Կար ժամանակ, երբ Մոնիկա Բելուչին երազում էր փաստաբան դառնալու մասին ու Պերուջայի համալսարանում ուսման վարձը վճարելու նպատակով մատուցողուհի էր աշխատում: Սակայն նրա բնատուր գեղեցկությունը փոխեց բոլոր պլանները, երբ նորաձեւության փոքրիկ գործակալություններից մեկի աշխատակիցը նկատեց նրան ու օգնեց համաշխարհային աստղ դառնալ:
Տարիքը
60 տարեկան եմ: Ծերացել եմ՝ ոչ մեկից թույլտվություն չհարցնելով եւ բուռն վեճեր առաջացնելով ծերության դեմ պայքարող առաջամարտիկների շրջանում: Գեղեցիկ մարմնով ու դեմքով համարձակվել եմ անցնել կարմիր գորգով՝ չթաքցնելով բոլոր կնճիռներս, աչքերով, որոնք մատնում են տարիքս, ու ավելորդ քաշով: Եղել եմ այն ամենով, ինչ ինձ բնությունն է տվել՝ առանց վարանելու ու բնավ չհետաքրքրվելով հավերժ երիտասարդ մնալու ջատագովների կարծիքներով: Ու դա հրաշալի է, որովհետեւ ի վերջո որեւէ մեկը պետք է ասի աշխարհին, որ ծերանալն ամոթալի չէ:
Ոչ մի գնով չէի ցանկանա նորից 20 տարեկան լինել: Հիմա ավելի երջանիկ եմ, քան առաջ: Երիտասարդ տարիքում դեռ նոր ենք ճանաչում ինքներս մեզ, փորձում հասկանալ՝ ով ենք ցանկանում լինել, տառապում ենք անվստահությունից: Հիմա հստակ գիտեմ՝ ինձ ինչ է պետք, իսկ առանց ինչի կարող եմ ապրել: Առաջին երեխայիս ունեցել եմ 40 տարեկանում, երկրորդին՝ 45-ում, 50-ում նկարահանվել եմ «Բոնդիանա»-ում ու երբեք էլ չեմ ցանկացել երիտասարդ լինել: Պատանի տարիքում, ինչպես ֆրանսիացիներն են ասում, սատանայական գեղեցկություն ունես, որը չես հասկանում: Երբ 50 ես, քո ներսում այլ գեղեցկություն է ծնվում, որն ուժ է տալիս: Այն որեւէ կապ չունի արտաքին գեղեցկության հետ:
Ինձ համար ծերանալ նշանակում է ավելի լավը դառնալ: Ի՞նչ եմ անելու, երբ ծերանամ ու սեփական պատկերս էլ հայելու մեջ ինձ չուրախացնի: Նույնը, ինչ մայրս է անում՝ նայելու եմ երեխաներիս:
Կանացիությունը
Այնտեղ, որտեղ ես ծնվել ու մեծացել եմ, գաղտնիություն ընդհանրապես չկար: Բոլորը բոլորին գիտեին ու ամեն ինչ տեսնում էին. իմ 2-ները տուն էին հասնում ինձնից շուտ: Իսկ երբ տուն էի մտնում, մայրս արդեն լիովին պատրաստ էր արածս գնահատելու:
Բարքերն էլ հասարակ էին՝ տղամարդիկ սուլում էին իմ հետեւից, իսկ կանայք՝ բամբասում: Պատանի տարիքում երազում էի լինել այնպիսին, ինչպիսին Հելմուտ Նյուտոնի, Բրյուս Վեբերի ու Ռիչարդ Ավեդոնի լուսանկարների աղջիկներն էին, բայց երբեք էլ մոդելի մարմին չեմ ունեցել, հասակս էլ կարճ էր այդ ոլորտում աշխատելու համար: Երբեք չեմ ձգտել հետեւել նորաձեւության աշխարհի թելադրած կանոններին: Չկա նման օրենք, որ բոլորը պարտավոր են նույն դեմքով լինել:
Կանացիությունն առաջին հերթին ներդաշնակությունն է, բնականությունն ու զգացմունքայնությունը: Միանգամից բոլորը պատկերացնում են շքեղ իտալուհիներ Սոֆի Լորենին ու Ջինա Լոլոբրիջիդային: Սակայն իրական կանացիությունը շատ դեմքեր ունի: Ինձ համար անսահման կանացի են նաեւ Շարլոտա Ռեմփլինգը, որը բոլորովին այլ տեսակի կին է, ու Ջեյն Բիրկինը:
Կանացիությունը ոչ մի դեպքում արտաքինի մասին չէ, այն քո հոգեվիճակն է, ինքդ քեզ հետ հարաբերություններն ու քո շուրջ եղած մարդիկ: Ու իմ կարծիքով՝ նաեւ ինտելեկտի հարց է:
Գիտեմ, որ ինձ չի կարելի հացամթերք ու պաստա, բայց ի՞նչ անել, տանել չեմ կարողանում արգելքներ: Երբեմն մի կտոր հաճույքը պարտադիր է, այնպես չէ՞: Դա նաեւ վնասակար է, բայց ավելի վնասակար է ինքդ քեզ ամեն ինչից զրկելը: Մարզադահլիճ գնալու փոխարեն ես սեւ գույնի հագուստ եմ ընտրում, ինչն ավելի պրակտիկ ու հաճելի է:
Գեղեցկությունը
Գեղեցկությունը կանանց համար միայն երկու դեպքում է խնդրի վերածվում՝ երբ այն չկա եւ չկա ոչինչ՝ գեղեցկությունից բացի: Ամենակարեւորն այն է, թե ինչպիսի մարդ ես: Լրատվամիջոցները կարող են քեզնից դեմք դարձնել, բայց այդ դեմքը պետք է անհատականություն լինի: Իմ գեղեցկության պատճառով շատերը համարում են, որ հիմար եմ: Սակայն իրականում դա ընդամենը դիմակ է, որով ես թաքնվում եմ, երբ իրավիճակն է այդպես պահանջում: Գեղեցկությունն իսկապես ուժ է, եթե դրանից կարողանում ես օգտվել: Նույնն է, թե Ֆերրարի ունենաս ու չկարողանաս այն վարել:
Եթե կարմիր գույնն եք ընտրում, պատրաստ եք, որ նկատելի կդառնաք: Եթե կարմիր շրթներկով եք, գիտեք, որ ձեզ վրա նայելու են: Բայց կարմիրն առաջին հերթին արտահայտում է ձեզ, այլ ոչ թե անպայման սեքսուալ ուղերձ է պարունակում: Երբեք նիհար չեմ լինելու, քանի որ շատ ծույլ եմ: Սիրում եմ ուտել, այդպես իրական եմ:
Գեղեցկությունը ոգեշնչում է պոետներին, սակայն վախեցնում սովորական մարդկանց: Գեղեցկությունը հետաքրքրասիրություն եւ զայրույթ է առաջացնում, մարդկանց ագրեսիվ դարձնում: Երբ գեղեցիկ կինը մտնում է որեւէ տարածք, տղամարդկանց մեծամասնությունը ցանկանում են նրան, իսկ կանայք՝ զայրանում այդ պատճառով:
Գեղեցկությունն առանց թերության ձանձրալի է թվում: Այն հոգնեցնում է 5 րոպե անց: Հետաքրքիր լինելու համար այլ բան էլ է պետք: Իսկական գեղեցկությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդը դադարում է կատարյալ լինել:
20 տարեկանում գեղեցիկ լինելը բնական է, իսկ երբ գեղեցիկ ես 35-ում կամ 40-ում, դա սեփական աշխատանքի ու ներքին երջանկության արդյունք է: Դու գեղեցիկ ես, երբ ինքդ ես քեզ այդպիսին համարում: Բնավ էլ կարեւոր չէ՝ մյուսներն ինչ են մտածում:
Սերն ու տղամարդիկ
Սերն ապրում է միայն այն ժամանակ, երբ կա փոխադարձ հարգանք ու ազատություն: Ոչ մեկն էլ մեզ չի պատկանում՝ ո՛չ ամուսինները, ո՛չ էլ երեխաները: Կարող ենք միայն կիսվել այն մարդկանց հետ, որոնց սիրում ենք:
Կինը կարող է սիրել այնպես, ասես երբեք չի հեռանալու, ու հեռանալ այնպես, ասես երբեք էլ չի սիրել:
Կյանքն արվեստի տեսանկյունից անսահման գրավիչ է: Մնում է հասկանալ, թե ինչու են տղամարդիկ, որոնք այդքան գեղեցիկ են խոսում սիրո մասին, այդքան զզվելի են վարվում կանանց հետ իրական կյանքում:
Տղամարդկանց համար սերը կյանքի մի մասն է, իսկ կանանց համար սերը կյանքն է:
Ներդաշնակությունը
Ինքս ինձ հետ միայնակ լավ ու հարմարավետ եմ զգում ոչ այն պատճառով, որ գեղեցիկ եմ: Գիտեմ շատ գեղեցիկ մարդկանց, որոնց կյանքն անտանելի է: Ու նրանք շատ վատ են զգում միայնակ: Երջանիկ եմ, քանի որ ինքս իմ նկատմամբ մեծ սեր եմ զգում եւ մեծ ընտանիք ունեմ:
Պետք է խոհեմ ու մեղմ լինել: Ի վերջո, մենք խենթեր ենք, որոնք փորձում են հավասարակշռություն պահպանել պտտվող երկրագնդի վրա, որն ինքն էլ շարժվում է մեծ արագությամբ ու ճանապարհորդում տիեզերքում: Ո՞վ կարող է նման պայմաններում կատարյալ լինել:
Արժեքները
Ինձ համար կարեւոր արժեքն ազատությունն է: Նաեւ պետք է կարողանալ պատասխանատվություն կրել որոշումներիդ համար: Հիմարություն է, գեղեցիկ ու երիտասարդ լինելով, դառնալ հարստության գերի՝ անվերջ վատնելով կյանքդ: Գեղեցկությունը պետք է մեզ օգնի ներդաշնակություն ձեռք բերել, սեր ու իմաստ տալ այս խելահեղ աշխարհին:
Պետք չէ ատել մեզ նախանձող մարդկանց, չէ՞ որ նրանք ընդունում են, որ մենք լավագույնն ենք: Երբեք պետք չէ գլխով հարվածել պատին: Այն, ինչ պետք է քոնը լինի, միեւնույն է՝ գալու է, իսկ մնացածի կարիքը պարզապես չունեք:
Դիմահարդարումը պաշտպանության միջոցներից է, առանց դրա շատ կանայք իրենց խոցելի են զգում: Շպարը կարող է որոշակի իմաստով տարածություն ստեղծել մեր ու մարդկանց միջեւ: Դիմահարդարումը փոխում է ոչ միայն դեմքը, այլ նաեւ՝ անհատականությունը:
Շատ ուրախ եմ, որ վաղ տարիքում եմ անկախ դարձել ու չգիտեմ էլ՝ ինչ է նշանակում ուրիշից կախում ունենալ եւ տղամարդուց որեւէ բան խնդրել: Ինձ համար կարեւոր է հույսս միայն ինձ վրա դնելը: Կախյալ կինն իտալերեն mantenuta է, ինչը բառացիորեն նշանակում է «նա, որին պահում են բռի մեջ»: Իսկ ես չեմ ցանկանում, որ որեւէ մեկն ինձ իր բռի մեջ պահի:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: