×


«Չէինք կարողանում հաշտվել այլազգի փեսա ունենալու մտքի հետ»․ Սաթենիկ Հախնազարյան

Դերասաններ Արթուր Կարապետյանը եւ Սաթիկ Հախնազարյանը հյուրընկալվել են Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM ՍԷՐ» հաղորդաշարին եւ անկեղծ խոսել ընտանեկան կյանքի, դժվարին օրերի, դստեր՝ իսպանացու հետ ամուսնանալու եւ արտերկրում ապրելու մասին, թոռնիկ ունենալու երջանկության, կարոտի, ինչպես նաեւ մասնագիտության ներկայիս մարտահրավերների մասին։

Ամուր եւ ներդաշնակ ընտանիք ունենալու բանաձեւը

Արթուր. Այս 36 տարիների ընթացքում համախմբվել ենք այն արժեքավորի շուրջ, որը մեզ համար թանկ է: Իհարկե, հիմքում սերն է․ առանց սիրո չի լինի։ Սիրո ամենամեծ թշնամին հիմնականում կենցաղային խնդիրներն են։ Մեր դեպքում նաեւ ժամանակաշրջանն էր շատ դաժան։ Ամուսնացանք, եւ կյանքը փոխվեց, ամեն ինչ փոխվեց․ 90-ականներն էին։ Անգամ հացի գումար հնարավոր չէր վաստակել, իսկ մենք նորաստեղծ ընտանիք էինք, մեր զավակը նոր էր ծնվել, մեզ համար շատ դժվար էր ապրել։ Եթե այդ ժամանակներում կարողացանք պահպանել մեր ընտանիքը, հիմա, երբ կենցաղային խնդիրներ լուծելն ավելի դյուրին է դարձել, հաստատ ելքեր գտնելն ու երկխոսելն ավելի պարզ է։

Սաթենիկ. Ընտանիքը ծառի նման է, բույսի, երեխայի... Անվերջ պիտի խնամես ու փայփայես, անվերջ պիտի հոգ տանես։ Եթե հոգ չտանես, կչորանա, մոլախոտ կբուսնի, խանգարող հանգամանքները շատ կլինեն։ Անդադար աշխատանք մինչեւ այսօր՝ սա է բանաձեւը։

Իսպանացի փեսան եւ արտերկրում ապրող թոռնիկը

Սաթենիկ. Այո, իհարկե, մենք տեսել ենք մեր թոռնիկին։ Փառք Աստծո, իրենք էլ են եկել, մենք էլ ենք գնացել ու երկար մնացել։ Բայց կուզեինք անվերջ, անընդհատ տեսնել (ժպտում է,- հեղ․)։ Մեր փեսան իսպանացի է։ Արթուրը տարբեր առիթներով միշտ ասում էր՝ բացառվում է այդպիսի բան։ Ես էլ խնդրում էի. «Երբեք մի ասա երբեք, որովհետեւ միշտ իմ կյանքում կատարվել է «երբեքը»»։ Այդպես էլ եղավ, եւ մեզ համար շատ դժվար էր։ Երբ տղայի ծնողներն Իսպանիայից եկան ծանոթանալու, անկեղծ ասացի. «Ինձ համար շատ դժվար է: Չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իմ աղջիկն օտարազգի տղայի հետ պիտի ամուսնանա»։ Նրա մայրն ինձ հարցրեց. «Դուք ձեր զավակի համար ի՞նչ եք ուզում», պատասխանեցի. «Անշուշտ, երջանկություն եմ ուզում, որ գնահատված լինի, ուզում եմ, որ կողքին արժանավոր տղամարդ լինի»։ Ասաց, որ ունի երկու զավակ եւ նրանց համար նույնն է ցանկանում:

Արթուր. Փորձել ենք մեր երեխային ինքնուրույն մարդ դաստիարակել: Երբեք չեմ ստուգել օրագիրը, թե ինչ գնահատական է ստացել։ Միայն մի բան եմ ասել՝ «Ինչ կստանաս, դու ես, քո մասին է»։ Նաեւ ես ու Սաթիկը որեւէ հարցում նրան չենք կաշկանդել, անգամ մասնագիտական ընտրության։ Թողել ենք, որ ազատ մեծանա, գտնի՝ որն է իր համար ճիշտ։ Այդպես էր նաեւ իր կյանքի ընկերոջ հանդիպման պահը։ Փառք Աստծո, հրաշալի ամուսին ունի, մենք վստահում ենք նրան, ու այդ վստահությունը նրան ուժ է տալիս։

Սերիալներում չնկարահանվելու մասին

Սաթենիկ. Միշտ ասում էինք՝ տնից մեկը պիտի «փչանա»։ Որոշեցինք, որ Արթուրը «փչանա» (ժպտում է,- հեղ)։ Գիտեմ, որ իմ գործընկերներից շատերը հաճախ համաձայնում են, որովհետեւ դա ճանաչելիություն է բերում, ֆինանսական ապահովություն։ Առաջարկներ եղել են, բայց միշտ, երբ կարդում էի սցենարը, հասկանում էի՝ այնտեղ չեմ կարող տեղավորվել, հրաժարվում էի:

Արթուր. Իսկապես տանել չեմ կարողանում այն գռեհկությունը, որ կա եթերում։ Դա շատ վտանգավոր է, մշակութային մակարդակը շատ է իջել, մենք կարիք ունենք ժողովրդին որակյալը տալու, գեղեցիկը, հույսն ու լույսը տալու։ Ավելի լավ է՝ թողնեմ իմ մասնագիտությունը եւ արհեստավոր դառնամ կամ բանվոր․ փառք Աստծո՝ ձեռքի շնորհ ունեմ, քան թե փոխզիջման գամ ներկայիս հեռուստաարտադրանքի հետ, որովհետեւ դա կործանարար է։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW