Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար 2025»-ի հավակնորդների ցանկը: Հաղթողների անունները հայտնի կդառնան մարտի 3-ին Լոս Անջելեսում կայանալիք 97-րդ արարողության ժամանակ:
Այս տարվա ֆավորիտներից է «Էմիլիա Պերես» ֆիլմը, որն առաջադրված է ամենաշատ՝ 13 անվանակարգում: Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա»-ն բաղձալի արձանիկին հավակնում է 6 անվանակարգում:
Կատակերգական դրաման կպայքարի «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» (Շոն Բեյքեր), «Լավագույն օրիգինալ սցենար» (Շոն Բեյքեր), «Լավագույն դերասանուհի» (Մայքի Մեդիսոն), «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Յուրա Բորիսով) եւ «Լավագույն մոնտաժ» (Շոն Բեյքեր) անվանակարգերում:
«Լավագույն ֆիլմ» տիտղոսի համար կպայքարեն նաեւ «Բրուտալիստը», «Բոբ Դիլան. բոլորին անհայտը», «Կոնկլավ», «Դյունա. մաս երկրորդ», «Էմիլիա Պերես», «Նիկելե տղաները», «Սուբստանցիա», «Չարը. Արեւմուտքի վհուկի հեքիաթը» կինոնկարները:
Էդրիեն Բրոուդին («Բրուտալիստ»), Թիմոթի Շալամեն («Բոբ Դիլան. բոլորին անհայտը»), Քոլմեն Դոմինգոն («Սինգ-Սինգ»), Ռեյֆ Ֆայնսը («Կոնկլավ»), Սեբաստիան Սթենը («Աշակերտ. Թրամփի վերելքը») ներկայացված են «Լավագույն դերասան» անվանակարգում:
«Լավագույն դերասանուհի» կարող են դառնալ Սինթիա Էրիվոն («Չարը. Արեւմուտքի վհուկի հեքիաթը»), Կարլա Գասկոնը («Էմիլիա Պերես»), Մայքի Մեդիոսոնը («Անորա»), Դեմի Մուրը («Սուբստանցիա»), Ֆեռնանդա Տոռեսը («Ես դեռ այստեղ եմ»):
«Լավագույն ռեժիսոր»-ի թեկնածուներն են Շոն Բեյքերը («Անորա»), Բրեդի Քորբեթը («Բրուտալիստը»), Ջեյմս Մենգոլդը («Բոբ Դիլան. բոլորին անհայտը»), Ժակ Օդիարը («Էմիլիա Պերես») եւ Կորալի Ֆարժան («Սուբստանցիա»):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: