էր: Ծանր հարված էր: Առաջ այն ինձ հույս եւ ուժ էր տալիս, իսկ հիմա ցավ է պատճառում: Տա Աստված, որ այդ երգը նորից հույս ու հավատ սփռի:
- Իսկ ինչպե՞ս է ստեղծվել այդ ստեղծագործությունը:
- Շատ տաղանդավոր մի աղջիկ կար՝ Սոսի Խանիկյանը, որը, ցավոք, ավտովթարից մահացել է: Ես եմ խնդրել նրան այդ թեմայով երգ գրել ու պատմել եմ, թե ինչպիսին կուզեմ այն լինի: Բառացի նշել եմ. «Սոսի ջան, համաձայն չեմ, որ մեզ ամբողջ կյանքում կոտորել են, իսկ մենք՝ արտասվել: Գրիր այլ կերպ, որ բնավ էլ այդպիսին չենք, կոտրված չենք ու չենք արտասվում, կանգուն ենք, հպարտ, վճռական եւ գլուխներս բարձր»: Ու երբ տեքստն ուղարկեց, մեկ բառ անգամ չեմ փոխել. ամեն ինչ հավանել եմ: Ամեն նախադասությունն ու միտքը հրաշալի են: Երգի ուղերձն այն է, որ հույս միշտ կա, պետք է պայքարել:
- Հայաստանի մասին այլ երգեր նախատեսո՞ւմ եք առաջիկայում կատարել:
- Նման երգ ունեմ, որը գրվել է դեռ 6 տարի առաջ ու սպասում է իր ժամանակին: «Արցախն» էլ, ի դեպ, գրվել էր շատ շուտ, բայց որոշեցի թողարկել 2020-ին, որովհետեւ կարող էր այդ պահին ինչ-որ մեկին օգնել: Ունեմ նաեւ Պարույր Սեւակի «Միշտ հին ու նոր, իմ Հայաստան» բանաստեղծության հիման վրա գրված երգ, եւս մեկ կատարում էլ զինվորական թեմայով է: Այդպիսի լուրջ երգերին այլ մոտեցում եմ ցուցաբերում. պետք է զգամ, որ դրանք ներկայացնելու ճիշտ պահն է:
- Եվ զրույցն ավարտենք Ձեր երգի խոսքերով, որտե՞ղ Ձեզ սպասենք:
- Դե, նախ սպասեք նոյեմբերի 16-ի համերգին (ծիծաղում է,-հեղ.): Իսկ առհասարակ, սպասեք Երեւանում. սիրում եմ քայլել փողոցներում, ու ամենուր էլ ինձ կարող եք հանդիպել:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: