Ծննդյան տարեդարձի նախաշեմին կյանքից հեռացել է Դեյվիդ Լինչը: Անվանի ռեժիսորը հունվարի 20-ին կդառնար 79 տարեկան:
Լինչի մահվան մասին հայտնեցին ընտանիքի անդամները. «Հիմա, երբ նա այլեւս մեզ հետ չէ, աշխարհում մեծ դատարկություն առաջացավ: Բայց ինչպես ինքը կասեր. «Նայեք փքաբլիթին, ոչ թե անցքին»:
Նախորդ տարվա օգոստոսին Լինչը հայտնել էր, որ շատ ծխելու արդյունքում թոքերի էմֆիզեմա ունի ու թթվածնի պակասի պատճառով այլեւս չի կարողանում տնից դուրս գալ եւ երկար քայլել:
Ռեժիսորի հիշատակին հավաքել ենք նրա կյանքի ու ֆիլմերի մասին ուշագրավ մի քանի փաստ:
Նկարիչ դառնալու երազանքը
Փոքր տարիքում Լինչը պաշտում էր նկարչությունը, հատկապես պատկերում էր ատրճանակներ եւ ինքնաթիռներ: 9-րդ դասարանում հասկացել է, որ ցանկանում է նկարիչ դառնալ ու ամբողջությամբ տրվել է այդ մասնագիտությանը: 1963 թվականին ընդունվել է Վաշինգտոնի Կորկորանի արվեստի եւ դիզայնի դպրոց: Մեկ տարի անց Լինչը տեղափոխվել է Բոստոնի գեղարվեստի թանգարանի դպրոց, բայց թողել է ուսումն ու Եվրոպա շրջագայության մեկնել: Նրա նպատակն էր դառնալ հայտնի նկարիչ Օսկար Կոկոշկայի աշակերտը։ Չհաջողելուց 2 շաբաթ անց վերադարձել է հայրենիք եւ ընդունվել Ֆիլադելֆիայի գեղարվեստի ակադեմիա։ Լինչը սկսել է ֆիլմեր նկարել, քանի որ ցանկանում էր իր նկարները շարժվեն:
Միստիկան եւ անսովոր հետաքրքրությունները
Վաղ տարիքից նրան հետաքրքրել են խորհրդապաշտական երեւույթները: Կարող էր ժամերով դիտել անկած կենդանիների մարմինները, իսկ մեծ տարիքում գնում էր դիահերձարան ու հետեւում պաթոլոգների աշխատանքին:
Առաջին ֆիլմը
Իր առաջին ֆիլմը՝ կարճամետրաժ «Այբուբենը», նկարել է 1967-ին: Այդ անսովոր ու սյուրռեալիստական աշխատանքի ստեղծման համար նրան ոգեշնչել է կնոջ՝ Փեգի Լինչի պատմած երազը: Նրա զարմուհին սարսափելի երազ է տեսել, որն էլ ռեժիսորն էկրանավորել է, իսկ աղջնակը մարմնավորել է կերպարներից մեկին:
«Դիկ Լորենը մահացել է»
«Ոչ մի տեղ չտանող խճուղին» հոգեբանական թրիլլերը (1997 թ.) սկսվում է զանգով, եւ ինչ-որ մեկը հայտնում է, որ ոմն Դիկ Լորենը մահացել է։ Այս սյուժետային շրջադարձը ռեժիսորը նախապես չէր մտածել: Լինչը պատմել է, որ մի առավոտ իսկապես արթնացել է զանգից եւ լսել տղամարդու ձայն. «Դեյվ»,- կանչել է տղամարդը: «Այո՞»,- արձագանքել է նա եւ ստացել այսպիսի պատասխան. «Դիկ Լորենը մահացել է»։ «Հարցրի՝ ի՞նչ։ Բայց այլեւս արձագանք չստացա: Եվ ես գաղափար չունեի, թե ով է Դիկ Լորենը, միայն գիտեի, որ նա մահացած է»,- հիշել է Լինչը:
Թագուհին
Մի անգամ Փոլ ՄաքՔարթնին Լինչին պատմել է, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը սիրալիր կերպով հրաժարվել է երեկոյան լսել իր կենդանի կատարումը, քանի որ պետք է դիտեր ռեժիսորի «Թվին Փիքս» հեռուստասերիալի հերթական սերիան:
Այլ փաստեր
Դեյվիդ Լինչը սուրճի մեծ սիրահար էր, եւ բնավ էլ զարմանալի չէ, որ ստեղծել է սեփական ապրանքանիշը:
Նա չէր սիրում հրապարակային ելույթներ ու կինոթատրոն հաճախել:
2000-ականներից հայտնի է որպես տրանսցենդենտալ մեդիտացիայի քարոզիչ: Նրա կարծիքով՝ այս մեդիտացիան մեծացնում է ստեղծարարությունը եւ նպաստում կյանքի ավելի խոր ըմբռնմանը, ինչի մասին գրել է իր «Մեծ ձուկ որսալ» գրքում:
Նկարահանել է երաժշտական հոլովակներ եւ գովազդ այնպիս ապրանքանիշների համար, ինչպիսիք են Dior-ը, Calvin Klein-ը, Giorgio Armani-ն, Yves Saint Laurent-ը, Adidas-ը:
«Բոլոր ժամանակների ամերիկյան 10 լավագույն ֆիլմերն՝ ըստ 10 ժանրի» ցանկում նրա «Կապույտ թավիշ» ֆիլմն 8-րդն է դետեկտիվ ֆիլմերի ցանկում:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: